• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծաղկազարդի ծեսը Հայաստանում

Ծաղկազարդը` հեթանոսական տոն

Ծաղկազարդի տոնը, որը գալիս է հեթանոսական շրջանից և մեր ժողովրդի մոտ հայտնի է Ծառազարդ անունով, կապված է ծառի պաշտամունքի հետ: Հատուկ տոներ են եղել, որոնք ժողովուրդը Ծաղկազարդ կամ Ծառազարդ է անվանել։ Ըստ ակադեմիկոս Գր. Ղափանցյանի, գարնան եղանակի պաշտամունքը` Ծաղկազարդի տոնը կապված է Արա աստծո անվան հետ:Անհիշելի ժամանակներից սերնդեսերունդ փոխանցվել է ծառի պաշտամունքը։ Ծառի պաշտամունքը համարվել է բնության կենդանության և վերապրումի նվիրագործումն ու սրբագործումը։ Ծառի մասին խոսվում է նաև Հին Կտակարանում՝ Կենաց ծառ։ Հույները իրենց դիցաբանության մեջ ունեին ծառաստանների աստված, որը կոչվում էր Վերտումոս: Նա դիցաբանության մեջ պատկերվում էր երիտասարդի կերպարանքով, այգեգործի դանակով և ձեռքին մրգով լի մի զամբյուղ:

                                                                                                                                                      Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում:Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է և մինչև մեր օրերը։ Սովորություն կար նաև Ծաղկազարդի օրը եկեղեցում ծառ զարդարելը, որից մնացել են մի քանի ավանդություններ: Օրհնված ոստերը տուն էին բերում, խնամքով պահում և գործածում որպես հուռութք, հատկապես մրրիկի և փոթորկի ժամանակ: Այրում էին և մոխիրը քամուն տալիս, փորձանքից զերծ մնալու համար:Իսկ տան մեջ պահված ոստը համարվում էր բարիք և պաշտպանություն ապահովող մի նշան:Ծառի հանդեպ եղած պաշտամունքը շարունակվեց նաև քրիստոնեական շրջանում։ Հիշենք Տաճար մայրիի(«Անտառիտաճար») եկեղեցին Խոսրովի անտառում։                                                                                                             

Ծաղկազարդը` քրիստոնեական տոն                                                                                                    Ծաղկազարդը կապված է Քրիստոսի`Երուսաղեմ հանդիսավոր մուտքի հետ:Հավատացյալները իրենց հագուստները  ճանապարհի վրա են փռել, ձիթենիի և արմավենիի ոստեր բռնած`ուրախութեամբ աղաղակել են`այս կերպ արտահայտելով իրենց սերն ու հավատը Քրիստոսի նկատմամբ` «Ովսաննա՛, Դաւիթի որդին, օրհնեալ ըլլայ անոր Աստուծոյ անունով կու գայ»:(Ձիթենին համարվում էր իմաստության, խաղաղության և փառքի խորհրդանշան): Ծաղկազարդը (Ծառզարդար)Մեծ Պասի նախավերջին կիրակնօրյա տոնն է (Զատիկից մեկ շաբաթ առաջ): Տոնի ծիսական արարողությունների մեծ մասը նվիրված է գարնան զարթոնքին: Այդ օրը եկեղեցում կարդացվող «Երգ Երգոցի»մի հատվածը ամբողջությամբ բնության գովքն է անում.«Զի ահա ձմեռն անց, անձեվք անցին և գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեվեցան յերկրի մերում…»:                                                                      

Ծաղկազարդի օրը երիտասարդները ուռենու ճյուղեր էին կտրում և բերում եկեղեցի: Վառվող մոմերի պայծառությամբ լուսավորված եկեղեցում քահանան օրհնում էր ճյուղերը, որից հետո դրանք բաժանվում էին ներկաներին: Այնուհետև, վառված մոմերով դուրս գալով եկեղեցուց, նրանք շտապում էին գերեզմանատուն: Այնտեղ մոմերն ամրացնում էին իրենց հանգուցյալի գերեզմանաքարին, իսկ օրհնած ճյուղերը տուն էին տանում: Այդ ճյուղերին վերագրվում էր չարխափան զորություն: Մարդիկ այդ ճյուղերը պահում էրն տանը, դնում ամբարների և կարասների մեջ, որ հիվանդությունները վերանան, և տարին առատ լինի բերք ու բարիքով:                        

Ծաղկազարդին հաջորդող երկուշաբթիից մինչև Ս. Զատիկ տևող շրջանը կոչվում է «Ավագ կամ Մեծ Շաբաթ»: Այդ օրերին Եկեղեցին հիշատակում է Յիսուսի երկրավոր կյանքի վերջին ընթրիքը, մատնությունը, չարչարանքը, խաչելությունն ու թաղումը:                                                                                                            

Ծաղկազարդի խոհանոցը                                                                                                         Ծաղկազարդի ընթրիքի հիմնական բաղկացուցիչներն էին`կարմիր ձուն, ձկնեղենը, փլավը, ձվով տապակված բանջարեղենը, վերջում` թանձր եփած թանով սպասը կամ կաթով կորկոտաճաշը:Հում կանաչեղենից կարևորագույնը աղբյուրների մոտ աճած դաղձն էր, շատերն էլ եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և բաժանում որպես մատաղ: Այդ օրը կերել են`քացախով համեմված ոսպապուր, օձիթթու(կաղամբի թթու էին եփում), սամիր(կաթով եփված կոտոտաճաշ) և աղամաղ: Աղամաղը սմբուկի գլխիկի կանաչ կեղևն է, որ չորացնում ու պահում էին այդ օրվա համար: Ավագ հինգշաբթի չորացրած կեղևը խաշում էին, մանրացնում,  սոխ կտրատում, ավելացնում աղ ու պղպեղ:

Աղբյուրները` Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»                                         

Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոներ»