• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մարմարե ծովով դեպի կղզի

Նկարագրություն: 
Ինչպես նախորդ պատումում ասել էի, մեր տիեզերագիտական ճամբարականների խումբը 8 ժամ անցկացնելու էր Ստամբուլում: Մի կողմից թվում էր՝ ութ ժամը շատ է՝ ո՞ւր գնալ, ի՞նչ անել անծանոթ 15 միլիոնանոց քաղաքում, որտեղ կարևորագույն խնդիրը իրար չկորցնելն էր, մյուս կողմից՝ Ստամբուլի նման հսկա քաղաքի համար ի՞նչ է ութ ժամը. հայտնվես էդ հեքիաթ քաղաքում և ընդամենը մտածես չկորչելո՞ւ մասին: Մեր ճամբարական Ալեի ծնողները խելամիտ ծրագիր էին կազմել: Մետրոյով, որը մոտ մեկ ժամ անցնում էր քաղաքի միջով՝ բացօթյա, անցնել քաղաքով, նայել քաղաքը, իջնել նավամատույցի մոտ և նավով մոտ մեկ ժամ ճամփորդել Մարմարե ծովում՝ իջնելով կղզիներից մեկում: Աշխույժ էր Մարմարե ծովը. տարբեր ուղղություններով ճայերի ճիչերով ուղեկցվող նավեր էին սահում մուգ կապույտ ջրերի վրայով: Ուղևորների սիրած զբաղմունքներից մեկը ճայերին կերակրել էր: Չկար Ջոնաթան Լիվինգստոն ճայը: Բոլորը կառչած էին ջրերին՝ իրարից կեր փախցնելով: Երևում էին կղզիները, որոնցից մեկում պետք է մենք իջնեինք: Դրանք բավականին խիտ բնակեցված տարածքներ էին: Կղզին, որտեղ մենք իջանք, առավելագույնը հարմարեցված էր հովեկների և զբոսաշրջիկներ համար՝ սնվելու բազմաթիվ օբյեկտներ, փոքրիկ խանութներ, փողոցում դրված առևտրային կետեր, շրջիկ առևտրականներ: Ողջ տարածքը խնամքով կանաչապատված, ծաղկապատված էր: Տները, ռեստորանները ընդհանուր ոճի մեջ էին և բավականին լավ էին դիտվում: Թվում էր՝ ոչ մի բան հենց այնպես կառուցված չէր՝ ընդհանուր կոլորիտից դուրս: Ափը հարմարեցված էր նստելու համար՝ մեծ քարակտորներ էին: Մեր պատկերացրած ավազապատ լողափերը չկային: Դա էլ էր հետաքրքիր: Ցավոք, նորից պիտի նշեմ, որ ջրամերձ տարածքը, մեղմ ասած, մաքուր չէր: Այնպես որ, քարերի վրա նստելու ցանկությունդ արագ հօդս էր ցնդում, ինչքան էլ որ ծովին մոտ լինելու պահանջը մեծ էր: Բայց դրա փոխարեն մաքուր էին կանաչապատ տարածքները, որտեղ ընտանիքներ էին հանգստանում՝ մեծով-փոքրով: Ռեստորանները հիմնականում դատարկ էին: Մեր ծրագրում կար ծովում լողալը: Բայց ափսոս որ ծովը ալիքոտ էր, մյուս կողմից էլ՝ քարերի վրայից միանգամից ծովը թռչելը, առանց պատկերացնելու խորությունը, վտանգավոր թվաց: Եվ կարծես թե այդ ափը նախատեսված էլ չէր լողալու համար: Թե չէ՝ ինչո՞ւ մարդիկ չէին լողում /ծովում ընդամենը երկու-երեք մարդ կար/, այն դեպքում, երբ կղզու այցելուները այնքան շատ էին, որ ասեղ գցելու տեղ չկար: Ետ վերադարձանք մայրամուտին: Չքնաղ տեսարան էր՝ ծովը… քաղաքը….: Ստամբուլում շատ էին մզկիթները, տաճարները: Մութուլուսին բոլոր գմբեթներում լույսեր էին վառվել: Ծովից երևում էր մի այլ գեղեցկության՝ հեքիաթային աշխարհ: Գեղեցիկ քաղաք էր Ստամբուլը: