• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լինել, թե չլինել «պարապող». դա է խնդիրը

Մանե Գևորգյան

Ինը կամ տասը տարի սովորել և մի օր գիտակցել, որ այդ տարիների ընթացքում արել ես ոչինչ, սովորել ոչինչ ու հասել ոչնչի: Ամեն անգամ կրկնվող այս «ոչինչ» բառն իր հետ դատարկություն, մթություն ու վախ է բերում: Նայում ես հայելու մեջ ու ոչինչ չես տեսնում. նույնիկ չես կարողանում թաքնվել` դատարկության ստվերն ամենուրեք է:

Այդ «ոչնչի» օրն այն օրն է, երբ կանգնում ես որևէ ուսուցչի կամ դասախոսի առջև ու երկու կամ երեք տարի պարապելու պայմանագիր կնքում: Դա նույն է, ինչ երդվես, որ պատրաստ ես երկու տարի ծառայել հանուն անգիրի և անմտության: Հետո էլ, քանի որ երդվել ես, ստիպված ես կատարել երդումդ ու դասվես անգիրակոչիկների շարքին:

Երկու տարի կտրվում ես քեզ հետաքրքրող գրքերից, չես մասնակցում քեզ հետաքրքրող իրադարձություններին, չես մտածում քեզ հետաքրքրող թեմաների շուրջ ու ստեղծում ես նոր ու անհետաքրքիր աշխարհ. մի՞թե մեր պետությանը հարկավոր են բազում անհետաքրքիր աշխարհներ` փոքրիկ Հայաստանում:

Պարզվում է` այո:

Այս եզրակացության եմ հանգել վաղուց, սակայն զգում ու խոսում եմ հիմա, որովհետև մեր հերթն է մոտենում: Հասկանալի է, երբ մարդ կրկնուսույցի մոտ գնում է գիտելիքներն ավելացնելու կամ նոր բաներ սովորելու համար, սակայն անհասկանալի է, երբ դա անում է ավարատական կամ ընդունելության քննությունների համար:

Այդ երկու տարիների ընթացքում դառնում ես նոր, բավականին արագ աշխատող մեխանիզմ, որը լիցքավորվում է չգիտես ինչով ու աշխատում` չգիտես ինչի համար:
Գրում եմ ու զգում՝ որքան անորոշություն կա գրածիս մեջ: Բայց հետո զգում եմ, որ այսչափ անորոշության պատճառը հենց այն անորոշ քննություններն են, որոնց դեմ խոսում եմ:

Երբ ընդունելության քննությունների համար սկսում ես պարապել հայերեն` մտածում ես. մի՞թե տասը տարի ես ոչինչ չեմ սովորել, մի՞թե ես այսքան վատ գիտեմ իմ մայրենի լեզուն, եթե կարող էի երկու տարում սովորել այն ամենը, ինչ անցել եմ տասը տարիների ընթացքում` ինչո՞ւ եմ հաճախել դպրոց: Ահա այստեղ գալիս է մեծ հիասթափություն ապրելու պահը. հիասթափվում ես ու սկսում վախենալ: Բայց արդյոք հարկավո՞ր է վախենալ սեփական գիտելիքների ստուգումից, պե՞տք է վախենալ ևս մի փուլ հաղթահարելուց: Իհարկե հարկավոր չէ, սակայն ստիպում են վախենալ ու երկու տարով հեռանալ նորմալ աշխարհից` գնալով մի տեղ, ուր ո´չ հեռախոս կա, ո´չ էլ փոստատար:

Ստիպում են վախենալ իրենց «յուրահատուկ» քննություններից, որոնք իրենց արդարությամբ ու ճշգրտությամբ ապշեցնում են բոլորին: Այն աստիճան ենք ապշում, որ երկար ժամանակ մեր գիտակցությունը չի վերականգնվում:

Ինչո՞ւ չենք կարող ընդունվել բարձրագույն հաստատություններ սեփական, այլ ոչ թե կեղծ գիտելիքներով, հմտություններով, այլ ոչ թե դատարկաբանության կուրսերն ավարտած, գիտելիքներով, այլ ոչ թե մի շարք գրքեր ու կանոններ ուղեղում խառը տեղավորած:
Մի քանի օր առաջ փողոցում բղավում էինք` մենք տխմար ենք, որ համակերպվում ենք այս ամենի հետ, բայց հետո գիտակցում, որ կան ավելի տխմարներ` ովքեր լռում են:

Լռությամբ ոչինչ չենք փոխի, լռությամբ ետ չենք բերի մեր գունավոր օրերը, լռությամբ չենք հաղթի ու չենք վերականգնի մեր կյանքի երկու կարևոր տարիները:
Եթե կարելի է անընդհատ սովորել ու հանգիստ ընդունվել, ինչո՞ւ ենք անիմաստ կորցնում մի քանի տարի ու մեր կյանքի այդ երկու տարիները օրացույցում նշում կարմիր գույնով` որպես «ամենապայծառ» օրեր:
Պատկերացնում եմ, որ այսպես շարունակվի, հատուկ ընդունելության քնությունների համար պարապելու և ընդունվելու նոր երդում կունենանք` հետևյալ բովանդակությամբ.
«Երդվում եմ երկու տարի առանց քնելու ու հաց ուտելու պարապել, երդվում եմ,
Երդվում եմ չսովորել մնացած առարկաները` կենտրոնանալով միայն այդ երեք առարկաների վրա, երդվում եմ,
Երդվում եմ չկարդալ հետաքրքիր գրքեր ու չդիտել հետաքրքիր ֆիլմեր, երդվում եմ,
Երդվում եմ չմասնակցել հարազատներիս ծննդյան խնջույքներին ու հարսանիքներին, երդվում եմ,
Երդվում եմ անգիր սովորել այն, ինչ ինձ կհանձնարարեն ու երբեք չասել, այն ինչ մտածում եմ, երդվում եմ,
Երդվում եմ մոռանալ կյանիքս այս երկու տարին ` ընդունվելու ու ապագայում դիպլոմ ձեռք բերեկու համար, երդվում եմ,
Երդվում եմ չզղջալ ու հաջորդ սերունդներին օգնել այս կարևոր ուղին անցնելու համար, երդվում եմ
»:

Կարծում եմ՝ շուտով կհաստատվի այս երդման տեքստը ու շատերը, չգիտակցելով իրենց խոսքի արժեքն ու կարևորությունը, կերդվեն ու կկատարեն իրենց երդումը:
Եթե երդվենք, կկորցնենք շատ բան` ձեռք բերելով ոչինչ:
Ամեն ինչ ոչնչի հետ փոխելու պայմանագիրը կա՛մ պետք է ստորագրենք, կա՛մ վառենք առաջին իսկ պատահած լուցկով:

Ղեկավար` Հասմիկ Ղազարյան