• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծուլությունը, անտարբերությունը, չիմացությունը կործանարար են առողջության համար

Դոցենտ` Արմեն Հակոբյան

«Շարժումն իր ներգործությամբ կարող է փոխարինել ցանկացած դեղամիջոցի, բայց աշխարհի բոլոր բժշկական միջոցները չեն կարող փոխարինել շարժումների ներգործմանը», Սիմոն Անդրե Տիսսո

Այս պարզ ճշմարտությունը, կարծես թե, անհասանելի է շատերին: Շարժումների, շարժողական ակտիվության ռացիոնալ կազմակերպման ձևը ֆիզկուլտուրայի դասերն են հանրակրթական համակարգում, իսկ այդ համակարգից դուրս` մարզումները տարբեր մարզադպրոցներում և ակումբներում: Հարկ է նշել,որ աշակերտների մի խումբ ծուլության և առողջ ապրելակերպի մասին գիտելիքներ չունենալու պատճառով իրենց կյանքից դուրս են մղում ֆիզկուլտուրան, սպորտը, ինչը կործանարար է առողջության համար: Ինչպիսի՞ն է ծնողների դիրքորոշումը այս հարցում: Համարձակորեն կարելի է նշել ծնողների անտարբերության մասին: Ինչո՞ւ, որովհետև նրանք դեռևս ֆիզկուլտուրայի ուսուցչի գործընկերը չեն, քանի որ չեն հետևում երեխայի հաճախումներին, չեն ապահովում մարզական հագուստով, չեն հետաքրքրվում երեխայի ֆիզիկական զարգացման և շարժողական պատրաստվածության վիճակով, չեն ահազանգում կրթահամալիրի կողմից հնչած բազմաթիվ զգուշացումներին` երեխան վատ է հաճախում ֆիզկուլտուրայի դասերին: Մտածել և հոգալ երեխայի մասին, ամենևին էլ չի նշանակում ապահովել գեղեցիկ հագուստով, ջանքեր թափել բուհ ընդունելու համար, այլև, ըստ իս, ֆիզիկական առողջությունը ապահովելն է: Ի դեպ, գիտելիքների մասին, որոշ ծնողներ, ըստ երևույթին, խրախուսում են երեխայի հնարավորինս չմասնակցելը ֆիզկուլտուրայի դասերին, նրանց կարծիքով երեխան կհոգնի և լիարժեք չի կարողանա պարապել կրկնուսույցի մոտ:
Հարգելի ծնողներ և աշակերտներ, տեղեկացնեմ Ձեզ, որ ըստ գիտնականների, այն սովորողները, որոնց շարժողական ակտիվությունը չի համապատասխանում օրգանիզմի ֆիզիոլոգիական անհրաժեշտ պահանջին, նրանց մոտ կտրուկ կերպով ընկնում է մտավոր աշխատունակությունը, իսկ աշխատանքի որակը կրճատվում է 50 %-ով:
Շարժողական ակտիվության պակասի բացասական ազդեցության հետևանքները օրվա ընթացքում անտեսանելի են, սակայն օրերի,ամիսների,տարիների կուտակումները անխուսափելիորեն կանգնեցնում են տխուր փաստի առջև` առողջության վատթարացման: Այսօր արդեն իրականություն է, որ հանրապետության աշակերտների 60 %-ն ունեն այս կամ այն հիվանդությունը:
Զգալիորեն երիտասարդացել են և շատացել սիրտ-անոթային, շնչառական համակարգի հիվանդությունները: Գրեթե յուրաքանչյուր երկրորդն ունի հենաշարժողական համակարգի խնդիրներ` հարթաթաթություն, կեցվածքի շեղումներ:
Այս ամենը, անշուշտ, հարվածելու է նաև ձեր ընտանեկան բյուջեին` երեխայի խարխլված առողջությունը վերականգնելու համար:
Ի՞նչ են մտածում աշակերտները այս խնդիրների վերաբերյալ:Մեր կարծիքով, ծուլությունը նրանց թույլ չի տալիս ճիշտ ձևով լուծել բարձրացված խնդիրները: Հարկ է նշել, որ կրթահամալիրում ֆիզկուլտուրա առարկան կազմակերպվել է ըստ աշակերտների մարզական նախասիրությունների, յուրաքանչյուրն ընտրության հնարավորություն ունի մի շարք մարզաձևերի միջև: Մի՞ թե սա հիանալի չէ: Այս առաջադեմ մոտեցումը մեր հանրակրթության վաղվա օրն է, մի բան, որը կրթահամալիրում արդեն իրականություն է: Այդ դեպքում, ինչո՞ւ են ավագ դպրոցի որոշ աշակերտներ ոչ պարբերաբար հաճախում ֆիզկուլտուրայի դասերին: Դե, իհարկե պատճառը ծուլությունն է, անտարբերությունը առողջության նկատմամբ:
Կցանկանայի ևս մեկ անգամ հիշեցնել պատանիներին և աղջիկներին, որ դուք այսպիսի վերաբերմունքով ինքնակամ քայքայում եք ձեր առողջությունը: Ուստի, հարց է ծագում, ավագ դպրոցի հարգելի տղաներ,ինչպե՞ս եք մոտ ապագայում ծառայելու բանակում, պաշտպանելու ձեր ընտանիքի անդամներին: Համաձայն որոշ հետազոտական տվյալների, այսօրվա հայ տղաների 75 %-ը ֆիզիկապես թույլ լինելու պատճառով պատրաստ չէ ծառայել բանակում:
Ֆիզիկապես թույլ զարգացած երիտասարդը արդյո՞ք կարողանալու է կազմել ամուր ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: Սրանք հարցեր են, որոնք պետք է հուզեն նաև վաղվա մեր մայրերին: Հարցեր, որոնք պետք է մտահոգեն ծնողներին:
Մի խոսքով, եթե աշակերտները չծուլանան, իսկ ծնողները սթափվեն անտարբերության «նիրհից», ապա նրանց չի հետապնդի տխուր ապագան, առողջության կորուստը: Հակառակ դեպքում ոչ մի դեղամիջոց չի երջանկացնի Ձեզ: