• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Հարություն

Զատիկը Հին և Նոր Կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկ: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ` փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնացին գերեզման, որպեսզի անուշաբույր յուղերով օծեն Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին.  «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց: Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: Եվ իզուր չէ,  որ Պողոս առաքյալն ասում է. «Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է ձեր հավատքը» (Ա Կորնթ. 15:13-14):

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում, որը համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշը, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, անդաստանի արարողություն և Սուրբ Պատարագ է մատուցվում: Սուրբ Հարության տոնին մենք միմյանց ողջունում ենք ասելով`  Քրիստոս հարյավ ի մեռելոց, պատասխանում` օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: Մեզ և ձեզ մեծ ավետիս: Այս տոնին, սիրելիներ, եկեք վերստին անդրադառնանք մեր մարդկային տկար բնությանը, նորոգենք մեր կյանքը` Քրիստոսի հարության լույսով, լցվենք Աստվածային սիրո շնորհներով ու ներենք մեկ մեկու: