Գանձասարյան հավաքի առաջին օրը
Արցախի ճանապարհին
Ձախ կողմում Սևանն է ճահճացող, աջ կողմում՝ Գավառի, Մարտունիի, Վարդենիսի գյուղերին հարող ափամերձ աղբակույտերով լի տարածքներն են` անճաշակ շինություններով: Ահա մի կիսաքանդ ու լքված տնակ, իսկ այստեղ մի քանի տոննա տարողությամբ ամբողջովին ժանգոտված մետաղյա ցիստեռն է՝ “վաճառվում է” գրությամբ: Հետաքրքիր է, թե այդ լքվածության պատմությունը քանի տասնամյակ է կազմում: Սևանի մասին բանաստեղծություններ են գրվել, երգեր են երգվել, նկարիչներն են պատկերել իրենց կտավներում: Ա՞յս Սևանի: Հազար անգամ ո՛չ:Բանաստեղծներն ու նկարիչները Հայրիվանքի գեղեցկությունն են տեսել, Սևանի ջրի մաքրությունն են տեսել, ափամերձ անարատ բնությունն են տեսել: Մի քանի հարյուր տարի առաջ ավելի ճաշակո՞վ են եղել մարդիկ: Այդ ինչպե՞ս են նրանք ժայռին համահունչ շինություն նախագծել և կառուցել: Մեր ավտոմեքենան անցնում է մի բարձր ու երկար պարիսպի կողքով: Ինչ-որ մեկը պարսպապատել է Սևանի այդ հատվածը ու այդտեղից Սևանը չի երևում: Արդյո՞ք օրինական է պարսպապատել Սևանը: Եթե նույնիսկ թղթերով օրինականացված է, ապա անբարոյականության կնիքով է կնքված: Մեր մեքենան հասնում է այն կետին, որտեղից արդեն Սևանը չի երևում:Ետևում է մնացել Վարդենիսն իր գյուղերով, իսկ առջևում կտրուկ վերելք է: Պետք է հաղթահարենք մի լեռնանցք, որից այն կողմ Արցախն է: Որքան հեռանում ենք բնակավայրերից, այնքան բնությունը աչք շոյող է դառնում: Վերանում են աղբակույտերը, անճաշակ շինությունները, ժանգոտված ցիստեռները: Մի քանի կիլոմետր անցնելուց հետո նորից զգացվում է մարդու վայրագ միջամտությունը բնության ավիրման գործում: Անցնում ենք Սոտքի հանքերի կողքով:
Ես առաջին անգամ էի այդ ճանապարհով Արցախ մտնում և այդ պատճառով էլ անտարբեր էի արագ փոփոխվող բնաշխարհի նկատմամբ: Ամենաշատը սպասում էիմեր Դիլիջանի, Իջևանի, լոռվա անտառները հիշեցնող բնապատկերներ, ինչպիսին է Գորիս- Լաչին- Ստեփանակերտ մուտքը: Պարզապես ես չգիտեի, թե ինչ է ինձ սպասում ու մի փոքր էլ զարմացա, երբ Աշոտ Բլեյանը շնորհավորեց մեզ ասելով. «Շնորհավորում եմ Թարթառի հովիտ մտնելու կապակցությամբ»: Սովորական բնապատկեր էր, ինչն էր այստեղ շնորհավորելու բան: Երբ աստիճանաբար ու աննկատ իմ աչքերին սովոր ծառազուրկ սարերը մոտեցան ու մենք արդեն Թարթառի ձորում հայտնվեցինք, երբ Բլեյանը նորից ու նորից ասում էր. “Նայե՛ք աջ, հիմա ձախ կողմը նայե՛ք”, ինձ թվաց, որ մի նոր երբևէ չտեսած ու չզգացած բան եմ տեսնում ու զգում : Տիտաննե՞րն էին իրենց եղունգներով քերել ժայռերը ու բազալտե շերտավարագույրներ ստեղել: Իսկ ահա այստեղ նրանք իրենց մատները դրոշմել էին ժայռերին՝ գրեթե նույն զարդանախշերով շրջանաձև փոսեր առաջացնելով: Մենք Արցախի «Շահումյան» վարչական տարածքում ենք: Ճանապարհային ոլորանի ամենատեսանելի վայրում մի ցուցանակ է փակցված՝ “Պահպանեք բնությունը’’ գրությամբ: Արցախի բնակիչները սրբորեն են կատարում այդ պատգամը: Այս վարչական տարածքում նրանք ոչ մի թիզ հող չեն մշակում, ոչ մի ծառ չեն տնկում: Բնությունն այստեղ խորհրդարանական պատգամավորի նման անձեռնմխելի է: Երբ այս մասին խոսեցի մի արցախցու հետ, նա ասաց, որ այդ շրջանի անտառներում այնքան միրգ ու ընկույզ կա, որ անհրաժեշտություն չկա նոր մրգատու ծառեր տնկելու, իսկ Թարթառի ձախ ափն էլ չիչխանի ծառերով է պատված ու հավաքող էլ չկա: Վանք գյուղի փոքրիկ խանութներում էլ գործարանային մածուն են վաճառում, որը բերվում է Ստեփանակերտից: Այստեղ հազվադեպ ընտանիքներ են կթում իրենց կովերին: Բնական ընթացքին չեն միջամտում. կաթն ամբողջությամբ մնում է հորթերին:
Գանձասարյան հավաքի երկրորդ օրը
Թող խաղաղ անցնի ձեր ծառայությունը
Վանք գյուղի դպրոցում մեր հավաքի պաշտոնական բացումից հետո բոլոր մասնակիցներով ուղևորվեցինք տանկային մի զորամաս, որտեղ մեզ շատ լավ ընդունեցին: Ճաշեցինք զինվորական ճաշարանում: Շրջեցինք զորամասում ու պարզվեց, որ մի զինվոր մեր կրթահամալիրի շրջանավարտ էր՝ Անի Սարգսյանի դասընկերը: Վերջում, երբ հրաժեշտ էինք տալիս, մոտեցա այդ զորամիավորման հրամանատարին, որպեսզի շնորհակալություն հայտնեմ մեզ լավ ընդունելու համար, ու երբ նա ուզում էր ասել, որ պատրաստ են ..., ես չթողեցի, որ նա վերջացնի բոլորին հայտնի այդ նախադասությունը և ասացի, որ մաղթում եմ իրենց խաղաղ ծառայություն:
Գանձասարյան հավաքի երրորդ օրը
Մեր անգլիացի հյուրը
Հոկտեմբերի 23-ը անգլախոսների ակումբի համար բացառիկ հետաքրքիր օր էր: Վաղ առավոտյան ոտքով Գանձասար բարձրացավ մի չշտապող անգլիացի զբոսաշրջիկ: Ինձ համար դա ամենաուրախ անակնկալն էր, որ կարելի էր ստանալ ակումբների հավաքին, առավոտյան ժամը 7:30-ին, երբ մտածում էի, թե ինչպես եմ սկսելու այդ օրվա ակումբի աշխատանքը: Ասում են, որ անգլիացիները ինքնամփոփ, օտարների հետ չշփվող մարդիկ են: Մեզ բաժին հասած անգլիացին բոլորովին չէր համապատասխանում անգլիացիների կերպարին, որի մասին նույնիսկ դասագրքերում է գրված: Անգլիական Լիդզ քաղաքի երիտասարդ ձեռնարկատեր Քեյֆ Գրեգորին անգլիական նուրբ հումորով, կենսուրախ, շփվող, անընդհատ խոսող ու խոսակցությունն ուղղորդող անձնավորություն էր: Մեր անգլախոսների ակումբի անդամները Ստեփանակերտի ավագ դպրոցի սովորողների հետ մոտ մեկ ժամ զրուցեցին Քեյֆի հետ: Զրույցին մասնակցեցին նաև Նարեկ Սահակյանը, Դիանա Զորոյանը ու Գեղարվեստի ավագ դպրոցի անգլախոսների ակումբի անդամ Սեդա Մինասյանը, իսկ հետո միասին նախաճաշեցինք: Քեյֆը մեզ միացավ նաև Վանք գյուղի դպրոցում և մոտ 4 ժամ ամենաիսկական ակումբային աշխատանք արեցինք: Երևանում հնարավոր չէր լինի նույնիսկ երազել այդ մասին: Կազմակերպեցինք քննարկում ապագա մասնագիտության ընտրության թեմայով, խոսեցինք արտերկրում կրթությունը շարունակելու առավելությունների և դժվարությունների մասին, մի քանի լեզվական խաղեր խաղացինք, իսկ վերջում Նարե Հովհաննիսյանը, Աննա Մկրտչյանը, Եվա Մարկոսյանը դաշնամուրի նվագակցությամբ երգեցին անգլերեն երգեր: Քեյֆը նկարահանում էր այդ անսպասելի համերգը և մերթ ընդ մերթ շրջվում էր իմ կողմն ու ասում. « Ինչ հրաշք երեխաներ են»: Քեյֆին ճանապարհեցինք Ստեփանակերտ ժամը 3-ին և վերադարձանք Գանձասար: Ճաշից հետո մեր ակումբը հյուրեր ունեցավ Գերմանիայից և Լեհաստանից: Փաստորեն Գանձասարի հյուրերը նաև մեր հյուրերն էին: Գերմանացիների հետ խոսեցին Եվա Մարկոսյանը, Աննա Մկրտչյանը և Անի Մանուկյանը: Նրանք ամուսիններ էին, և պարզվեց, որ կինը նույնպես մանկավարժ է և աշխատում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ: Երբ ասացի, որ մեր դպրոցը նույնպես ուշադրություն է դարձնում ներառական կրթությանը, նա անթաքույց ուրախություն ապրեց այդ պահին: Նա վաթսուն տարեկան կին էր և իր ամբողջ կյանքում աշխատել էր միայն այդպիսի երեխաների հետ ու անչափ սիրում էր իր գործը:
Երեկոյան անգլախոսների խումբը մասնակցեց Արման Երանոսյանի կազմակերպած բանավեճին՝ “Ռուսերենի՞ն, թե անգլերենին տանք նախապատվությունը” թեմայով:
Գանձասարյան հավաքի չորրորդ օրը
Ակումբների գործունեության ներկայացումը միջազգային դիտորդների առկայությամբ
Հոկտեմբերի 24-ը մառախլապատ, անձրևային օր էր ու որոշվեց այդ օրը չգնալ Վանք գյուղը և նախաճաշից հետո կազմակերպել ակումբների գործունեությունների ներկայացում հենց Գանձասարում: Միշա Ավդալյանն իր սարքավորումներով շատ արագ ճաշարանը վերածեց ներկայացումների ցուցադրման սրահի: Նոր էին Ասկերանից եկած սովորողները սկսել իրենց ցուցադրությունը, երբ ինչ-որ մեկը ներս մտավ և ասաց, որ երեք արտասահմանցիներ են եկել Գանձասար: Պարզվեց, որ նրանք Լոնդոնից եկած հնեաբան գիտնականներ էին և Հայաստանում ու Արցախում քարանձավներ էին ուսումնասիրում: Թեև նրանք չշտապող զբոսաշրջիկներ չէին, այլ իրենց ժամանակը շատ թանկ գնահատող գիտնականներ, նրանք համաձայնվեցին ներկա գտնվել մեր անգլախոսների ակումբի ցուցադրությանը և հաճելիորեն զարմացան, երբ լսեցին մեր կայքի անգլերեն էջի մասին տեղեկատվությունը: Տեղեկատվությունը անգլերեն ներկայացրեցին Աննա Մկրտչյանը, Եվա Մարկոսյանը, Նինա Հովհաննիսյանը, Հովհաննես Դալլաքյանը, Նարե Հովհաննիսյանը և Նելլի Հարությունյանը: Դեռ չէինք հասցրել ճանապարհել անգլիացիներին, երբ երկու ուրիշ զբոսաշրջիկներ մեզ ձեռքով արեցին: Երևի կարծեցին, որ մենք Գանձասարի վանական համալիրի աշխատողներ ենք: Ես մոտեցա նրանց ու պարզվեց, որ նրանք Նոր Զելանդիայից են ու կրկին՝ մանկավարժներ: Մեր անգլախոսների խումբը, որպես արդեն Գանձասարյան զբոսաշրջային գործակալության փորձառու աշխատակիցներ, արագ ցույց տվեցինք եկեղեցին, ու նորից հրավիրեցինք մեր ճաշարան՝ ներկա գտնվելու ակումբների ներկայացումներին: Քանի որ նրանք մանկավարժներ էին, շատ շուտ հասկացան մեր ճամբարի գործունեության էությունը, նպատակները: Այդ ժամանակ գիտակներն էին ներկայացնում իրենց ակումբը: Բոլոր հյուրերին տալիս էինք մեր կրթահամալիրի կայքի անունը և ասում, որ այն ունի նաև անգլերեն էջ՝ Միացյալ Թագավորության դրոշի տարբերանշանով: Այդ ժամանակ ես մտածեցի, որ պետք է մեր կրթահամալիրի մասին պատմող մի փոքրիկ գրքույկ ստեղծել անգլերենով, որպեսզի կարողանանք տարածել մեր կրթահամալիրի մասին տեղեկատվությունը արտասահմանյան երկրներում: Չորրորդ օրն ավարտվեց գիտակների ակումբի նախապատրաստած ինտելեկտուալ խաղով, որին մասնակցեցին բոլոր ակումբները:
Գանձասարյան հավաքի հինգերորդ օրը
Ակումբի պարապմունքը եկեղեցու բակում
Այդ օրը Արցախի հեռուստատեսության “Մեր դպրոցը” հաղորդաշարի նկարահանող խումբը եկավ Գանձասար՝ լուսաբանելու մեր հավաքը: Որոշեցինք մեր անգլախոսների ակումբի պարապմունքն անցկացնել եկեղեցու բակի թթենու տակ: Նկարահանող խումբն առաջինը մոտեցավ մեր ակումբին: Սկզբում մի քանի րոպե նկարահանեցին անգլերենով ընթացող մեր պարապմունքը, իսկ այնուհետև հեռուստալրագրողը սկսեց հարցազրույցը մեր հետ հայերենով: Հարցազրույցին մասնակցեցին մեր ակումբն ընտրած ճամբարականները Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցից: Նրանք շատ բարձր գնահատեցին հավաքի դերը և հիացմունքով խոսեցին մեր կրթահամալիրի ակումբների ղեկավարների մասին: Ես էլ իմ հերթին ասացի, որ հիացել եմ Արցախի երեխաների ուսումնատենչությամբ: Նրանք անընդհատ անգլերենի հետ կապված մասնագիտական հարցեր էին տալիս ինձ:
Նկարահանող խումբը մոտեցավ բոլոր ակումբներին և, իմ կարծիքով, շատ մանրամասն լուսաբանում է լինելու Արցախի հեռուստատեսությամբ, որը եթեր է տրվելու չորեքշաբթի օրը: Կայքում դրվելու է հաղորդման հղումը:
Խոսք շնորհակալության
Յուրաքանչյուր որոշում, հրահանգ, ծրագիր, նախագիծ իրականանում է իր կատարողներով: Կատարողները սովորողներն ու ակումբի ղեկավարներն էին:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Անահիտ Գևորգյանին՝ իր արդար, հոգատար, խստապահանջ, ամենահաս, հարց լուծող, այլ ոչ թե միայն հարց բարձրացնող ղեկավարության համար. Արտակ Զարգարյանին ու Էմանուել Ագջոյանին՝ բացի իրենց ակումբային աշխատանքից ճամբարում կարգապահությանը աչալուրջ հետևելու համար, Արման Երանոսյանին՝ իր կազմակերպած բանավեճի ու աննկատ կերպով ամենատարբեր հարցերով Ռազմիկ Հակոբայնին օգնելու համար, Ռազմիկ Հակոբյանին՝ Ճամբարի ու Վանք գյուղի կապը պահելու համար, Հայկուհի Հովհաննիսյանին՝ իր կայտառ, եռանդով լի մարզական պարապմունքների համար, Անի Սարգսյանին ու Միշա Ավդալյանին՝ բոլոր միջոցառումներին համակարգչային սպասարկումը բարձր մակարդակով կատարելու համար, Մարթա Ասատրյանին՝ իր ակումբով հաճախակի ճամփորդելու համար վերջապես Գայանե Նիկողոսյանին հատուկ շնորհակալություն՝ արագ պատրաստվող սննդով մեզ կուշտ պահելու համար: Եվ իհարկե Աշոտ Բլեյանին, որն ամեն ինչ արեց, որպեսզի այս հավաքը մեկնարկի, ընթացք ու բարեհաջող ավարտ ունենա:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի և Նարեկ Սահակյանի