mskh.am
 
 ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ
 ՆՈՐ ԴՊՐՈՑ
 Բ-4 ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶ
 ԳԵՂԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ
 ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
 ԱՐՀԵՍՏ. ԴՊՐՈՑ
 ԳԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ
 ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ
 ՄԱՆԿ. ԿԵՆՏՐՈՆ
 ՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
 ԾՐԱԳՐԵՐ
 
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԿՐԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
 ԿՐԹԱԿԱՆ ՀՂՈՒՄՆԵՐ
 ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
 
 

«ԳԵՂԱՐՎԵՍՏ» N: 11

Մեր դպրոցը 20 տարեկան է

Մարմարյա սրահը` տոնախմբության կենտրոն

Նոյեմբերի տասնչորսը կրթահամալիրի քսանամյակին նվիրված տոնախմբությունների գագաթնակետն էր: Այդ օրը մայր դպրոցում հավաքվել էին մեր կրթահամալիր բոլոր դպրոցների ուսուցիչները, աշակերտները, ծնողներ, եկել էին բազմաթիվ հյուրեր, մինչև անգամ` հարևան Վրաստանից: Յուրաքանչյուր դպրոց մարմարյա սրահում տեղադրել էր իր ցուցավահանակը, որտեղ ներկայացված էին տվյալ դպրոցի պատրաստած նյութերը` նաև ցուցահանդես- վաճառքի համար: Հենց մուտքի դեմ-դիմաց բոլորին դիմավորում էր դպրոցի շարժական հսկան` էլեկտրոնային գրատախտակը, որի միջոցով ցուցադրվում էին տարբեր նյութեր դպրոցի մասին:
Իսկ այ կենտրոնում իսկական պարատուն էր: «Նուռ» պարային համույթը իր գեղեցիկ հայկական ուրախ պարերով ուղղակի իր շուրջն էր հավաքել բոլորին : Նրանք մեծ ցնծությամբ էին պարում և բոլորին ստիպում էին իրենց հետ պարել: Տոնական տրամադրությունն ապահովված էր արդեն իսկ: Պարային համույթի գեղեցիկ պարերին հաջորդեցին մեր սաների ելույթները: Պարեր, խմբային ասմունք, բեմականացում… Բարձրաձայն հնչող շնորհավորանքներ, գեղեցիկ խոսքեր… Եվ իհարկե այս ամենը տիար Բլեյանի անմիջական գլխավորությամբ: Նրա տոնական բարձր տրամադրությունը, պարը, հաճելի խոսքերն ու անակնկալներն էլ իրենց հերթին էին ջերմացնում մթնոլորտն ու ստիպում պարել, երգել, ուրախանալ:
Շատ հետաքրքիր ու անմոռաց օր էր: Մենք նշեցինք մեր դպրոցի քսանամյակը և միաժամանակ բացեցինք տոնական օրերի հետագա ընթացքը, որովհետև, ինչպես տիար Բլեյանն ասաց, տոնակատարությունն սկսվեց նոյեմբերի 14-ին, բայց չավարտվեց, այլ դեռ երկար շարունակվելու է…

Կրթահամալիրի Նոր դպրոցի ուրախ տոնախմբությունը

Դպրոցի քսանամյակին նվիրված միջոցառումը դիտելու համար մենք այցելեցինք Նոր դպրոց: Այնտեղ տոնական մթնոլորտ էր: Երբ մենք հասանք Նոր դպրոց, փոքրիկներն արդեն շրջան բռնած երգում էին, իսկ սրահն ամբողջությամբ զարդարված էր: Ինձ հատկապես շատ դուր եկան տիկնիկները, որոնք պատրաստել էին աշակերտները: Տիկնիկները գույնզգույն էին և տարբեր նյութերից էին պատրաստված: Նրանք բոլորը կարծես ուրախ էին, որ մեր դպրոցը քսան տարեկան է և կարծես շնորհավորում էին բոլորիս: Գեղեցիկ ու հետաքրքիր էին նաև պատերին փակցված նկարները: Շատ գեղեցիկ ցուցահանդես էր: Նկարներում պատկերված էր, թե ինչպիսին կլինի մեր դպրոցը քսան տարի հետո: Շատ հետաքրքիր մտահղացումներ կային: Ինձ ավելի շատ դուր եկան վերացական ոճի նկարները: Միջոցառման ավարտին ցուցադրվեց մի փոքրիկ մուլտֆիլմ, որը պատրաստել էր Կ. Մացակյանը: Նա աշակերտների պատրաստած տիկնիկներին շարժում էր տվել մուլտֆիլմի մեջ: Նրանք բոլորը շատ գեղեցիկ պարում էին և տոնական ուրախ տրամադրություն փոխանցում մեզ բոլորիս: Մուլտֆիլմը շատ ուրախ էր և գեղեցիկ: Մենք Նոր դպրոցից հեռացանք շատ բարձր տրամադրությամբ: Քսանամյակին նվիրված տոնն արդեն սկսված էր մեր դպրոցում և դեռ երկար պիտի շարունակվի:

Անահիտ, 6-րդ դասարան

Ինչպիսին կլինի մեր դպրոցը 20 տարի հետո
Խորհում են մեր աշակերտները

Ես պատկերացնում եմ մեր դպրոցը շատ սիրուն, առաստաղից փայլեր, փուչիկներ կպցրած … Ուսուցիչներն ու աշակերտները նոր գիտություններով տարված:

Ռազմիկ, 5-րդ դասարան

Մեր դպրոցը քսան տարի հետո շատ գեղեցիկ կլինի և նոր տեխնոլոգիաներով ավելի հարուստ: Մեր դպրոցը շա~տ մեծ կլինի: Այնտեղ շատ երեխաներ կգան: Եթե դպրոցում կարմիր լույս վառվի, ուրեմն կնշանակի, որ դասն սկսված է, իսկ եթե կանաչ լույս վառվի, ուրեմն դասամիջոց է: Այնտեղ նաև ծերերի համար առանձին դասարաններ կլինեն, որ նրանք հավաքվեն մի տեղ, զրուցեն, սովորեն այնպիսի բաներ, որ երիտասարդ ժամանակ չեն սովորել, երգեն, պարեն:

Ռոբերտ, 5-րդ դասարան

Մեր դպրոցը կլինի ավելի լավը, բոլոր գրատախտակները կլինեն էլեկտրոնային: Մենք մեծ կլինենք: Դասարանում համակարգիչներ կունենանք: Ամեն ինչ կփոխվի, բայց դպրոցի անունը կմնա Բլեյանի դպրոց:

Ալիկ, 3-րդ դասարան

20 տարի անց մեր դպրոցը շատ գեղեցիկ կլինի, մեծ-մեծ պարահանդեսներ կլինեն, ծաղիկներ, կենդանիներ, վարագույրներ, մեծ-մեծ լողավազաններ կկառուցվեն: Կուզեմ դպրոցում թիթեռներ պահենք:

Օֆելյա, 3-րդ դասարան

Մեր դպրոցը կդառնա մի հրաշալի դպրոց: Ամեն դասարանում էլեկտրոնային գրատախտակ կլինի: Խոհանոցում ճաշեր կուտենք, դպրոց կգան բարի փերիները: Ուզում եմ, որ մեր դպրոցը վերածվի պալատի, ու ամեն օր մեզ նվերներ բաժանեն:

Մարիետա, 3-րդ դասարան

Ինձ թվում է, որ մեր դպրոցն ավելի կսիրունանա, ավելի կշատանան իրերը, համակարգիչները, բոլոր ուսուցիչները հանձնարարությունները կտան համակարգչով:

Լուսինե, 3-րդ դասարան

Ես պատկերացնում եմ, որ մեր դպրոցը կլինի կախարդական: Պատկերացնում եմ դասատուներին` ռոբոտների պես, ամեն ինչ ավտոմատ, գրքերի փոխարեն` նոթբուքեր, բակերը արհեստական կլինեն, համակարգիչներն ավելի հզորացված կլինեն, մեզ տեղափոխող տրանսպորտը օդում կթռչի: Մեր դպրոցի տնօրենը կլինի ռոբոտ Բուշ Լուսինեն: Դպրոցի սայթը աշխարհի ամենալավ սայթը կլինի, իսկ անունը www.robot.ru:

Մարտին, 6-րդ դասարան

Ես  կարծում  եմ, որ իմ դպրոցը  շատ  կփոխվի 20 տարի հետո: Բակում ծաղիկները ռոբոտները կջրեն, դասատուներն էլի այնպես բարի կլինեն,  ինչպես հիմա, իսկ երեխաներն ավելի խելացի կլինեն, համակարգիչներն ավելի հզոր կլինեն, բուֆետում նույնպես ռոբոտներ կաշխատեն, դպրոցը ամեն կողմից կպաշտպանվի ռոբոտներով…

Մհեր,  Հայկ, 6-րդ դասարան

Իմ կարծիքով դպրոցը կդառնա բացօթյա կանաչ պարտեզ: Այնտեղ կլինեն բացատներ, ու ամեն բացատում մի դասարան դաս կանի: Մենք միանգամից համակարգիչներով դաս կանենք` տնայիններն էլ կգրենք, դասն էլ կկարդանք… Մեզ հետ նաև կենդանիները դասի կնստեն, մենք նրանց կկերակրենք ու կխնամենք:

Լիլիթ, 5-րդ դասարան

Եթե կրթահամալիրը 20 տարի հետո ունենա հեռուստաընկերություն, այն ինչպես կկոչվի
Ենթադրում են Գեղարվեստի երևակայողները

«Գեղատեսիլ» ՀԸ
« Դար 31» ՀԸ
« Սպայդեր սքուլ» ՀԸ
«Աս- Մխիթար Սեբաստացի» ՀԸ
«Հ1- կրթահամալիր»
«Աշխարհի կենտրոն»

Իրադարձություններ
Նորից օպերայի բեմում

Կը~ռ, կը~ռ. կռկռան
Կռունկերը հա~ թռան…
Հնչում էր օպերայի բեմից: Եվ հնչում էր մեր կրթահամալիրի սաների շուրթերից: Թռչում էր ու որպես բարի լուր` տարածվում էր դահլիճով մեկ: Այո, այս անգամ արդեն լուրջ ելույթ էր, ոչ թե փորձ, որը հոկտեմբերին հաղթահարեցին մեր երեխաները:
Երբ մայր դպրոցից կրթահամալիրի երթուղայիններով տեղ հասանք, Թումանյանի 140-ամյակին նվիրված միջոցառումն արդեն սկսվել էր: Մենք երեխաների հետ միասին անմիջապես անցանք ետնաբեմ: Ափսոս, որ չկարողացանք միջոցառումն ամբողջությամբ դիտել, բայց այն ելույթները, որոնք մենք հասցրեցինք դիտել ետնաբեմից, շատ տպավորիչ էին: Ասմունքող Հասմիկ Տեր-Կարապետյանը շատ գեղեցիկ խաղում էր Թումանյանի աղջկա դերն ու մեջընդմեջ պատմում «հայրիկի» մասին: Դե իսկ բոլոր ելույթներն անպայմանորեն ընդմիջվում էին Վ. Աբաջյանի գեղեցիկ ասմունքով, իսկ բեմի հետնամասում գտնվող մեծ էկրանին հայտնվում էին համապատասխան պատկերներ:
« Մի կաթիլ մեղրի» բեմականացման ժամանակ երեխաները պարզապես աչք չէին թարթում, մի կերպ ոտնաթաթերի վրա ձգված, կլանված դիտում էին, մանավանդ որ մի քանի դերասանների ճանաչում էին հեռուստաեթերում ցուցադրվող տարբեր ֆիլմերից: Հետո երբ եկան գեղեցիկ պարուհիները, մեր փոքրիկ տղաները հմայված նրանց շուրջն էին պտտվում: Ախր շատ գեղեցիկ էին, է~, ազգային տարազով ու իրենց երկար հույսերով: Իսկ այ աղջիկներն ավելի գործնական հարցեր տվեցին նրանց, օրինակ` թե ինչպես են այդքան երկար ու հաստ հյուսեր ստացել… Պարուհիները ոչ միայն գեղեցիկ էին, այլև բարեհամբույր ու սիրալիր, նրանք պատասխանեցին մեր հետաքրքրասերների բոլոր հարցերին, հետո պարեցին: Մինչ նրանք պարում էին, այս անգամ ետնաբեմը լցվեց հայ առնական երիտասարդներով`ձեռքներին թրեր: Մեր տղաներն անմիջապես սկսեցին զրույցի բռնվել նրանց հետ ու գայթակղությանը չդիմանալով` շոշափում էին թրերը: Տղաներն էլ շատ գեղեցիկ ռազմական պար ներկայացրեցին: Այդ ընթացքում մերոնք էլ ետնաբեմում էին պարում: Բոլորս էլ ուրախ էինք, մի փոքր, իհարկե, նաև լարված, բայց և անհամբեր սպասում էինք մեր ելույթին: Վերջապես… Մենակատարուհին կատարեց «Դեղնած դաշտերին» երգը: Երբ երգում էր, երեխաները շշնջում էին` իսկականա երգում, ինքնա երգում… Իսկապես զարմացել էին: Երգից հետո Լ. Իվանյանը բեմ մտնելու նշան տվեց: Մերոնք հանդիսավոր ներս մտան ու շարվեցին: Ափսոս, որ մեր մեծ խումբը պակասել էր, քանի որ շատերը հիվանդացել էին ու չկարողացան մասնակցել:
Դահլիճով մեկ հնչում էր մերոնց գեղեցիկ, համաչափ, ինքնավստահ ասմունքը: Ինչպես Թումանյանն է իր քառյակում երազում, այնպես էլ դահլիճում` այդ պահին աշխարհից հեռու մի անկյունում, նստած էր հաշտ ու խաղաղ մարդկություն` ինչպես երազում, ու համերաշխ լսում էր Թումանյանի խորիմաստ տողերը: Առաջին իսկ բանաստեղծությանն անմիջապես հաջորդեց բուռն ծափահարությունը: « Կաքավիկը» երգելուց հետո մեր աշակերտները ամբողջն ամփոփեցին կռունկների մասին բանաստեղծությամբ: Այնքան գեղեցիկ ու տպավորիչ էր, երբ փոքրիկներն ասմունքում ու միաժամանակ ձեռքերը թափահարում էին օդում, ասես կռունկների մի մեծ երամ էր հենց նոր իջել օպերայի բեմահարթակ ու բարի լուր էր ավետում մարդկանց…
Միջոցառումն ավարտվեց մեր երեխաների միաբերան խոսքով` իմ նոր հայրենիք…Երբ վարագույրը փակվեց, Լ. Իվանյանն իր շնորհակալությունը հայտնեց կրթահամալիրին և հենց իրենց` ամենակրտսեր մասնակիցներին, իսկ մի բարի պապիկ միջանցքում ասաց, որ Թումանյանն անպայման պարգևատրելու է բոլորին…

Լուսինե Մանուկյան, դասավանդող

Ծառի տարիքը

Մի օր Գեղարվեստի դպրոցի արտաքին բակում տեսանք մի ծառ, որը 10 տարեկան էր: Հենրիկ պապիկը բակում սղոցում էր ծառի չորացած ճյուղերը, իսկ մենք հաշվում էինք ծառի տարիքը /օղակները/: Իմացանք, որ ծառից թուղթ, կահույք են սարքում, և մենք ծառից թթվածին ենք ստանում: Երկար զրուցեցինք ծառերի, բույսերի, թփերի և բնության մասին:

Մերի

Ես այսօր տեսա մի ծառ և հաշվեցի նրա տարիքը: Իմ ընկերները նույնպես հաշվեցին նույն ծառի տարիքը և հետաքրքիրն այն էր, որ տարբեր թվեր էինք ստանում: Ասեմ, որ դա տեղի ունեցավ մեր դպրոցի բակում: Ես շատ ուրախացա, որովհետև մինչև հիմա ես չգիտեի, թե ինչպես են հաշվում ծառերի տարիքը:

Արփինե

Այսօր ես իմացա, որ եթե ծառը ունի 10 շրջան, ուրեմն նա 10 տարեկան է: Քիչ-քիչ ծառը սկսում է մեծանալ և նրա շրջանները նույնպես շատանում են ու շատանում: Մենք մի ծառի տարիքը հաշվեցինք մեր դպրոցի բակում: Մեզ հետ էին նաև մեր ընկեր Կարինեն և առաջին դասարանցիները: Հենրիկ պապիկը մեզ պատմում էր բարդ ու դժվար բաներ, որոնցից մենք այնքան էլ բան չէինք հասկանում, բայց միևնույնն է ուշադիր լսում էինք:

Էլեն
Դասվար` Կարինե Մամիկոնյան

Թփով տոլմա

Բակում խաղում էինք, մեկ էլ տեսնեմ` մի անկյունում աշխույժ եռուզեռ է: Անշշուկ մոտեցա, սկսեցի հետևել: Աննան ու Էլենը դույլի մեջ ավազ էին մաղում, իսկ Սյուզին ու Լիլիթը տերևներ էին հավաքում: Երբ դույլն ավազով լցվեց,Աննան խնդրեց Լևոնին` ջուր բերի: Լևոնի բերած ջուրը Աննան լցրեց ավազի վրա և սկսեց շաղախել:
-Էլեն, համեմունքը բեր,- ձայն տվեց Էլենին, ով չոր տերևներ էր փշրում փոքրիկ դույլի մեջ: «Համեմունքը» ավելացրեցին և նորից շարունակեցին շաղախել: Այդ ընթացքում  Լիլիթն ու Սյուզին մի զամբյուղ  լիքը դեղին տերևներ էին բերել: Երբ Աննա տատիկը/ այդպես էին նրան ասում/ վերջացրեց շաղախելը, տերևները դրեցին և սկսեցին «թփով տոլմա» փաթաթել. փոքրիկ բահով ավազը լցնում էին տերևի մեջ, փաթաթում և շարում դույլի մեջ: Այդպես գեղեցիկ շարեցին մինչև դույլը լցվեց, հետո դրեցին կրակին: Չմոռացան նաև ջուր լցնել` մինչև տոլմաները ծածկվեն:
Մյուս կողմում էլ երեխաների մի խումբ ավազից կերպարներ էր ծեփում:
- Դե որ տենցա, մենք էլ քաղցրաբլիթներ ենք թխում,- ասաց Էրիկը`տեսնելով նրանց աշխատանքը:
-Հա°, ճիշտա, շաքարի փոշիով,- ավելացրեց Անահիտը, և ավազ մաղեց քաղցրաբլիթների վրա:
-Թխեք, բերեք մեր տուն, միասին քեֆ անենք,- առաջարկեց Մանեն:
-Ու°խ,- ուրախացավ Նանեն,- իսկական քեֆ կլինի. հա°մ տոլմա ունենք, հա°մ էլ«դեսեր»¦:
Այդպես էլ արեցին` Աննա տատիկը բոլորին տոլմա հյուրասիրեց: Իբրև թե ուտում էին. բերանները չփչփացնում էին, իսկ ավազով լցոնված տերևը մի կողմ նետում:
Հետո Նանե մորաքույրը քաղցրաբլիթներ բաժանեց:
-Երեխաներ,  չեք պարելու, էլ  ինչ քեֆ` առանց երգ ու պարի,- ասացի ես:
-Ճիշտա, բայց երաժշտություն որտեղի±ց,- ասաց Լիլիթը:
-Ընկեր Մերիին կխնդրենք,- ասաց Լևոնը:
Ընկեր Մերիին խնդրեցինք, որ նվագի, մենք էլ մի լավ ուրախացանք` « զիզի քույրիկներ» և «զիզի եղբայրներ» դառնալով:

Մենք թթու շատ ենք սիրում

Քանի որ աշունը ձմռանը նախապատրաստվելու ժամանակաշրջանն է, մենք որոշեցինք թթու դնել: Դրա համար մեզանից մեծ ջանք չպահանջվեց, ընդամենը պետք էր անհրաժեշտ բանջարեղենը ձեռք բերել: Պարտեզի և կրտսեր- առաջինի ծնողները, իսկ երեխաներն առավել ևս պատրաստակամ էին այդ հարցում: Ուսուցիչների մասին էլ չեմ ասում՝ երբ իմացան, որ թթու ենք դնում, նրանք էլ իրենց կողմից բանջարեղեն ավելացրեցին, որովհետև Գեղարվեստում առանց թթվի ուղղակի հնարավոր չէ…/: Երբ ծնողները բերեցին ամեն ինչ, երեխաների հետ սկսեցինք թթու դնելու աշխատանքը: Փոքրիկները մեծ եռանդով ու ոգևորությամբ կտրատում էին գազարները, կաղամբը, դրանք, իրար հերթ չտալով, դասավորում էին դույլի մեջ: Աշխատանքն ուղղակի եռում էր… Թթուն դրված է, մնում է սպասել այն ճաշակելուն: Գեղարվեստի դպրոցը ապահովված է ձմեռվա թթվով…

Մանուշակ Աբրահամյան, կրտսեր-առաջին դասարանի դասվար

ՈՒսումնական ճամփորդություններ

Աշունը Բուսաբանական այգում

Նոյեմբերի 11 – ի առավոտյան Գեղարվեստի դպրոցի I և III դասարանցիներս ուղևորվեցինք դեպի Բուսաբանական այգի: Շատ ուրախ էինք, որ գնում ենք վազվզելու, խաղալու, թռչկոտելու, ուրախանալու և ամենակարևորը` քայլելու: Ճանապարհը հոգնեցնող էր ու երկար, բայց ընկեր Արմինեն ու ընկեր Կարինեն մեզ հույս էին տալիս, որ շուտով կհասնենք: Հասնելուց հետո պառկեցինք խոտերի վրա, մի լավ նախաճաշեցինք ու տերևներով խաղացինք, վազվզեցինք: Քայլեցինք անվերջ` ճանապարհին տերևներ, կոներ ու ճյուղեր հավաքելով: Ճիշտ է, մենք սովոր չէինք այդքան երկար քայլելու, բայց հաճույքով էինք քայլում ու շնչում էինք մաքուր-մաքուր օդ: Վերադարձին էլ ավտոբուսում մի քանիսս քնել էինք:   
Աշունը նման է գունավոր անձրևի:
Աշունը խաղում է տերևների ու քամու հետ:
Քամին ուրախանում է, երբ մի տերև է պոկում ծառից:
Ուզում եմ, որ միշտ աշուն լինի, որ էլ ուրիշ եղանակ չլինի:

III դասարան, դասվար` Կարինե Մամիկոնյան

Բուսաբանական այգու ճամփորդությունից հետո…

Ես սարքել եմ մարդկանց դեմքեր, որոնք շրջապատված են տերևներով: Այդ մարդիկ զբոսնում են անտառում: Նրանցից մեկը անտառային թափառաշրջիկ է: Նա երբեք չի տխրում: Նա ամեն առավոտ շուտ է արթնանում և սիրում է քայլել տերևների վրայով, լսել տերևների խշխշոցը: Նա ապրում է ճյուղերից հավաքված վրանի մեջ: Անցորդները նրան ուտելիք և փող են բերում: Նա շատ երջանիկ է անտառում:

Մարիետա Ղազարյան

Խոր աշուն է ու ծառերի վրայից թափվում են վերջին տերևները: Ծաղիկները թոռոմել են ու արևն էլ չի տաքացնում:

 

 

 

Մերի Սարգսյան

 

Իմ անտառում կան եղևնիներ, սնկեր, փոքրիկ լճակում էլ լողում է բադիկը:

Գրիգոր Շաբոյան

 

 

Տերևները դեղին և կարմիր զգեստներ են հագել և քամուց թափվում են գետնին: Կաղինը նույնպես զգում է աշնան շունչը: Անշնորհք քամին կաղնու պտուղներն իրենց կլորիկ գլխիկներով թափել է այս ու այն կողմ:

 


 
Գայանե Բրության

Ես կարմիր թշիկներով մարդուկ եմ պատկերել: Նա տերևներ, կաղիններ և շատ մազիկներ ունի:

 

 

Օֆելյա Ելինյան

 

Ես տերևներից և կաղիններից պատկերել եմ ձմեռ: Տոնածառանման տերևից ստացել եմ երեք տոնածառ և կաղիններիով զարդարել եմ: Որպեսզի շատ ցուրտ չլինի, դեղին տերևներից էլ պատկերել եմ արև և ջերմություն:

 


Ստեփան Ղազարյան

Ստեղծագործող- հորինող- երևակայողի էջ
Աշնանային հեքիաթ
(խմբային ստեղծագործություն)

Արդեն նոյեմբերի վերջն է: Գեղեցիկ հոկտեմբերն իր գույնզգույն երանգներով հեռացավ: Հոկտեմբերից նոյեմբերին հիշատակ մնացած կարմիր, դեղին, նարնջագույն գույներն արդեն քիչ-քիչ հնանում են: Դրանք բոլորը դառնում են շագանակագույն: Արդեն ուժեղ քամիներ են փչում, օդը սառել է: Մենք ավելի տաք ենք հագնվում, իսկ օդից ձմեռվա հոտ եմ առնում: Ճիշտ է, արևը էլի երկնքում շողշողում է, բայց տխուր է: Տխուր արևը կարծես թե մեզ ասում է, որ ինքն էլ է մրսում: Նա նաև ասում է, որ ինքը մինչև ամառ էլ չի կարող տաքացնել, որովհետև մի քիչ հեռացել է երկրից: Հեռացել է, որ ամպերին ճանապարհ տա, քանի որ ժամանակն է, որ նրանք անձրևներ բերեն: Հեռացել է, որ քամիներին ճանապարհ տա, որ աշնան մասին ամեն ինչ մաքրեն: Մաքրեն ու ճանապարհ տան գեղեցիկ ձմռանը: Նոյեմբերն այն ամիսն է, որը ճանապարհ է բացում ձմռան առաջ: Մենք սիրում ենք նոյեմբերը` աշնան վերջին ամիսը: Ճիշտ է մի քիչ ցուրտ է, մի քիչ անձրևոտ է, մի քիչ մռայլ է, մանավանդ այս տարի իր հետ հիվանդություններ բերեց: Բայց մենք սիրում ենք նոյեմբերը, որովհետև նա մեզ մոտեցնում է ձմռանը: Նա մեզ մոտեցնում է ամենալավ տոնին` Նոր տարվան…

5-րդ դասարան

Հարզացրույց

Աշնան մասին ինչ երգեր են սիրում մեր ուսուցիչները

Երգել բոլոր մարդիկ էլ սիրում են: Սիրում են փոքրերն էլ, մեծերն էլ, աշակերտներն էլ, ուսուցիչներն էլ: Իսկ աշնան մասին ի±նչ երգեր են սիրում երգել մեր ուսուցիչները… Դժվար չէր իմանալ:
Ընկեր Նվարդը սիրում է լսել  ДДТ խմբի «Осень мертвые души » երգը: Ընկեր Լուսինե Մանուկյանը սիրում է Վահագ Ռաշի «Աշնան քամի» և «Դեղնած դաշտերի» երգերը, նա մեծ սիրով դրանք նաև նվագում է դաշնամուրով և երգում: Միսս Լուսինե Բուշը սիրում է Ռ. Հախվերդյանի «Աշուն» երգը և Տերյանի « Աշուն» բանաստեղծությունը: Իսկ ընկեր Լուսինե Պետրոսյանը շատ է սիրում Ձախ ՀարութիÍ«Աշուն է հիմ» երգը: Ընկեր Մերին` Ռ. Մելիքյանի «Դեղնած դաշտերին»: Ընկեր Արմինեին դուր է գալիս Ռ. Հախվերդյանի « Աշունը» և Ա. Պուգաչովայի « Осенние листья» երգը: Ընկեր Սոնան նույնպես Հախվերդյանի երգն է սիրում, բայց երգից շատ սիրում է Տերյանի աշնան մասին բանաստեղծությունները: Ընկեր Կարինեն մեծ սիրով լսում է Վիվալդիի « Տարվա եղանակները»: Իսկ գրասենյակի ղեկավար ընկեր Ծովիկն ասաց, որ ինքն էլ է սիրում Ռ. Հախվերդյանի « Աշունը» և Գ. Մինասյանի երգերից` աշնանը նվիրված/ վերնագիրը չհիշեց/: Արվեստի պատմության մեր ուսուցչուհին սիրում է ДДТ խմբի «Осень» երգը…

Զարմացնում ենք աշնանը

Բակը լի էր դեղնած տերևներով: Աշուն էր եկել, ծառերի տերևները դեղնել էին: Բայց նկատեցինք, որ բակում մի ծիրանենի կա, որ նույնիսկ գույնը չի փոխել, ինչպես ամռանն էր կանաչ, այդպես էլ մնացել է: Ինչու չի դեղնել, մտածեցինք բոլորս:
-Սպասում է, որ էլի ամառ գա,- ասաց Գագիկը:
-Հետո կդեղնի ու կթափվի: /Ալինա/
-Ինքը չի դեղնում, ըտենցա ուզում: /Նարե/
-Ջրաներկով չի ներկել աշունը: /Սյուզի/
-Մենք կներկենք: /Ալինա/
Բակից հավաքեցինù  դեղնած, շատ գեղեցիկ տերևներ: Զամբյուղով խումբ բերեցինք և սկսեցինք տերևները ներկել ու կերպավորել: Ամեն մեկն իր սիրած գույնն էր ընտրում: Հետո քիթ, բերան, աչքեր նկարեցինք: Տերևներին անուններ դրեցինք`զարմացած կարմիր տերև, արևի տերև-պուտերով դեղին տերև, խնձոր տերև: Չորանալուց հետո որոշեցինք տերևները տանել և Ïախել ծառից: Որոշեցինք ծառի մի ճյուղին ամրացնել մեր ներկած գունավոր տերևները, բայց այնպես, որ քամին մյուս տերևների պես չպոկի ու տանի:
-Աշնանը զարմացրեցինք, որ մենք էլ կարող ենք աշնան գեղեցիկ տերևներ ունենալ:

Սոնա Նիկոլյան, Գեղարվեստի պարտեզ

Лимерики

Жил был седой старичок
Он очень любил морковь

Всегда он готовил борщок
И ел из борща всю морковь.

 

 

Мартин и Гор

Жили-были два волчонка
И три маленьких зайчонка
Они хотели дружно жить
И нкогда не грустить.

Седа  Барегамян

 

Жил однажды крутой дед,
Было деду аж сто лет,
Но а дед не огорчался,
А зарядкой занимался.
Вот такой спортивный дед.

Одного старичка из Одессы
На дороге поймали черкесы,
И сказали:''Старик,
Будет из тебя шашлык
Из такого как ты геркулеса.''

Арутюнян Анаит

Шла корова через мост
Потеряла там свой хвост
Ищет вся деревня  хвост
А хвост в речке плывет. 
Мгер Тамразян
Карине Агамян, преподавательница русского языка

Մենք
Իմ ընկերը

Ես ունեմ շատ լավ ընկեր` Բագրատը: Նա իմ ամենալավ ընկերն է: Մենք երկու տարեկանից միասին ենք: Երկուսս էլ ընդհանուր շատ բաներ ունենք:Մենք ամեն օր անպայման տեսնում ենք իրար, որովհետև միասին մեր օրը շատ հետաքրքիր է անցնում: Չնայած եթե չուզենք էլ հանդիպել, մեկ է` չի ստացվի, որովհետև նույն շենքում ենք ապրում, և մինչև անգամ` նույն հարկում: Ու նաև սովորում ենք նույն դասարանում: Երկուսս միասին իջնում ենք բակ և ֆուտբոլ ենք խաղում: Մենք շատ լավ ընկերներ ենք: Բագրատը համբերատար է, երբ իրեն նեղացնում են, ինձ կանչում է, և ես նրան բոլոր հարցերում պաշտպանում եմ և օգնում, նա էլ` ինձ : Նրա ամենասիրած կենդանիներն են կատուն և շունը: Նա շատ է սիրում պարել և երգել: Նա շատ է սիրում տապակած կարտոֆիլ: Ճիշտ է, մի քիչ տաքարյուն է, մեկ-մեկ անտեղի կռիվներ է անում, բղավելով է խոսում, բայց շատ բարի սիրտ ունի: Մենք իրար շատ լավ հասկանում ենք: Ես վստահ եմ, որ մեր ընկերությունը շատ երկար կշարունակվի:

Մհեր Թամրազյան, 6-րդ դասարան

Իմ ընկերը շատ լավ տղա է: Նրա անունը Մհեր է: Նա 11 տարեկան է: Մի քիչ գեր է, և ունի շատ գեղեցիկ դեմք, հագնվում  է ճաշակով: Նա ունի շատ լավ բնավորություն, օրինակ` նա միշտ ինձ պաշտպանում է և խոսելիս չի բղավում իմ պես, բայց մեկ-մեկ համառություն է անում: Նա շատ նվիրված է ինձ, և ես միշտ կարող եմ հույսս նրա վրա դնել: Մհերի հետ խաղում ենք, դասերն ենք պատրաստում, համարյա ամբողջ օրը միասին ենք լինում: Ես նրա ամենալավ ընկերն եմ:

Իմ ընկերը սիրում է ուտել համեղ ուտելիքներ, օրինակ` խոզի միս, լահմաջո, հաց ու երշիկ: Բայց նա միայն ուտել չի սիրում, նաև սիրում է ֆուտբոլ խաղալ ու շատ լավ է խաղում: Նա մեկ-մեկ գժություններ էլ է անում, օրինակ` պարտվելիս թենիսի ռակետը կարող է շատ ուժեղ խփել պատին:   
Մհերը « գողական» երգեր է լսում: Նա կենդանիներ էլ է շատ սիրում` շուն, ձի, օձ, կատու:
Ես կարծում եմ, որ մենք միշտ լավ ընկերներ կլինենք:

Բագրատ Մարտիրոսյան, 6-րդ դասարան

 ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
 ԱՐՀԵՍՏԱՆՈՑ
 ՏԵՍԱԴԱՐԱՆ
 «ԴՊԻՐ»
 «ԿԱՐԴԱ ԻՆՁ...»
 «4-ԻՑ 6»
 «ՊԱՐՄԱՆԻ»
 «ՀԱՅԵԼԻ»
 «ԳԵՂԱՐՎԵՍՏ»
 «ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ»
 «ԱԼԻՔ»
 ԵՆԹԱԿԱՅՔԵՐ
 Ա Ր Խ Ի Վ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 
Copyright © "Mkhitar Sebastatsi" Educational Complex, Web Master: D.Minasyan,