• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սիրո 8-րդ հառաչը

                                             Սիրո 8-րդ հառաչը
                    (մեթոդական նամակ ինքս ինձ)

                                  Սիրո ուժը
-    Ես քեզ սիրում եմ, - ասաց վարդն ավանակին, ու նա գեղգեղաց սոխակի նման, և նույնիսկ ականջները փոքրացան:
-    Իսկ ես ավելի ուժեղ եմ, - ասաց երկրորդ եսս, դուրս եկավ շենքից, ձնաքարով հարվածեց սիրելի աշակերտի աչքատակին, համագործակցող հայացքը մխրճեց տխուր ժպտացող, միայնակ դեռահասի հոգու մեջ և գնաց իր ճանապարհով:

                          Սիրո թուլությունը
Բրուտոսը դաշունահարեց Կեսարին ու մրմնջաց. «Գաղափարն ավելի ուժեղ է»: «Իսկ ես ավելի ուժեղ եմ». ասաց երկրորդ եսս, դուրս եկավ շենքից, միտքը հանդիպեցրեց տխուր ժպտացող, միայնակ դեռահասի հոգու ավերակների սամումի հետ, և գնաց իր ճանապարհով:

                          Սիրո նվիրվածությունը
Ուժեղ թիթեռը նետվեց մարող կրակի մեջ և նրա թևերի վերջին սյուքը գրակախառնվեց արշալույսվող արփու կանաչ ճառագայթի հետ: «Իսկ ես ավելի ուժեղ եմ». ասաց երկրորդ եսս, դուրս եկավ շենքից, համարձակ քայլերով մոտեցավ տխուր ժպտացող, միայնակ դեռահասին, արևային հայացք նվիրեց նրա աղջամուղջվող աչքերին և գնաց իր ճանապարհով:

                        Սիրո ապերախտությունը
Թութանաթոնը, ով արդեն Թութանհամոն էր, ավազին հավասարեցրեց Ախետատոնը և երրորդեց. «Միևնույն է, ես քեզ սիրում եմ»: «Իսկ ես ավելի ուժեղ եմ». ասաց երկրորդ եսս, դուրս եկավ շենքից, քմծիծաղով չափեց  տխուր ժպտացող, միայնակ դեռահասի հոգու անդունդը և գնաց իր ճանապարհով:

                         Սիրո գեղեցկությունը
Արարիչը նայեց ճախրող արծվազույգին և ամպարևեց. «Ինչու՞ ավելի շուտ չտեսա գեղեցկությունը»: «Իսկ ես ավելի ուժեղ եմ». ասաց երկրորդ եսս, դուրս եկավ շենքից, բարևեց  տխուր ժպտացող, միայնակ դեռահասի աչքերում ծվարած լուսաստղին և գնաց իր ճանապարհով:

                          Սիրո տգեղությունը
Մեծն Ալեքսանդրը մոլեգին հայացքով շրջափակեց այրվող Պերսեպոլիսը և մռնչաց. «Թաիսա´, միթե՞ այսքան տգեղ է սերը»: «Իսկ ես ավելի ուժեղ եմ». ասաց երկրորդ եսս, դուրս եկավ շենքից, տխուր ժպտացող, միայնակ դեռահասի աչքերի անկյուններում նկատեց սիրուց մոլեգնող հրեշի հասունացումը և գնաց իր ճանապարհով:

                          Սիրո ուրախությունը
 Վերադառնում է Տիեզերական Գարունը և ցնծում է Աշխարհն Արորդյաց, երկրպագում Արարչին ու վերականգնում համագործակցութունը Հայոց 8 Աստվածների հետ: «Իսկ ես ավելի ուժեղ եմ». ասաց երկրորդ եսս, դուրս եկավ շենքից, վիրակապեց սիրելի աշակերտի աչքն ու տխուր ժպտացող, միայնակ աշակերտի հոգին և գնաց իր ճանապարհով:

                             Սիրո հառաչը
Վերադառնում է Տիեզերական Գարունը և հառաչում է Աշխարհն Արորդյաց, կարոտում կորած դարերին ու վերականգնում համագործակցութունը Հայոց 8 Աստվածների հետ: «Իսկ ես ավելի ուժեղ եմ». ասաց երկրորդ եսս, դուրս եկավ շենքից, զննեց արյունոտ վիրակապերը, տեղափոխեց նրանց և վերադարձավ երկմիասնության ճանապարհով:

12.02.2012                              ©                                   Աշոտ Տիգրանյան