• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վահան Թոթովենցն իմ պատկերացմամբ

Վահան Թոթովենցի ծննդյան օրվա առթիվ տիկին Մարիի հանձնարարությամբ պատրաստեցի  «Վահան Թոթվենց» մեդիափաթեթը։  Գրադարանային գործում առավել  հետաքրքրությամբ և ջանասիրությամբ եմ  կատարում այն աշխատանքը,  որն  ինձանից պահանջվում է ստեղծել մեդիափաթեթ որևէ հայտնի մարդու անունով։ Այդ աշխատանքը ոչ միայն հետաքիրքիր է, այլև շատ ուսանելի, քանի որ հավաքելով և մի տեղ զետեղելով որևէ հանրահայտ մարդու կյանքի դրվագները  և ստեղծագործությունները՝ միաժամանակ ծանոթանում եմ դրանց:

  Հետաքրքրությամբ լցվելով Թոթովենցի հանդեպ՝ մի անգամից ձեռքս առա նրա երկերը և սկսեցի կարդալ։ Թոթովենցը այն հազվագյուտ հայ գրողներից է, ում ստեղծագործությունների մեջ համադրվածված են արևմտահայ, սփյուռքահայ և խորհրդահայ ազգային գրականության տարրերը։ Նրա պատմվածքները արտացոլում են մեր մշակույթը, ապրած կյանքը, սովորությունները և մենտալիտետը։ Թոթովենցի ստեղծագործություններում գերիշխում է սերը, հավատքը, հայի մանկան պարզությունն ու անկեղծությունը,  հայրենիքին և հավատքին անդավաճան մնալու հատկությունը և, ինչու ոչ, հայերի  հետամնացությունն ու ոչ ճիշտ քաղաքակրթությունը։  

   Թոթովենցի ստեղծագործությունները հայի հոգու և տեսակի հայելիներն են, քանի որ դրանք արտացոլում են մեզ, մեր անցյալն ու մեր ապրած կյանքը։ Թոթովենց կարդալիս կարելի է եզրակացնել, որ մենք հավատարիմ  ենք եղել մեր  սովորություններին, ամեն գնով  հետևել ենք դրանց և պահպանել հայի անշուք և ոչ ճոխ քաղաքակրթությունը։  Թոթովենցը իր պատմվածքներում չի սրբացրել և աստվածացրել հային և նրա բնույթը, այլ ընդհակառակը՝  գրել է տգետ, նախանձ, բամբասկոտ,  փնփնթան, գոռոզ, այլասերված, հիմար, կռվասեր,  անհաշտ, փառամոլ և փողասեր հայերի մասին։ Բայց նրանց կողքին այնումենայնիվ  ներկայացրել է մաքուր ու պարզ այն հայերին, ովքեր  եղել են աղքատ, բայց եղել են հոգով հարուստ, ովքեր զոհ են դարձել հայկական հին ու գեղջկական քաղաքակրթությանը՝  փորձելով խույս տալ  ամոթանքի և բամբասանքի սարդոստայնից։

Թոթովենց կարդալիս մի այլ տեսակ հաճույք ես ստանում, նրա ստեղծագործությունները և՛ հուզիչ են, և՛ ծիծաղելի, անսահման բարի և անսահման անկեղծ։ Իմ ընթերցածներից ես առաջարկում եմ, որ կարդաք Թոթովենցի  «Բաց-կապույտ ծաղիկներ»  պատմվածքը, կամ, որ նույնն է, դիտել   «Կտոր մը երկինք» ֆիլմը։ Ավելորդություն է խոսել այդ պատմվածքի հանճարեղության մասին, քանի որ մեր մշակութի անմար նմուշներից է։

 

                                                                                          Աննա Գսպոյան,  11-րդ դասարան