• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ջերմուկի ջրվեժ կամ Ջրահարսի վարսեր

Նկարագրություն: 
Ջրվեժը ունի 72մ բարձրություն: Այն թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Ջուրն իրեն գրկող ժայռերի հետ շատ գեղեցիկ տեսարան է ստեղծում: Դա Ջերմուկի հրաշքներից է, որի մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել: Պատահական չէ նաև ջրվեժի հետաքրքիր անվանումը... Շատ հնուց ջրվեժի գլխավերևում` ուղղաձիգ ժայռերի վրա, գտնվում էր մի հզոր իշխանի ամրոց: Իշխանն ուներ շատ գեղեցիկ դուստր, որի ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի որդուն` երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ: Ամեն օր` կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից աղջիկը ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն շուտով իշխանը գտնում է աղջկա սենյակում պարանը և գլխի է ընկնում... Զայրանում է ու անիծում դստերը` ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Սակայն սիրահարներին ոչինչ չէր կարող պահել հանդիպման գայթակղությունից: Հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»: