• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծաղկազարդ

Ծաղկազարդ

Անհիշելի ժամանակներից սերնդե սերունդ փոխանցվել է ծառի պաշտամունքը։ Հատուկ տոներ են եղել, որոնք ժողովուրդը Ծաղկազարդ կամ Ծառազարդ է անվանել։ Ծաղկազարդի տոնը, որը գալիս է հեթանոսական շրջանից և մեր ժողովրդի մոտ հայտնի է Ծառազարդ անունով, կապված է ծառի պաշտամունքի հետ։ Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Իր ժամանակին սովորություն էր նաև Ծաղկազարդի օրը եկեղեցում ծառ զարդարելը, որից մնացել են մի քանի ավանդություններ: Այսպես օրինակ, նախապես առնելով աղջկա ծնողների համաձայնությունը, տղայի մայրը կամ մի մոտ ազգական կին, Ծաղկազարդի ծառի վրա վառվող մոմերից վառելով մի մոմ, որի վրա մատանի էր անցկացված լինում, տանում և լռելյայն տալիս էր իր ուզած աղջկան, և այդ աղջիկը համարվում էր նշանված։ Ծառի պաշտամունքը համարվել է բնության կենդանության և վերապրումի նվիրագործումն ու սրբագործումը։ Ծառի մասին խոսվում է նաև Հին Կտակարանում՝ «Կենաց ծառ», «Գիտության ծառ»:
Տարբեր ժողովուրդների մոտ տարբեր ծառեր են սրբագործվել։ Ասենք, հնդիկները՝ թզենին, փյունիկեցիները՝ մայրին, Հռոմում՝ կաղնին, Հունաստանում՝ դափնին ու ձիթենին։