• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք

Մխիթար Սեբաստացի և Մխիթարյան միաբանություն

Մխիթար Սեբաստացին հայագետ գիտնական է, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը:

Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ. փետրվարի 17-ին և ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։

1685-91թթ.-ին սովորել է Սեբաստիայի Ս. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն` հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:
1692թ. Մխիթարն այցելել է Ս. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը:
1703թ. մեկնել է վենետիկյան իշխանության տակ գտնվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: Այստեղ էլ, ստանալով Պապի աջակցությունը, հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։
Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից` Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:
1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Այնուհետև համառ ու հետևողական գործունեություն է ծավալել` պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ:
Միաբանությունը 1772թ. երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811թ. հաստատվել է Վիեննայում:
Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։ Ս.Ղազար կղզու՝ վանքին կից ճեմարանում հայերենին և արևելյան լեզուներին ու մշակույթին են ծանոթացել Եվրոպայի բազմաթիվ մտավորականներ (Բայրոն, Ստենդալ, Պետերման և այլք):
Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա) Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները:

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հեղինակային (պետական այլընտրանքային) նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթական ծրագրեր, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձարարական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում է` 4 կրտսեր դպրոց-պարտեզներ` իրենց նախակրթարաններով, Միջին դպրոց, երեք ավագ դպրոցներ, քոլեջ, լրացուցիչ կրթության կենտրոններ: Հիմնադրվել է 1989թ. ՀՀ կառավարության որոշումով, Երևանի թ. 183 միջնակարգ դպրոցի հիման վրա, Աշոտ Բլեյանի հեղինակային մանկավարժական նախագծով։ Գործում են երեխայի զարգացմանն ու հատուկ կարիքներին ուղղված` հոգեբանի, լոգոպեդի, արտթերապևտի, սոցիոլոգի, հատուկ մանկավարժի, սոցիալական աշխատողի ծառայություններ:

Կրթահամալիրում ՀՀ  ԿԳՆ պատվերով վերապատրաստվում են հանրապետության հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների աշխատողները:

ՀՀ ԿԳՆ հավանությամբ իրականացվում են կրթական փոխանակումների ծրագրեր ՀՀ մարզերի, Արցախի, Ջավախքի, Վրաստանի հանրակրթական հաստատությունների հետ։ Գործընկեր հաստատությունների խմբերին, վերապատրաստվող մանկավարժական աշխատողներին հյուրընկալում ենք կրթական փոխանակումների կենտրոնի 3 կացարաններում։

Տնօրեն` Աշոտ Բլեյան

Ստեղծողի մոբիլ դպրոց (տեղեկանք)

Կրթահամալիրի մասնաճյուղերը (տեղեկատու)

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն