Հրաշագործ պապիկը
Ով է Ձմեռ Պապը:
Ամանորի ամենաբարի այս հերոսն ունի նախահայր ` սուրբ Նիկողայոսը , որ գրականություն է թափանցել հին դարերից Նիկողայոս Հրաշագործ անունով: Ասում են, թե ծնողներից ժառանգություն ստանալով` նա իր կարողությունը բաժանել է կարիքավորներին: Երազում մարդկանց հայտնվելով` փրկել է նրանց սովից, ծովում խորտակվելուց և բազում այլ փորձանքներից: Հատկապես հայտնի է աղքատության մեջ հայտնված հոր պատմությունը, որն իրեն կորցրած` պատրաստվում էր իր երեք դուստրերին անառակության դրդել: Սուրբ Նիկողայոսը նրանց տան պատուհանի գոգին երեք քսակ ոսկի է դնում` փրկելով երեք աղջիկների պատիվը: Այստեղից էլ առաջացել է Ամանորի գիշերը երեխաների բարձի տակ նվերներ դնելու սովորույթը:
Երեխան Ձմեռ Պապիկի մասին աղոտ պատկերացում է սկսում կազմել մոտ 2 տարեկանից` Ձմեռ Պապի տեսքով խաղալիքների կամ ինչ-որ ներկայացումների միջոցով: Այդ պատկերացումները հստակեցվում են 4-5 տարեկանում, երբ երեխան գիտակցում է, որ Ամանորի նվերները բերում է Ձմեռ Պապը: 9-10 տարեկան հասակում երեխաները սովորաբար շրջապատից տեղեկանում են, որ նվեր բերող Ձմեռ Պապիկն իրենց իսկ ծնողներն են, և այստեղ չքանում է այն երազանքը, որ փայփայել են տարիներ շարունակ: Այս ցավոտ ճշմարտությունից հետո, այնուամենայնիվ, հոգու խորքում ուզում ենք հավատալ Ձմեռ Պապի գոյությանը և այդ թերի կամ լիարժեք հավատով արդեն ինքներս ենք դառնում ծնողներ ու երբեմն հայտնվում Ձմեռ Պապի դերում:
Ձմեռ Պապի մասին պատկերացում կազմելու հարցում շատ մեծ է ծնողների դերը: Հաճախ նրանք երեխային սաստում են` ասելով, որ Ձմեռ Պապը նվերներ չի բերի և կպատժի: Այս դեպքում, ահա, Ձմեռ Պապը բարի կերպարից վերածվում է պատժող, հետևող աչքի, որը երեխային անընդհատ լարվածության մեջ է պահում:
Շատ կարևոր են նաև Ձմեռ Պապի պատրաստած նվերները: Երբեմն երեխայի ակնկալիքները չեն արդարանում, և նա սկսում է մտածել, որ Ձմեռ Պապն ամենակարող հրաշագործ չէ: Ծնողները պետք է Ձմեռ Պապի կերպարը ոչ թե իջեցնեն կենցաղային մակարդակի, այլ նրան խորհրդավորություն հաղորդեն:
Պատահում է, որ Ձմեռ Պապի անակնկալ այցը սարսափեցնում է փոքր երեխաներին, և դրանից հետո նրանք վախենում են բոլոր մորուքավոր մարդկանցից: Անհրաժեշտ է երեխային նախապատրաստել Ձմեռ Պապի այցելությանը, հաճախ պատմել նրա մասին` շեշտելով արտաքին տվյալները` երկար մորուքը, կարմիր քիթը, հաստ ձայնր:
Բժիշկ - առողջագետ ` Նելլի Այվազյան