• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տիրամոր Սրբապատկերը

 

Հայ ժողովուրդն առաջինը պետականորեն ու ազգովին Ավետարանը դարձրեց իր կյանքի  ուղեկիցը, քրիստոնեությունը` իր ազգային գաղափարախոսությունը:  Հայոց քրիստոնեական քաղաքակրթության բաղկացուցիչը  եղավ հայոց քրիստոնեական մշակույթը, որն իր առանձնահատուկ և ուրույն տեղն ունի համաշխարհային քրիստոնեական մշակույթի գանձարանում: Մշակութային այս  արժեքները ինքնանպատակ չեն ստեղծվել կամ կյանքի կոչվել զուտ գեղագիտական ըմբռնումներից և մղումներից ելնելով:  Դրանք  աստվածանվիրյալ  հոգևոր ապրումի նյութեղենացված դրսևորումներն են, որոնք միջոց էին նաև աստվածճանաչողության, աստվածպաշտության և աստվածմերձեցման: 

Այս նպատակին ծառայեց նաև  կերպարվեստը:  Բարեպաշտ  քրիստոնյաների համար ի սկզբանե հարգի էին ավետարանական պատկերները, հատկապես Հիսուս Քրիստոսի և Աստվածամոր նկարները:  Ավետարանական  պատկերն աչքի առջև ունենալով հավատացյալները դրանց միջոցով ավելի ջերմեռանդորեն և սրտագին էին աղոթում: Անշուշտ, եկեղեցական կերպարվեստով հետաքրքրվող մարդկանց, առավել ևս եթե նրանք արժանահավատ են համարում ավետարանական պատմությունները, կհետաքրքրի թե այդ պատկերների մեջ եղե՞լ են արդյոք անպիսիները, որոնք, ըստ պատմական հավաստի տեղեկությունների, ստեղծվել են Հիսուս Քրիստոսի և Սուրբ Աստվածածնի կենդանության օրոք: Հուրախություն մեզ` այդպիսի պատկերներ եղել են. Դա Սուրբ Դաստառակն է, որը հայտնի է նաև Փրկչի կենդանի պատկեր անվամբ, որը շնորհվել է Եդեսիայի Աբգար թագավորին,ինչպես նաև Տիրամոր պատկերը, որը Բարդուղիմեոս առաքյալը Հայաստան է բերել և հաստատել Հոգեաց վանքում: Այս երկու պատկերներն էլ ի սկզբանե Հայոց աշխարհում են գտնվել, որով և կարող ենք ասել, թե մեզանում հնուց եղել է  սրբապատկերների հարգություն:

 Տիրամոր պատկերի մասին մեզ է հասել մի ավանդություն, ըստ որի Սուրբ Աստվածածնի վերափոխումից առաջ Հիսուսի սիրելի աշակերտ Հովհաննեսը փայտի վրա նկարում է Տիրամոր պատկերը, որի մասին մեզ տեղեկություններ է հաղորդում Հայսմավուրքը: Հայսմավուրքում նշված է, որ սուրբ Հովհաննես ավետարանիչը Տիրամոր վերափոխման օրը կիպարիսի մի տախտակ է պատրաստում և առաքյալների հետ տանում Աստվածածնի մոտ և խնդրում, որ  տախտակը դնի երեսին, որպեսզի պատկերը տպվի և օժտված լինի բժշկության շնորհով: Սուրբ կույսը վերցնելով տախտակը, դնում է երեսին, արտասուքով թրջում և աղաչում Աստծուն, որպեսզի բժշկի ամենայն ցավք: Աստվածորդին երևում է Տիրամորը հրեղեն կառքով, աջով խաչակնքում և օրհնում այդ պատկերը: Սուրբ Բարդուղիմես առաքյալը Հայաստանում քարոզության ժամանակ իր հետ վերցնում է Տիրամոր պատկերը, հասնում Անձևացյաց գավառ, կործանում Անահիտի կուռքը, որ գտնվում էր Դարբնաց քար կոչվող վայրում և կանգնեցնում է Քրիստոսի խաչը, հիմնում մի վանք` Տիրամոր անունով, որը հետագայում կոչվում է Հոգյաց վանք, և այնտեղ ամփոփում Սուրբ Կույսի պատկերը: Հայսմավուրքն իր հիշատակությունն այսպես է վերջացնում. <<Այստեղ է ամփոփված աստվածամոր կենդանագիր պատկերը աշխարհի պահպանության և հայոց աշխարհի պարծանքի համար>>:

Նավասարդ արքեպիսկոպոս ԿՃոՅԱՆ

Նկարը` Հայկ Սայադյանի