• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հոգևոր բարեպաշտական արարողություններ` Խաչակնքում

 

       Մեր նախնիները աղոթելիս,  տանից  մեկնելիս, եկեղեցի մտնելիս, ծիսակատարությունների, վար ու ցանքի, ճաշի, հիվանդությունների և վտանգի ժամանակ խաչակնքում էին: Խաչակնքման սովորությունը այնքան հին է, որքան քրիստոնեությունը: Հին աշխարհում և Հռոմեական կայսրությունում խաչը համարվում էր  անարգ մահվան, նախատինքի, չարչարանքների միջոց, և ով այդպիսի մահվան էր դատապարտվում, անիծյալ էր կոչվում: (Բ. Օրինաց ԻԱ:23)

Քչիստոսը խաչվելով, մեր փոխարեն հանձն առավ մահը, ինքը կրեց ադամական մեղքի անեծքը, և մահվան գործիքն իր զորությամբ վերափոխեց հավիտենական կյանքի խորհրդանիշի: Խաչակնքելիս, աղաչում ենք Խաչյալ Փրկչին, որպեսզի մեզ միշտ պահպանի չարից և նրա որոգայթներից և հիշում ենք, որ Հիսուս Քրիստոսը խաչվեց մեր մեղքերի համար` մեզ փրկելով մահվան իշխանությունից:

Խաչակնքում ենք հետևյալ կերպ.  միացնում ենք աջ ձեռքի առաջին երեք մատները (բթամատ, ցուցամատ և միջնամատ), տանում ճակատին` ասելով`<< Հանուն Հոր>>, իջեցնում կրծքին` ասելով <<և Որդվո>>, ապա տանում ձախ կողմն ասելով`  << և  Հոգվույն>>, ապա աջ ասելով` <<Սրբո>>, ապա դնում կրծքին` ասելով` <<Ամեն>>: Երեք մատների միացումը խորհրդանշում է Սուրբ երրորդությունը, իսկ մյուս երկու մատները` Քրիստոսի կատարյալ Աստված և կատարյալ մարդ լինելը: Խաչակնքելիս դրոշմում ենք մեր ճակատը` հիշելով, որ երկնքում էինք, և ապա իջեցնում դեպի սիրտը` մտաբերելով, որ երկիր ընկանք, երբ ձախ ենք տանում` նշում, որ մեղավորների դասում եղանք և ապա աջ`հաստատելով, որ արդարների դասում ենք ցանկանում լինել: Խաչակնքելով մեր մարմնի չորս կողմերը` պաշտպանվում ենք աշխարհի փորձություններից, սատանայից, անհավատներից և մեղքերից:

 Մենք խաչակնքում ենք, պատարագի, ծիսական արարողությունների, և հոգևոր բարեպաշտական արարողությունների ժամանակ: Աղոթելիս պետք է խաչակնքել` խնդրելով, որ Սուրբ Աստվածածինը, մեր պահապան հրեշտակներն ու սրբերը բարեխոս լինեն Տիրոջ առջև: Խաչակնքումը մեր հոգու լուռ աղոթքն է առ Աստված:

ՔԴՔԿ.