|
|
Կառուցվածքը և բովանդակությունը
Արհեստագործական դպրոցում կարող են սովորել 7-8-րդ դասարանի այն աշակերտները, ովքեր որոշել են հմտանալ իրենց նախասիրած արհեստի գծով և 9-11-րդ դասարանի այն աշակերտները, ում ծնողները ընտրում են կրթահամալիրում իրականացվող հանրակրթության և մասնագիտական ուսուցման ներառման մանկավարժական գիտափորձի ծրագիրը:
Սովորողները ընդհանուր կրթությունից բացի, իրենց ընտրությամբ, ստանում են արհեստագործական կրթություն առաջարկվող արհեստներից ընտրելով մեկը կամ երկուսը: Արհեստագործական դպրոցում գործում են հետևյալ ուսումնական արհեստանոցները`
- ոսկերչության
- գորգագործության
- թելի գեղարվեստական մշակման
- կարուձևի և մոդելավորման
- խեցեգործության
- փայտամշակման և հյուսնության
- դիմահարդարի
- վարսասհարդարի
- խոհարարության
- կոշկակարության
- ռադիո-էլեկտրատեխնիկայի
Սովորողներն արհեստներ սովորում են կահավորված արհեստանոցներում ու լաբորատորիաներում:
Ծնողների ցանկությամբ արհեստների ուսուցումը կարող է կազմակերպվել փոքր խմբերով և նույնիսկ` անհատական: Սովորողներն ստանում են նաև լիարժեք հանրակրթություն, որը նրանց հնարավորություն է տալիս ցանկության դեպքում նաև դիմելու բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Դպրոցն ավարտողները միջնակարգ կրթության ատեստատի հետ ստանում են նաև արհեստագործի պետական որակավորում:
Մեր աշակերտը
Աշակերտն ակտիվ և օգտակար գործունեության միջոցով հմտանում է ընտրած մասնագիտության մեջ, դառնում ունակ ձեռք բերած հմտությունը հետագայում կատարելագործելու և աշխատատեղ ապահովելու համար:
Բոլոր սովորողները ստանում են համակարգչային գրագիտություն, օգտվում ինտերնետից:
Յուրաքանչյուր սովորող դառնում է կրթահամալիրի մարզական ակումբի անդամ և մասնակցում համապատասխան մարզաձևի թիմային պարապմունքներին
Յուրաքանչյուր կիսամյակի վերջում սովորողները ներկայացնում են մասնագիտական գործունեության ստեղծագործական հաշվետու ցուցահանդես:
Մեր ուսուցիչը
Դպրոցում աշխատում են հմուտ մասնագետներ, ուսուցիչ-վարպետներ, ժողովրդական վարպետի կոչմանն արժանացած, բազմաթիվ մրցույթներում հաղթած, ստեղծագործական աշխատանքով զբաղվող
ուսուցիչ-վարպետներ: Որոշ ուսվարպետներ պարբերաբար ներկայանում են իրենց անհատական ցուցահանդեսներով Հայաստանի մշակութային տարբեր կենտրոններում:
Հանրակրթական առարկաները դասավանդում են բարձրակարգ ուսուցիչներ, որոնք ցուցաբերում են անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխային:
| |