• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրյան պատում 4

Նկարագրություն: 
Իզմիրի մասին չեմ կարող շատ պատմել: Կարճ ժամանակով շրջել ենք քաղաքում, քիչ ժամանակով եղել ենք ծովափերից մեկում: Առօրյան տիեզերագիտական ճամբարում բավականին խիտ էր կազմակերպված, որին ես ու Լուսինեն պարտաճանաչ մասնակցում էինք: Այնպես որ, թափառումներին գրեթե ժամանակ չէր մնում: Իզմիրի օդանավակայանը խաղաղ էր, հանգիստ, լուսավոր, առանց ինտերնետ կապի: Ի դեպ՝ ինտերնետ կապի մասին: Զարմանալի բան փաստեցի. Հայաստանի օդանավակայանում ազատ, արագ wi-fi-ը ոչ մեկս չի կարևորում՝ հա, ինչ է, բա չլինե՞ր: Ասեմ, որ այն օդանավակայաններում, որտեղ եղել եմ (Թբիլիսի, Վիենա, Բեռլին, Իզմիր,Ստամբուլ) չկա բաց wi-fi կապ: Չեն տրամադրում, եթե նույնիսկ մոտենում, խնդրում ես: Չկա համացանցային կապ նաև սրճարաններում, հասարակական մյուս վայրերում (համենայն դեպս, որտեղ, որ ես եղել եմ): Իսկ մեզ մոտ հաճախորդին իրենք են արագ տրամադրում wi-fi-ի կոդը: Չեմ ուզում հակադրություն ստեղծել, ուզում եմ ազատվել արտասահմանի նկատմամբ ունեցած թերարժեքության կոմպլեքսից և գնահատել մեր ունեցածը: Լավ, շարունակեմ պատումս: Առաջին բանը, որ տպավորություն գործեց, այն էր, որ քաղաքը ծովային տարածքով էր շրջապատված: Քաղաքի դիզայնի մաս էին կազմում հսկա նավերը: Քայլում ես մայթով և միևնույն ժամանակ՝ ծովափին ես: Հավե՜ս էր: Այն մասը, որտեղ մենք եղանք, տիպիկ արևելյան էր՝ նման մեր Ֆիրդուսի առևտրային մասին: Իզմիրում մարդիկ հագնվում են ծայրահեղ տարբեր՝ չադրավոր կանանցից մինչև կիսամերկ գեղեցկուհիներ: Ծովափնյա տները գեղեցիկ էին, խնամված: Բայց ցավոք, քաղաքն ընդհանուր առմամբ մաքուր չէր: Ծովափին հանդերձարաններ չունեն. մարդիկ փոխվում են հենց ափին: Մեր հարցին՝ լավ, հիմա որտե՞ղ փոխվենք, ժպտացին՝ ափին, no problem. Դե, մենք էլ փոխվեցինք, հո չէ՞ինք գնացել պրոբլեմներ ստեղծելու ))))): Ջուրը բացառիկ մաքուր էր. հենց ափին մոտ երևում էին լողացող ձկնիկներ: Մարդիկ գալիս էին ընտանիքներով: Կային և գրեթե մերկ կանայք, և հատուկ լողազգեստ-չադրաներով լողացողներ: Ծովափը, ի տարբերություն քաղաքային մասի, մաքուր էր: Ձիերի վրա շրջում էին նաև ոստիկաններ: Ոչ մի լարում: Ապահով էիր զգում քեզ: Որևէ անհանգստացնող, տհաճություն պատճառող երևույթ չկար: Երևում էր, որ միջավայրը ընտանեկան է: Շատ էին հայրիկների հետ լողացող փոքրիկները՝ գրկի երեխայից սկսած: Ակնհայտ էր հատկապես հայր-երեխա կապը: Մայրիկներն ավելի շատ հիացմունքով և խանդաղատանքով հետևող դիտորդներ էին: Մարդիկ այստեղ բարյացակամ են: Դիմելու դեպքում՝ աշխատում են քեզ առավելագույն կերպով օգտակար լինել: Ո՛չ Իզմիրում, ո՛չ Ստամբուլում որևէ բացասական վերաբերմունք չտեսանք մեր ազգության հետ կապված: Ե՛վ մենք, և՛ սովորողները հանգիստ ասում էինք, որ հայաստանցի ենք: Օրինակ՝ մետրոյում մի թուրք տղամարդ իմանալով, որ հայեր ենք, ջերմությամբ բարի գալուստ ասաց և մինչև վերջ օգնեց, որ գտնենք մետրոյի՝ մեզ անհրաժեշտ գնացքը: Ինքն էլ շարժվեց՝ ձեռքով մնաս բարով ասելով, երբ շարժվեց գնացքը: Խանութում թուրք վաճառողը, ցույց տալով պատին փակցրած գեղեցիկ կնոջ նկարը, ասաց, որ իր կինն է և հայուհի է: Վաճառող Մուստաֆան պատմում էր, որ ինքը շատ հայ ընկերներ ունի, որոնց հետ առևտուր է անում: Մարդիկ լավ էլ տեղյակ էին պատմությունից, և այն մտայնությունը, որ թուրք ժողովուրդը անտեղյակ է, չեմ կարծում, որ համապատասխանում է իրականությանը: Մարդիկ լավ էլ գիտեին և ընկալում էին կատարվածի ողբերգությունը: Համենայն դեպս, տարբեր տարիքի և տարբեր մասնագիտությունների մարդկանց հետ զրույցը դա էր ցույց տալիս: Ասենք նաև, որ խոսակցությունը այդ թեմայով միշտ իրենք էին սկսում: Երևում էր, որ իրենց համար էլ կա այդ թեման՝ ծանրացած և ցավեցնող: Ամեն դեպքում, թուրք շրջապատը, որի հետ առիթ ունեցանք շփվելու, ջերմ էր և հաստատ ոչ թշնամական: Մեր և ճամբարի թուրք աշխատակիցների սիրած զբաղմունքներից մեկը երկու լեզուներում ընդհանուր բառերի գտնելն էր, որոնք գործածվում են նույն իմաստով՝ թամամ, յավաշ, դուզ, շալ, գյոռ, ադաշ, մեյդան... Յիլդիրայը, ով աշխատում էր ճամբարում, իմանալով, որ Լուսինե անվան հիմքում լուսինն է, բացատրեց իր անվան թարգմանությունը՝ Յիլդիրայ՝ լուսնի շող: Թուրք երիտասարդի՝ Յիլդիրայի խոսքը խորհրդանշական էր՝ մենք բոլորս նույն մոլորակի զավակներն ենք, եղբայրներ՝ նույն երկնքի տակ: