• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԾԻՍԱԿԱՐԳ

 

 

ԱՄԵՆ ՕՐ

ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝  սկիզբը ժ.   9.00-ին

ԵՐԵԿՈՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝     սկիզբը ժ. 17.00-ին




Ապրիլի 2` Ավագ երկուշաբթի: Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և տաճարը մաքրելու օրն է: 



Ապրիլի 3` Ավագ երեքշաբթի: Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է: Նույն օրը Երուսաղեմի տաճարում լսվել է երկնային ձայնը, Տաճարի կործանման կանխատեսումը, Տաճարից Քրիստոսի վերջնականապես հեռանալը: Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է տասը կույսերի առակը եւ Վերջին Դատաստանի բացատրությունը, ինչպես նաեւ Ջրհեղեղը եւ մարդկության կրկին սկզբնավորումը: 



Ապրիլի 4` Ավագ չորեքշաբթի: Մեր Տիրոջ մատնության հիշատակի օրն է: Հիշատակվում է Քրիստոսի օծումը եւ Հուդայի մատնությունը: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը: 



Ապրիլի 5` Ավագ հինգշաբթի: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է:  Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ: Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում)  կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ: Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Հանդիսավոր Սբ. Պատարագ ժ. 11.00-ին: Ոտնլվայի կարգը կսկսվի ժ. 16.30-ին: Ընթացքում կօրհնվի յուղը: Հսկում, կամ Խավարում` սկիզբը` ժ.19.00-ին: 



Ապրիլի 6` Ավագ ուրբաթ: Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը: Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետեւ Քրիստոս պատարագվեց խաչի վրա: Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը: Խաչելության կարգ` սկիզբը ժ. 11.00-ին: Թաղման կարգ և հանդիսավոր թափոր. սկիզբը` ժ. 17.00-ին:



Ապրիլի 7` Ավագ շաբաթ: Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ: Քրիստոսը մահից հետո իջավ դժոխք, ավերեց այն` փրկություն շնորհեց արդարների հոգիներին: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ: Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաեւ Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ: Ճրագալույցի Սբ. Պատարագի սկիզբը ժ. 18.00-ին: 



Ապրիլի 8 Կիրակի: Սուրբ Զատիկ: Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի: Տոնական Սբ. Պատարագ: Սկիզբը ժ. 11.00-ին:



Ապրիլի 9 Երկուշաբթի: Ննջեցյալների հիշատակության օր` Մեռելոց: Սբ. Պատարագ և ընդհանուր հոգեհանգիստ: Սկիզբը ժ. 10.30-ին:

                                                                                                  www.qahana.am