|
|
«Կարդա ինձ...» N: 27
Կարդում ենք «Լյոննեբերգցի Էմիլի արկածները»
- Գիտե՞ք արդյոք, թե որտեղից են առաջացել տոնածառի խաղալիքները
- Նոր տարին տարբեր երկրներում
- Նամակներ Ձմեռ պապիկին
Մենք` 5-1 դասարանով, դեկտեմբերի 1-ից սկսեցինք մայրենիի ժամերին անցնել «Լյոննեբերգցի Էմիլի արկածները», այն շատ հետաքրքիր գիրք է, մանավանդ Էմիլի չարաճճիություններն ու խորամանկությունները: Ովքեր կարդացել են այս գիրքը, գիտեն, որ այն գրված է օրագրի ձևով, և մենք էլ սկսեցինք օրագիր պահել, միայն թե` ոչ թե ուրիշն էր գրելու մեր մասին, այլ մենք` ինքներս: Բայց արի ու տես, որ հիվանդության պատճառով փակեցին դպրոցները, այդ թվում նաև մեր դպրոցը, և մեր ուսուցչուհին ասաց, որ արձակուրդի ընթացքում շարունակենք լրացնել օրագիրը, գրենք հետաքրքիր օրերի մասին, թղթին հանձնենք մեր մտորումներն ու խոհերը:
Օրագիր
Իմ դպրոցական կյանքը
Ես Թամարան եմ, բոլորն ինձ ասում են Տոմա: Մեր դասասենյակը գեղեցիկ է, երբ մենք մաքրում ու դասավորում ենք սեղաններն ու աթոռները: Ունենք կախիչներ, գրատախտակ, ջեռուցման մարտկոցներ: Ես ուզում եմ, որ մեր դասասենյակը միշտ մաքուր լինի, այդ դեպքում բոլոր ուսուցիչներն ուրախ կլինեն և մեզ կսիրեն, հատկապես միսս Սրբուհին կհպարտանա մեզանով: Նա մեր դասղեկն է` կատակասեր ու բարի: Մեր դպրոցում բոլոր ուսուցիչներն էլ բարի են: Ընկեր Մարինեն հայերեն շատ լավ գիտի և ուղղում է բոլորիս սխալները: Էլինա Գրիգորևնան սիրում է, երբ լավ ենք սովորում: Ընկեր Անուշի դասավանդած առարկան` մաթեմատիկան, բոլոր առարկաներից հետաքրքիրն է ու դժվարը: Ընկեր Արմինեն կարող է դասավանդել ոչ միայն համակարգիչ, այլև մաթեմատիկա: Ընկեր իվետան մեր պատմության, բնագիտության ու հայրենագիտության ուսուցչուհին է, աշակերտներից շատերը նրան մյուս ուսուցիչներից շատ են սիրում: Ես երազում եմ լինել ընկեր Անիի պես, զբաղվել կավագործությամբ ու ասեղնագործությամբ: Հիմա պատմեմ իմ դասարանցիների մասին: Միսակը, ճիշտն ասած, կարճահասակ է, բայց շատ ուժեղ ու կատակասեր: Էմին ընկեր Մարինեի աղջիկն է, բայց շատ բարի, ժպտերես, գեղեցիկ ու ընկերասեր: Հաճախ, երբ երեխաների բարեկամներից կամ ծնողներից աշխատում են դպրոցում, նրանք լինում են գոռոզ ու ագրեսիվ: Հարությունն ամաչկոտ, կարգապահ, խելացի տղա է, թեպետ առաջին հայացքից այդպես չի երևում: Նարեն գեղեցիկ, լավ սովորող աղջիկ է: Աշոտը շատ անուշադիր է: Իրինան խառնվում է տղաների գործերի մեջ ու ծեծում նրանց, նա նստում է վերջին նստարանին ու բարձրահասակ է, ինչպես իր կողքին նստող Գոռը: Գոռը շատ բարի է ու խոշոր, և նրա շարժումները երբեմն վտանգավոր են թույլ երեխաների համար: Արթուրը շատ լավ է մաթեմատիկայից: Էդուարդը գնում է բռնցքամարտի և շատ ուժեղ է: Ալեքսը մտերիմ է բոլորի հետ: Հովիկն էլ հաճախ նեղանում է ուսուցիչներից: Արեգն ու Գոռը անբաժանելի ընկերներ են: Ռաֆայելի կողքին նստելը շատ հաճելի է, որովհետև նա քեզ չի խանգարում: Ռազմիկն ու Արմանն էլ ամենակռվարար երեխաներն են: Սյուզին նոր է եկել մեր դասարան և կարծես վատ չի սովորում: Մեր դասարանցիները ունեն մի թերություն` տղաներն ու աղջիկները ընկերություն անել չգիտեն: Ինչպես ասում է ընկեր Իվետան` միայն Արթուրն ու Սոնան են կարողանում իրար հետ ընկերություն անել: Ճիշտն ասած, ես ընդհանրապես դեմ չեմ, որ ընկերություն անեմ նրանց հետ, բայց, չգիտես ինչու, միշտ կռվում ենք, միսս Սրբուհին ջղայնանում է, երբ աղջիկներն ու տղաները իրար հետ կռվում են:
Թե ինչ պատահեց մի անգամ, երբ մեր դասարանցիները որոշեցին հավաքել մեր դասասենյակը
Նարեն, Մերին և ես սկսեցինք հավաքել դասասենյակը. Նարեն ավլում էր, Մերին ստիպում էր տղաներին` Արթուրին ու Հարութին, օգնել մեզ, իսկ ես դասավորում էի աթոռներն ու սեղանները: Տղաները հրաժարվեցին, ես ու Նարեն միացանք Մերիին ու սկսեցինք գոռգոռալ խեղճ տղաների վրա: Նրանք ճարահատված սկսեցին մեզ օգնել: Հանկարծ ներս մտավ Ռաֆայելը ու բարկացավ, որ մենք իր սեղանի վրա շարել ենք անգլերենի գրքերը ու միսս Սրբուհու ուզած տուփերը: Բոլորս միասին սկսեցինք Ռաֆայելին համոզել, որ կարող է ուրիշ տեղ նստել, որովհետև միշտ էլ մեկնումեկը բացակայում է: Ռաֆայելը համոզվեց, եկավ Գոռը, կանչեց Նարեին ու գնացին տուն: Ռաֆայելը վերցրեց ավելն ու ասաց, որ ինքը կավլի, բայց աղբը վերջում թափեց աղբամանի կողքին: Վերջում եկավ միսս Սրբուհին ու ուրախությունից «ուշաթափվեց», ուշքի գալուց հետո գովեց երեխաներին: Մեր դասարանում չի լինում այնպիսի օր, որ աղջիկներն ու տղաները չկռվեն:
Ամբողջ դասարանը մեղադրում էր Հասմիկին....
Այդ օրը նկատեցինք, որ Հասմիկի ու Արեգի սեղանի տակ ջուր էր թափված: Բոլորը սկսեցին մեղադրել Հասմիկին, որ նա բացել է ջեռուցման մարտկոցի «բերանը»: Հասմիկը ինչքան էլ, որ ասում էր, որ ինքը չի արել, միևնույն է, չէին լսում: Հասմիկը գնաց և ամեն ինչ պատմեց դպրոցի տնտեսվար ընկեր Գայանեին,վերջինս հավատաց Հասմիկին: Հասմիկը հատկապես շատ նեղացավ իր մտերիմ ընկերներից` Սոնայից ու Արթուրից, որ իրեն չէին հավատացել: Շատ եմ ուզում, որ նրանք մինչև Ամանորը հաշտվեն:
Թամարա Գևորգյան, 5-րդ դասարան
Օրագիր
Իմ ընտանիքը
Իմ ընտանիքում ապրում են մայրիկս` Մարինեն, հայրիկս` Խորենը, եղբայրս` Նարեկը: Վայ, մոռացա ներկայանալ, ես Իսախանյան Էմման եմ: Ի տարբերություն եղբորս, ես շատ չարաճճի չեմ: Եղբայրս շատ տարօրինակ է, օրինակ` երբ հայրիկս տանն է, նա շատ խելոք է, իսկ երբ տանը չէ, նա ինձ ու մայրիկիս անընդհատ բարկացնում է: Մայրիկս ուսուցչուհի է, նա դասավանդում է հայոց լեզու և գրականություն, նա միշտ ուղղում է իմ սխալները և այնքան է ուղղել, որ ես էլ արդեն սկսել եմ ուրիշների սխալներն ուղղել: Հայրիկս ռեժիսոր է և աշխատում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում: Ես սիրում եմ երգել, պարել, ասմունքել և նկարչություն անել: Մեր դպրոցը շատ մոտ է մեր տանը:
Երկուշաբթի 07.12.09թ.
Երկուշաբթի օրը համ մեր դասարանի Տաթևի ծննդյան օրն էր, համ երկրաշարժի, համ էլ ես ու եղբայրս այդ օրը վախեցանք, որովհետև մեր փոքրիկ գնդակն անհետացել էր, հաստատ հիշում էինք, որտեղ էինք դրել, բայց այն չկար ու չկար, մենք էլ որոշեցինք, որ մեր տանը «Փերիների դպրոցը» մուլտֆիլմի միջի հոգիներից կան:Հետո պարզվեց, որ գնդակը պարզապես ուրիշ տեղ էր ընկել:
Դպրոցում նշեցինք Տաթևի ծննդյան օրը: Ես նրան ալբոմ էի տարել, որի վրա գեղեցիկ կատու էր նկարված, պարզվեց, որ նա կատու շատ է սիրում: Մենք տորթ կերանք, պարեցինք: Այս օրը նաև երկրաշարժի օրն է, տարիներ առաջ Հայաստանում այս օրը երկրաշարժ է եղել, բոլոր տները քարուքանդ են եղել, մարդիկ մահացել, այսօր հեռուստատեսությամբ բոլոր հաղորդումները երկրաշարժի մասին են:
Երեքշաբթի 08.12.09թ.
Առավոտյան մայրիկս շտապեց աշխատանքի, իսկ ես ու եղբայրս մնացինք տանը, որովհետև դպրոցները փակել էին: Հայրիկս նույնպես գնացել էր աշխատանքի, մինչ մայրիկիս գալը, մենք ամբողջ տունը քանդեցինք, ծածկոցներով, բարձերով ու աթոռներով մի տնակ պատրաստեցինք, պատկերացնում եք, այնքան մեծ էր, որ ես ու եղբայրս տեղավորվում էինք մեջը: Թաքնվել էինք տնակի մեջ ու սպասում էինք մայրիկիս, որ գա ու մեզ չգտնի, բայց նա այնքան ուշացավ, որ մենք տնակը քանդեցինք, ամեն ինչ դասավորեցինք: Ես մի տեսակ հոգնել էի, մայրիկս եկավ ու պարզվեց, որ ես ջերմություն ունեմ, նա անհանգստացավ, թեյ տվեց, քնելուց առաջ էլ ինչ-որ դեղ, որ հանկարծ գիշերը ջերմությունս չբարձրանա:
Չորեքշաբթի 09.12.09թ.
Առավոտյան ինձ արդեն լավ էի զգում, մայրիկս շտապեց աշխատանքի, բայց փոխարենը հայրիկս տանն էր: Մոռացա ասել, որ մայրիկս երեկ մեզ համար ամսագիր էր բերել: Ամսագրի անունը «Ուրախ գնացք» էր, այնտեղ շատ հետաքրքիր բաներ կային` փորձեր, բաղադրատոմսեր, խաղեր, պատմվածքներ: Հայրիկիս ու եղբորս հետ արեցինք այնտեղ նկարագրված «Հրաբուխ բաժակի մեջ» փորձը, այնքան լավ ստացվեց: Մայրիկս էլ եկավ աշխատանքից, իսկ երեկոյան որոշեցինք մեր տնակը նորից պատրաստենք, որ հայրիկս ու մայրիկս տեսնեն: Շատ լավ օր էր:
Հինգշաբթի 10.12.09թ.
Օրն սկսվեց ու անցավ սովորականի պես, օրվա ընթացքում եղբայրս ու ես/ ինչպես տեսնում եք, մենք հաճախ ենք մենակ մնում, ճիշտն ասած, մեզ դա երբեմն դուր է գալիս/ զբաղվեցինք տարբեր բաներով` կարդացինք, ավելի ճիշտ ես կարդացի եղբորս համար, նա դեռ կարդալ չգիտի, մուլտֆիլմ նայեցինք: Երեկոյան մեր տուն եկավ տատիկս, նրա անունը հենց իմ անունից է կամ ավելի ճիշտ իմ անունը նրա անունից է, նա մեզ համար բերել էր կլոր գաթաներ:
Ուրբաթ 11.12.09թ.
Ուզում եմ պատմել միայն, թե ինչ եղավ քնելիս: Երեխաներով քնում ենք նույն սենյակում, ու ամեն օր քնելիս Նարեկը հարցնում է.
- Էմի, ո՞նց քնեմ:
Այս անգամ ասացի.
-Ձեռքդ ուժեղ խփի՛ր գլխիդ, կքնես:
Նա էլ վերցրեց ու խփեց: Մենք, չգիտես ինչու, սկսեցինք բարձր ծիծաղել, մոտ 1 ժամ խոսում էինք ու ծիծաղում, հետո, չգիտեմ ոնց, քնեցինք:
Էմմա Իսախանյան, 5-րդ դասարան
Գիտե՞ք արդյոք, թե որտեղից են առաջացել տոնածառի խաղալիքները
Միջնադարում եվրոպական երկրների բնակիչները Սուրբ Ծննդի կապակցությամբ փորձում էին իրենց տները զարդարել մշտադալար ճյուղերով: Իշխանությունները պարբերաբար փորձել են արգելել դա՝ անտառները պահպանելու նպատակով:
Սակայն 17-րդ դարի կեսին եղևնին զարդարելու սովորույթը, այնուամենայնիվ, ավանդույթ դարձավ: Հնուց գոյություն ունեին կրոնական կանոններ «ծննդյան ծառի» զարդարանքի համար: Գագաթը զարդարում է «Վիֆլեմական աստղը»: Տոնածառը զարդարող գնդերը՝ նախկինում խնձորներ էին, որոնք խորհրդանշում էին այն արգելված պտուղը, որը փորձել են մարդկության նախնիները՝ Ադամն ու Եվան:
Վառվող մոմերը խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը: Իսկ ձևավոր քաղցրաբլիթները և թխվածքաբլիքները, որոնք փոխարինել են միջնադարում ընդունված վաֆլիներին, հիշեցնում են անալի հացերը, որոնք խորհրդանշում են նշխարքը: Այսպիսով, տոնածառի խաղալիքները նախկինում բացառապես սնունդ էին՝ հավկիթներն ու վաֆլիները ճյուղերի վրա օրորվում էին մրգերի, քաղցրավենիքների և ընկույզների կողքին:
17-րդ դարից սկսած սկսել են պատրաստել ավելի տոնական խաղալիքներ՝ ոսկեզօծում էին տարբեր իրեր և հավկիթների դատարկ կեղևները, թղթից և բամբակից պատրաստում էին ծաղիկներ: Իսկ առաջին խաղալիքները պատրաստվել են 1848 թվականին Լաուշա բնակավայրում: Դրանք պատրաստվում էին թափանցիկ կամ գունավոր ապակուց՝ ներսից պատված արճիճով:
1867 թվականին արճիճային մակերեսը փոխարինվեց արծաթե նիտրատի մակերեսով: Այդպես «ծնվեց» բոլորին հայտնի այսօրվա տոնածառի գունդե խաղալիքը:
Մեր օրերում տոնածառի խաղալիքները շատ բազմազան են: Օգտվելով ինտերնետից և լսելով ընկեր Անիի խորհուրդները` առաջարկում ենք պատրաստել տոնածառի խաղալիքներ սեփական ձեռքերով:
Օրինակ, որքան էլ զարմանալի հնչի, կարելի է շատ գեղեցիկ խաղալիքներ պատրաստել մակարոնեղենից: Գործի դրեք երևակայությունն ու ձևավոր մակարոններից տարաբնույթ ֆիգուրներ կազմեք: Կարող եք նաև դրանք ներկել արծաթագույն կամ ոսկեգույն, ցողել արհեստական եղյամով, ու ձեր տոնածառը կշողա բազմերանգ փաթիլներով:
Կարելի է նաև ստվարաթղթից տոնածառի պարզ շաբլոն պատրաստել, որի օգնությամբ կտրատել գունավոր թղթերից տոնածառեր: Իսկ զարդարելու համար շատ հարմար կլինեն տան ծակուծուկերում պահված բազմերանգ ու բազմատեսակ կոճակները:
Շատ գեղեցիկ արդյունք կստանաք նաև, եթե միագույն, գունավոր կամ նախշազարդ ստվարաթղթերից աստղիկներ կտրատեք, դրանք երկու-երկու դնեք իրար վրա (նախընտրելի է, որ աստղի երկու հակառակ երեսները տարբեր լինել) ու եզրերը կարեք կոնտրաստային գույներ ունեցող թելերով:
Նյութը պատրաստեցին 6-րդ դասարանցիները
Լիլիթ, Մանան, Ջուլիա, Ստելա
Նոր տարին տարբեր երկրներում
Նոր տարին այն եզակի, նույնիսկ միակ տոնն է, երբ բոլոր մարդիկ առանց բացառության փորձում են հավատալ հրաշքների, ցանկություններ են պահում եւ նվերներ մատուցում և բոլորը սպասում են Ձմեռ Պապիկին, Սանտա Կլաուսին կամ Յուլ Տոմտոնին: Որտեղ, ինչպես, ինչ և ինչքան Ձմեռ Պապիկներ, նվերներ, անակնկալներ, կփորձենք ներկայացնել այս էջում, օգտվել ենք ինտերնետից, իսկ վերջում ավելացրել նաև, թե ինչպիսի է Նոր տարին Հայաստանում:
Բուլղարիայում
Տոնակատարության սկզբից տան կրտսերը կանգնում է տոնածառի մոտ և երգում, իսկ մեծահասակները նրան նվերներ են մատուցում: Սակայն ամենահետաքրքիրը սկսվում է 00:00-ին հնչող ղողանջներից հետո, երբ մի պահ անջատվում է լույսը ամանորյա համբույրների համար: Դրանից հետո միայն տանտիրուհին սկսում է կտրտել ամանորյա անակնկալ-կարկանդակը: Եթե կարկանդակի միջոցով բաժին է հասնում կոպեկ՝ կբերի հարստություն, իսկ վարդի ճյուղը կբերի սեր:
Դանիայում
Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա: Այն ևս անակնկալով է: Շիլայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքնված է ընկույզ կամ նուշ: Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին: Եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլևս չի լինի: Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի: Դա ևս վատ չէ:
Մեծ Բրիտանիայում
Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են ՚Father Christmasՙ-ն (բառացի նշանակում է Ծննդյան Հայր): Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով և բացատրելով, թե ինչ են ցանկանում: Նամակն այնուհետև գցում են բուխարիի մեջ: Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը: Ի դեպ, բրիտանացիների նվերները գրեթե նույն արժողության են, իսկ կարգի համաձայն, դրանք բաժանվում են վիճակահանության միջոցով:
Իտալիայում
Իսկ Իտալիայում անցնող տարվա վերջին օրը բոլոր պատուհաններից դուրս են թափում անպիտան իրերը: Իտալացիները նախընտրում են Նոր տարի մտնել ոչ միայն տան նորացված հարդարանքով, այլեւ նոր հագուկապով: Սակայն իտալական հին ավանդույթը այլ է. դեկտեմբերի 31-ին տղամարդիկ եւ կանայք հարազատներին նվիրում են կարմիր ներքնազգեստ: Հենց այդ գույնն է խորհրդանշում նորությունը: Իսկ փոքրիկ իտալացիները նվերներ են սպասում Ձմեռ Պապիկի կնոջից, որը անվանվում է ոչ թե Ձյունանուշ, այլ Լա Բեֆանա:
Գերմանիայում
Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը: Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ: Ամանորի ճաշկերույթի ամենակարևոր մասը կոչվում է ՚der Lebekuchenՙ՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթը: Ալյուրից, շաքարից և չամիչից պատրաստված այդ ՚իսկական հրաշքըՙ 16-րդ դարում երբեմն կարող էր մեկ երկար նստարանի չափ լինել: Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, Հարավային Գերմանիայում եւ Ավստրիայում մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում:
Ճապոնիայում
Ճապոնիայում կա ավանդույթ. Ամանորից առաջ միմյանց նվիրում են բացիկներ այն կենդանու պատկերով ում տարն գալիս է: Սակայն ճապոնական տան հիմնական զարդարանքը ՚կադոմացուՙ-ն է (ելքի մոտի սոճի): ՚Կադոմացուՙ-ն յուրօրինակ ողջույն է Նոր տարվա սրբին: Սովորաբար ՚կադոմացուՙ-ն պատրաստում են սոճիից, բամբուկից և բրնձի հյուսված ցողուններից: Ճապոնացիներն իրենց տունը զարդարում են նաև ձարխոտի եւ մանդարինի տերևներով: Ի դեպ, Նոր տարվա առաջին վայրկյաններից ճապոնացիները սկսում են ծիծաղել, քանի որ համոզված են, որ ծիծաղը նոր տարում իրենց հաջողություն կբերի:
Չինաստանում
Ծննդյան օրերին Չինաստանում հայտնվածներն առաջին հերթին նկատում են Լույսի Ծառեր: Դա մեր տոնածառի նախատիպն է: Լույսի Ծառերը զարդարվում են արևելյան ճոխությամբ, վառ լապտերիկներով, ծաղիկներով և ծաղկաշղթաներով: Նույն ձևով զարդարվում են նաև տները: Տոնի նախօրեին փոքրիկ չինացիները տան պատերին կախում են գուլպաներ, որտեղ Դուն Չե Լաո Ռենը՝ Ծննդյան Պապիկը, դնում է իր նվերները
Ֆինլանդիայում
Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է ՚Joulupukkiՙ-ն: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին: Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաև ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետևյալ խոսքերով. ՚Կա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներՙ: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է և բոլոր երեխաները ստանում են նվերներ:
Ամերիկայում
Ամերիկայում ավելի շատ ուշադրություն է դարձվում ոչ թե նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով և մեծ ուրախությամբ բացել նվերը, որը կաղամբի նման փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:
Նոր տարին Հայաստանում
Հայաստանում մարդիկ Նոր տարվան պատրաստվում են շատ երկար, մինչ Ամանորը զարդարում են փողոցները, խանութները, հետո հրապարակում տեղադրում են շատ մեծ տոնածառ: Նոր տարվա օրերին այնտեղ լինում են շատ Ձմեռ պապիներ, ձիակառքեր: Դպրոցներում կազմակերպում են հանդեսներ: Փողոցներում ամենուր տեսնում ես ծանր պայուսակներով մարդկանց, Նոր տարվա գնումներն անհանգստացնում են մեծահասակներին, բայց ուրախացնում երեխաներին: Ասում են` ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցնի ամբողջ տարին:
Նյութը պատրաստեց Էմմա Իսախանյանը
ՆԱՄԱԿՆԵՐ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ
Սիրելի´ Ձմեռ պապիկ, Ձեզ գրում է Անին: Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Իմ դպրոցում ամեն ինչ կա և շատ, բայց էլեկտրոնային գրատախտակը մի հատ է: Ես իմ դպրոցի ու իմ դասարանի համար խնդրում եմ էլեկտրոնային գրատախտակ, մեր տան համար նույնպես:
Անի Ջանոյան, 3-րդ դասարան
Սիրելի´ Ձմեռ պապ, ես քեզանից ուզում եմ լիքը գրքեր:Մենք նաև ուզում ենք վառարան, որ ձմռանը չմրսենք: Ես ուզում եմ, որ դու ինձ համար բերես Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը, խոհարարական աման–չաման և կրիչ, այսինքն` ֆլեշ:
Հարգանքներով` Միլենա Արսենյան
2-1դասարան
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻ ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ
Բ-4 ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶ
| |