• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախագծային անընդհատություն քեզ, Արևմտյան դպրոց

Նկարագրություն: 
Մեր սիրուն ու գունեղ դպրոց-պարտեզը… Առավոտյան հնչեղ, զրնգուն ընդհանուր պարապմունք: Լավ է, որ մեծով ու փոքրով օրը սկսում են ուրախ երգ ու պարով: Այսպիսի սկզբով հազարավոր օրեր կարելի է անցկացնել անհոգնել, թեթև, ուրախ… Սիրում եմ դպրոց-պարտեզի հավաքանին՝ երիտասարդ, սիրուն, առույգ: Բոլորը երգում են, պարում: Ուրախ է ու լավ է: Վաղո՞ւց չէի եղել Արևմտյան այս դպրոցում: Նորից միջավայրը ներքին ջերմություն առաջացրեց՝. ի՜նչ լուծումներ են, գունեղություն, թափանցիկ-լուսավորություն: Զարմանալի միջավայր: Ընդհանուր պարապմունքից հետո խմբերն անցան նախագծային գործունեության: Մարդ Արմինե Աբրահամյանի խմբից լիներ: Խնամված միջավայրում՝ խաղաղ, պայծառ դասավանդողը սովորողների հետ բեմադրման նյութ է ընտրում, քննարկում: Սովորողների գոհ դեմքեր, ստեղծագործ վիճակ: Լավ ուսուցիչ է Արմինե Աբրահամյանը: Եթե կարողացել եմ ինչ-որ ժամանակ ուսանող Արմինեին օգտակար լինել, դասավանդողի այսպիսի որակ ստանալու մեջ ներդրում ունենալ, ուրախ եմ, գոհ եմ, նաև շնորհակալ: Շշմելու աղջիկ է Տաթև Մանվելյանը՝ Արևելյան դպրոցի երաժշտության մասնագետը: Նախագիծը «ավետիսների» այլընտրանքային երաժշտական կատարումն է՝ շշերով երաշժտություն ստանալով: Ա՜յ քեզ երաժշտական կրթության այլընտրանք: Սովորողները շշերի մեջ ջուր են լցնում-ավելացնում, ստուգում փչելով՝ սոլ ստացվե՞ց, չէ՜, ֆա է, ջրի մակարդակ է պետք փոխել: Ու նորից փորձում են՝ պահանջվող նոտան ստանալու համար: Ես՝ երաժշտական կրթություն չունեցողս, ում համար նոտաների աշխարհը մութ անտառ է, զարմացած-հիացած հայացքով նայում եմ այդ 5-րդ դասարանցիներին, նույն ջերմ հայացքով՝ նրանց այդ երիտասարդ ուսուցչին՝ Տաթև Մանվելյանին: Ի՜նչ լավ աղջիկ ես դու, Տաթև ջան: Դպրոցում նախագծային աշխատանքային եռուզեռ է: Ահա Սրբուհի Ներսիսյանի սովորողները՝ բնագիտական փորձ են անում, Լուսինե Պետրոսյանի սովորողները բնագիտական ընթերցարան են ստեղծում: Հետաքրքի՞ր է, չէ՞: Լավ նախագիծ է, Լուսինե ջան: Ունենալ բնագիտական փորձերի ժողովածու կրտսեր դպրոցի համար: Շատ լավ եք մտածել: Դա հավանաբար կներկայացնեք բնագիտական ստուգատեսին: Անհամբեր սպասում եմ: Տաթև Աբրահամյանն ու սովորողները Մայր դպրոց էին գնում. վեցերորդցիների հետ նախագծի շրջանակում գործ ունեին անելու: Արմինե Գյոնջյանի սովորողները պատրաստվում էին տիկնիկ պատրաստել: Կարծում եմ՝ կգտնեն ձև ներկայացնելու իրենց պատրաստած տիկնիկները: Մյուսները պատրաստվում էին սպորտլանդիայի: Մի խոսքով՝ ձմեռային ուսումնական ճամբարը շարունակվում է: Ուրախություն և ստեղծականություն քեզ, ճամբար ջան, և իհարկե, նախագծային անընդհատություն, Արևմտյան դպրոց: