• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չեք կարդացե՞լ այս գիրքը, բա ի՞նչ եք կարդացել...

Իմ երբևէ կարդացած լավագույն գործերից է: Հատվածաբար անընդհատ ընթերցում եմ: Ընթերցում եմ, երբ ինձ թվում է, թե հումորս բթացել է, երբ զգում եմ, որ սկսել եմ չափից շատ լուրջ նայել իրողություններին, երբ գույները խտանում են, երբ անչարության պակաս եմ զգում... Կարդացեք... մի նայեք գրքի հաստափորությանը: Կարդալիս ցանկանալու եք, որ չավարտվի: Գերագույն հաճույք կստանաք: Մեզ հենց Շվեյկի խաղաղ, անչար, անհոգ հայացքն է պակասում... Եթե միայն մի գիրք ընտրեի կարդալու համար, դա կլիներ Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»: Անցկացրեք այս ամառ Շվեյկի հետ: Ավելի ուրախ ու իմաստուն ընկեր չեք գտնի:

 

Օգտակար խորհուրդներ Յարոսլավ Հաշեկից
Հետաքրքիր է, որ մարդիկ բազմապիսի խորհուրդների կարիք ունեն: Հետաքրքիր է նաև, որ փոխանակ իրենք մտածեն, սպասում են ուրիշների խորհուրդներին: Կփորձեմ, ուրեմն, մի քանի օգտակար խորհուրդ տալ, վստահ, որ եթե հետևեք իմ խորհուրդներին, աշխարհը ձեր աչքին կգեղեցկանա:
 
Աշխարհին մի երևացեք թթված ու ընկճված դեմքով 
Եթե մենք բոլորս հիշեինք այս պատվիրանը, լուսանկարիչները հարկադրված չէին լինի վերստին հիշեցնել, որ հարկավոր է ժպտալ: Եկեք չմոռանանք, որ ավելի սարսափելի բան չկա, քան դժբախտության ժամին տխրելն ու հառաչելը: Եթե կինդ փախչում է ուրիշի հետ, հիշիր աշխարհիս ուրախություններն ու հրճվիր: Եթե զրկվում ես ունեցվածքիցդ, ամբողջ ձայնով ծիծաղիր ու փառք տուր Աստծուն: Եթե քեզ տանում են կախաղան հանելու, քահանային անեկդոտ պատմիր ու քեզ պահիր հարեմ մտնող սուլթանի պես:

Զայրույթի պահին վճիռ մի կայացրու
Կան մարդիկ, որոնք հեշտորեն են զայրանում: Ամեն մեկին տրված չէ զայրույթը զսպել, երբ երրորդ հարկից ծաղկաման է ընկնում գլխին կամ երբ լվացքաջուր են շփում երեսին: Հիշեք, որ նույն պահին հատուցելու ցանկությունը հաճախ պսակվում է պարտությամբ, մանավանդ, եթե գերագնահատում եք ձեր ուժերը: Կարող է պատահել, օրինակ, որ ձեր ոտքը տրորի ինչ-որ բռնցքամարտիկ: Եթե դուք անհավասարակշիռ մարդ եք և փորձում եք նույն պահին վրեժ լուծել, այս աշխարհում ձեզանից մնում է անմարմին հուշ միայն: Ժամանակին բռնիր քո ձեռքը և մի լինիր հիշաչար: Մի գոռա, թե ես կսպանեմ դրան, մի փորձիր նախապատրաստվել այդ սպանությանը: Միշտ հիշիր, որ մեր արդարադատության ու անվտանգության օրգանները զարգացման այն աստիճանին են հասել, որ քեզ կարող են բանտարկել անգամ թաքուն մտքերի համար...