• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԶԱԹՀԱՅՆ-2015

Նկարագրություն: 
Ներկայացնում է Կարեն Մկրտչյանը: Գերմանիայի Էլբա-Էլստեր երկրամասի Գութ Զաթհայն կոչված փոքրիկ, բայց մեծ մշակութային համբավ ունեցող արվեստի կենտրոնն իր սրտաբաց գիրկն էր ընդունել Լեհաստանից Հայաստանից, Աֆղանստանից և Գերմանիայից ժամանած պատանի արվեստագետների խմբերի, որոնց վիճակված էր անցնել բովանդակալից և հետաքրքիր աշխատանքային օրեր՝ միմյանց լրացնելու և սեփական մշակույթների առանձնահատկություններով հարստացնելու առաքելությամբ: Արվեստի շաբաթն ուղղված ոչ թե մրցակցությանը, այլ սիրո և հանդուրժողականության միջոցով կարծրատիպերի քանդմանն ու ջերմ մարդկային հարաբերությունների հաստատմանը: Այս հետաքրքիր նախաձեռնության հեղինակն ու կազմակերպիչը գերմանաբնակ մեր հայրենակից Արարատ Հայդեյանն է, ով իր և իր ընտանիքի ներուժը ներդրել է այս նախագծի իրականացմանն ու գործուն պահելուն: Սկզբնական շրջանում Հայաստանը ներկայացնում էին Սպիտակի գեղարվեստի դպրոցի սաները (մինչև 1995 թ. Գերմանիա տեղափոխվելը Արարատ Հայդեյանը աշխատել է այնտեղ որպես տնօրեն և մինչ օրս շարունակում է աջակցություն ցույց տալ դպրոցին): Այս տարի բախտ վիճակվեց մասնակցելու մեր կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցի երկու սովորողների` Անահիտ Մարգարյանին ու Աննա Մխիթարյանին, որոնց միացան Ճարտարապետների միությանը կից ստուդիայի երկու սաներ` Գոռ Վարդանյանն ու Վահան Մեսրոպյանը: Արվեստի շաբաթը հագեցած էր ամենօրյա բովանդակալից և հետաքրքիր աշխատանքային օրերով: Օրվա սկզբում` ժ. 9:00-ից մինչև ժ. 16:00 (մեկժամյա ընդմիջումով), երեխաներն աշխատում էին բնության գրկում կամ սրահի տարածքում` կատարելով օրվա առաջադրանք-նախագիծը: Նախագծերի մեջ մտնում էին պլեները կամ «Շրջակայքը իմ աչքերով», դիմանկար կամ «Ինչպես եմ քեզ տեսնում», երբ միմյանց նկարում են տարբեր ազգերի ներկայացուցիչները, ճարտարապետություն կամ «Կառուցվածքային մտածողություն»։ ՆԱխագծերն ուղեկցվում էին ջրաներկի թաց տեխնիկայի և մոնոտիպերի հետաքրքիր վարպետության դասերով և գործնական աշխատանքներով: Աշխատանքային մթնոլորտը հագեցած էր հաճելի և զվարթ կոլորիտով: Լեզվական «քաոսը» չէր խանգարում երեխաներին միմյանց հետ շփվելու անգլերենի, գերմաներենի, լեհերենի և հայերենի խառը մի տարօրինակ լեզվով: Կատակներն ու պատանեկան ուրախ խաղերը մոռացության էին տալիս մշակութային տարբերություններն ու հիմնում նոր ձևավորված արժեհամակարգ: Օրվա երկրորդ մասը` ժ. 16:00-ից մինչև 20:00 և երբեմն ավելի ուշ, տրվում էր ինտեգրման և զվարճանքների հետաքրքիր ժամանցի: Մեկ անգամ ամեն մի պատվիրակություն ներկայացրեց իր ազգային ճաշատեսակի նմուշներց, մեկ ուրիշ անգամ մեզ հրավիրեցին բոուլինգ խաղալու: Հետո ջրային հեծանիվ-նավակներով զբոսնել ենք երկրամասի գեղեցիկ լճակներից մեկում: Համակազմակերպիչ և մեր վիզաները ուղարկող Հոֆմանների ընտանիքը հրավիրեց իրեն տան այգում երեկոյան խարույկի շուրջ խնջույքի, երգի և պարերի անմոռանալի միջոցառմանը, ուր ամեն մի մասնակից իր անկեղծ մաղթանքներն ու ոգևորության խոսքերն ուղղեց արվեստի շաբաթվա մասնակիցներին ու կազմակերպիչներին: Նախավերջին օրը մենք մեկնեցինք Դրեզդեն` վայելելու ազգային պատկերասրահի հին վարպետների հանճարեղ գործերի հետ շփվելու հաճույքը: Շրջեցինք քաղաքի տեսարժան վայրերով և ներկա եղանք stadtfest-ի (քաղաքի տոն) բաց համերգներին և տոնավաճառներին: Զաթհայնի միջազգային մանկա-պատանեկան արվեստի շաբաթն ավարտվեց գեղեցիկ և տպավորիչ ցուցահանդեսով: Ներկա էին երկրամասի բարձրագույն ղեկավարությունը` մշակույթի և կրթության վարչության աշխատողներով, կազմակերպիչները մասնակիցներն ու արվեստի սիրահարները: Ցուցահանդեսի պաշտոնական բացումն ու արվեստի շաբաթվա կազմակերպիչներին ու մասնակիցներին բարեմաղթանքներն ուղեկցվեցին մասնակիցների երաժշտական նվագակցությամբ, որից անմասն չմնաց հայկական պատվիրակության անդամ Վահան Մեսրոպյանը` նվագելով մեծն Կոմիտասի ստեղծագործություններից: Բոլոր մասնակիցներն ստացան հուշանվերներ և մրցանակներ: Արվեստի շաբաթն ավարտվեց: Մասնակիցները հուզումնալից հրաժեշտ տվեցին միմյանց` նորից հանդիպելու անկեղծ ակնկալիքով` իրենց հուշերի խորքերում ընդմիշտ դրոշմելով տպավորությունների լույսն ու ջերմությունը: Կարեն Մկրտչյան