• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուխտագնացություն

 

 

    Ուխտագնացությունը հոգևոր բարեպաշտական արարողություն է, հոգևոր մի ճանապարհորդություն, որի ընթացքում քրիստոնյան ինքնաքննման, ինքնամաքրման, ապաշխարության միջոցով որդեգրվում է աստվածային կենսապարգև շնորհներին, նորոգում իր ուխտն աստծո հետ, հաղորդակից դառնում աստծո կենդանի խոսքին ու քրիստոնեական ճշմարտություններին: Ուխտագնացությունն ինքնանպատակ չէ. աստվածճանաչության ճանապարհին այն անհատին հասու է դարձնում քրիստոնեական հավատալիքներին, սրբավայրերի պատմությանը, Քրիստոսահիմն ու առաքելահաստատ հավատքի մագաղաթյա ու քարեղեն գոհարներին, հայ ծեսին ու բազմադարյա ավանդույթների արմատներին: Ճշմարիտ քրիստոնյա հավատացյալը չի կարող կույր ու մոլի լինել: Նա  ազգի ու ժողովրդի պատմությանը, մշակույթին ու դավանանքին քաջատեղյակ հավատարիմ կրողն է: Ուխտի հաստատման առաջին օրինակը մենք հանդիպում  ենք Աստվածաշնչում, երբ աստված իր ուխտը կնքեց մեր նախածնողների հետ, որոնք, սակայն,  հավատարիմ չմնալով այդ ուխտին, արտաքսվեցին դրախտից: Աստվածադիր այդ օրենքը,  ուխտը կարող ենք վերականգնել բարեգութ աստծո նախախնամությամբ, որը գրավականն է աստվածային անսպառ սիրո, ներողամտության և մարդկության  աստվածային փրկագործության: Հայ հավատացյալի կյանքը պետք է լինի հոգևոր մի ճանապարհորդություն, մի ուխտագնացություն դեպի երկրավոր դրախտ` Հայաստան աշխարհ, դեպի վերազարթոնքը հայոց հավատի: Ուխտագնացության նպատակը` մեր հայորդիներին  մեկ ընդհանուր գաղափարախոսության շուրջ համախմբելն է, քրիստոնյայի կերպարը զորացնելը  ու միասնաբար աղոթելը մեր նախնյաց սուրբ հողի վրա: Ուխտագնացությամբ մերձենում ենք հոգևոր մշակութային արժեքներին ու գաղափարներին, հնարավորություն ենք ստանում ինքնճանաչման ու ներհայեցողության միջոցով հաղորդակցվելու աստվածային պատգամներին,  մեր հոգևոր հարուստ ժառանգությանն ու զարդարվելու աստվածային հոգեիմացությամբ` արժանանալու և ժառանգակիրները լինելու  հավիտենական կյանքի :