• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գնդեվանք - Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ դրեցի վրան

Նկարագրություն: 
Գնդեվանքը գտնվում է Արփա գետի ձախ ափի ձորալանջին, Գնդեվազ գյուղից ներքև: Xդ.-ում այն հիմնադրել սյունյաց Սոփիա իշխանուհին, որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք: Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին: Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով: Եղիշեն եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված: Ներսում` գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներ: Սոփիա իշխանուհին վանքի շինարարության ավարտը նշել է մեծահանդես տոնախմբությամբ և եկեղեցու արևմտյան պատին թողել արձանագրություն. «Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ դրեցի վրան»: 999-ին, վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը: Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ: Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն: 1008-ին, վանքապատկան հողերը ոռոգելու համար 22կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել: 1604-ին պարսից շահ Աբբասը ավերել է Գնդեվանքը և Գնդեվազ գյուղի բնակիչներին տեղահան արել: 1691-ին վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել աշտարակավոր պարիսպով և նրան կից կառուցել է բնակելի ու տնտեսական շինություններ: Հավանաբար այդ ժամանակ է կատարվել Աստվածածնի պատկերով որմնանկարը` եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին: Դա ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն գործերից է: Գնդեվանքի բակում կան X-XVIդդ. խաչքարեր և օրորոցաձև տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ: Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում սեղանատունը, որը մեծ դահլիճ է, նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով: Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը: