• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լևոն Մկրտչյանն այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ճամբարականներին

Աղբյուրը՝ yerkirmedia.am

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է արդեն ավանդական դարձած ամառային դպրոց-ճամբարը: Ակտիվ հանգիստ, ուսում, զվարճանք: Ամառային արձակուրդի ընթացքում էլ աշակերտները չեն շտապում հեռանալ կրթօջախից:

Ճամբարականներին այսօր այցելել է Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Դասերն ավարտվել են, բայց Հրայրն ու Արմանը հանգստի մասին չեն մտածում: Օգնում են, որ ձիարշավարանի բացումը հուլիս 1-ից չուշանա: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտները շինարարական-աշխատանքային ջոկատում են ընդգրկված: Փոքրիկ աշխատավարձ, օգտակար զբաղմունք, օգնություն կրթօջախին: Ընկերներ-ընկերուհիները նրանց կմիանան քննություններից հետո:

«Կատարում ենք միջին ուժային աշխատանք, հիմնականում՝ կանաչապատում, տարածքի մաքրում, բարեկարգում: Ամեն գործ էլ դժվար է, եթե ուզում ես մի բանի հասնել, պիտի մի քանի դժվարությունների միջով անցնես»,- ասում է Հրայրը:

Արմանն էլ ավելացմնում է. «Ձեռք ենք բերում հմտություններ, որոնք կյանքում շատ պետք կգան, հաճելի աշխատանք ենք կատարում»:

Օրվա ռեժիմից այսօր մի փոքր շեղվել են. Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրչտյանին են հյուրընկալել: Եկել է ծանոթանալու՝ ինչպես են համատեղում մշակութային, մարզական, ուսումնական հանգիստը: Երգ, պար, հայրենագիտական ճամփորդություն, հեծանվային արշավ, նկարչություն, խեցեգործություն… Կրթօջախում կյանքը եռում է, ինչպես դասերի ընթացքում: Վերջին անգամ Լեւոն Մկրտչյանը մոտ 7 տարի առաջ է եղել կրթահամալիրում: Ասում է՝ լավ կլինի, որ հանրակրթական այլ դպրոցներում եւս աշակերտները գիտելիքները կիրառելու հնարավորություն ունենան:

«Եթե նա կենսաբանություն է ուսումնասիրում, մի զգալի հատվածը պետք է լինի լաբորատոր աշխատանք, քիմիան նույն ձեւով: Պատմություն է սովորում, պիտի անպայման երեխան կարողանա քայլել, տեսնի այն երկիրը, որի պատմությունը սովորել է, նույնը եկեղեցու պատմության համար»,- ասաց նախարարը:

«Պատահական չէ, որ մենք ասում ենք՝ ստեղծական եւ մոբիլ: Ստեղծական, որ քո ձեռքով, քո տաղանդով, միասին որպես ուսումնական աշխատանք ստեղծի, կարեւոր չէ՝ ինչ»,- նշեց կրթահամալիրի տնօրենը:

Կրթահամալիրի շենքը, այգին, հարակից խաղահրապարակները ճամբարականների տրամադրության տակ են: Մի տեղ նկարչության դաս է, մեկ այլ տեղ մարզվում են, այս խումբը պատրաստվում է Սեւան՝ ռազմամարզական ճամբար մեկնելուն: Նախորդ տարի վրան խփել, նավակ փչել սովորել են, բայց ուսուցիչների օգնությամբ նորից թարմացնում են հմտությունները:

«Դպրոցից առանձին, որ գնում եմ ճամփորդելու, ես էսպես կանգնում եմ, ասում եմ՝ ես գիտեմ, թե ինչպես են սա անում, դուք մի կողմ եկեք, ես ձեր վրանները սիրուն կսարքեմ»,- պատմում է Անգելինան:

Կրթահամալիրի ուսուցիչները նախարարին դիմավորում են հեծանիվներին նստած: Աշոտ Բլեյանն ասում է՝ հեծանիվ քշելն ուսուցիչների համար պարտադիր է:

«Ի՞նչ կլինի, եթե ուսուցիչները հրաժարվեն այս պարտադրանքից»,- հետաքրքրվում է Լեւոն Մկրտչյանը:

«Ուրեմն՝ պիտի լողանք», — կատակում է ուսուցչուհիներից մեկը: