• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ առաքելական սուրբ եկեղեցին  Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը նշում է Հունվարի 6-ին: Ս. Ծննդյանը նախորդող շաբաթը  պահքի շրջան է,  որը սկսվում է  դեկտեմբերի 30-ին և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան` Ճրագալույցի Ս. Պատարագով, երբ մենք միասնաբար մասնակցում ենք  երեկոյան Ս. Պատարագին և մեր տներն ենք տանում Քրիստոսի ծննդյան ավետիսը և Քրստոսի լույսը:

Հունվարի 6-ին Պատարագի ավարտին կատարվում է ջրօրհնեքի արարողությունը, որը խորհրդանշում է մեր փրկչի՝ Հիսուս Քրիստոսի մկրտությունը: Ավարտին օրհնած ջուրը  բաժանում են հավատացյալներին:

Հաջորդ օրը՝ Հունվարի 7-ին մեռելոց հիշատակի օր է, երբ մենք մասնակցում ենք  Ս.Պատարագին, հոգեհանգստյան կարգին, աղոթում մեր ննջեցյալների հոգիների հանգստության համար և ապա այցելում  նրանց շիրիմներին:

Հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչության օրն  է , Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակի տոնը:

Ս. Ծննդյան ինչպես նաև Հարության տոներին մենք կատարում ենք հոգևոր բարեպաշտական արարողություններից տնօրհնեքի կարգը, երբ հոգևորականները Քրիստոսի առաքյալների օրինակով այցելում և օրհնում են մարդկանց տները, տան հացը,  ջուրն ու աղը  և ավետում  Փրկչի Ծննդյան և Հարության ավետիսը: