• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ում է հեշտ մեծացնել. տղա՞, թե աղջիկ երեխային

 Իրինա Վոպյանսկայա (efamily.ru)

 Երեխայի սեռը դաստիարակության խնդրում նշանակություն ունի, բայց այս հարցին պատասխանելու համար պետք է հաշվի առնել նաև ծնողերի անհատականությունն ու սպասելիքները։

Աղջկա դաստիարակությունը

Աղջիկ դաստիարակող մայրերը բախվում են դժվարությունների մի ամբողջության հետ։ Ստորև նկարագրված են բնավորության գծերի ավելի հաճախ հանդիպող խնդիրները, որոնք շատ տարածված լինելու պատճառով կարող են կարծրատիպեր համարվել։
Աղջիկներն ավելի զգացմունքային են
Շատ մայրեր նկատում են, որ փոքր տարիքի աղջնակների տրամադրությունը հաճախ է փոխվում թախծոտից ուրախի, բարեկամականից ինքնամփոփի, ի տարբերություն տղաների, ովքեր ավելի հակված են «լողալու հոսանքի ուղղությամբ»։
Ավելի հաճախ են վիճում ու հակաճառում
Աղջիկներն ավելի շուտ են սկսում խոսել և աճի որոշակի առանձնահատկություններից ելնելով՝ ավելի արագ ու ավելի լավ են յուրացնում վերբալ հմտությունները։ Այո, դա մի կողմից լավ է։ Մյուս կողմից՝ ստիպված եք գործ ունենալ բոլոր կամակորությունների, հակաճառումների և անհատականություն դառնալու գործընթացում ուրիշ դրսևորումների հետ։
Զգացմունքային ագրեսիվ են
Տղաներն իրենց ագրեսիան արտահայտում են ֆիզիկական մեթոդներով, այնինչ աղջիկները գրոհում են բառային միջոցներով՝ կծու մեկնաբանություններ, բամբասանքներ, կարող են չշփվել, խաղերից դուրս թողնել, ամեն կերպ արհամարհել։

Տղաների դաստիարակությունը

Մայրերի կարծիքով՝ տղաների դաստիարակության գործընթացում առավել խնդրահարույց կետերը հետևյալներն են.

Տղաներն ագրեսիվ են և ֆիզիկապես ակտիվ
Նրանք մշտապես խաղի պրոցեսում են. ցատկում են, ընկնում, կահույքն են որպես ցատկահարթակ օգտագործում։ Տղաները միշտ պատրաստ են մի բան ջարդելու կամ փչացնելու։ Սա երկու պատճառ ունի՝ ֆիզիկական բարձր ակտիվությունն ու անհատականության ցածր մակարդակը, ինչն ազդում է դժվար հասկանալու վրա, որ «ջարդելն» ու «փչացնելը» վատ բաներ են։
Սկզբում բառային հաղորդակցումը որոշակիորեն դժվար է լինում
Բառային հմտությունները տղաների մոտ ավելի ուշ են զարգանում, քան աղջիկների։ Տարբերվում են նաև այդ հմտությունների ոճերը։ Աղջիկները հակված են քննարկելու մի քանի տարբերակներ, տղաներն արտահայտում են միայն այն, ինչ հաստատ ուզում են ստանալ, վերցնել կամ անել։ Օրինակ՝ իրավիճակը, երբ ընտրում են՝ որ մուլտը նայեն։ Աղջիկները կքննարկեն թե՛ իրենց, թե՛ ձեր առաջարկները։ Տղաները կպնդեն իրենցը՝ «Պակեմոնները» ամենալավ մուլտն է։
Ցանկացած գործունեություն վերածում են մրցության
Նրանք մրցում են հասակակիցների, իրենց քույրերի ու եղբայրների, ծնողների հետ։ Եթե երկու որդի ունեք, երբեմն մրցության կիրքն օգնում է. եթե ուզում եք, որ նրանք արագ հագնվեն կամ արագ սնվեն։

Միայն թե կարծրատիպերը միշտ չէ, որ գործում են
«Տիպիկ առնական» կամ «տիպիկ կանացի» վարք պատահում է երկու սեռերի մոտ էլ։ Որպեսզի դաստիարակությունը ձեզ համար մղձավանջ չդառնա, հարկավոր է պարզել՝ ինչն է ձեր երեխայի մեջ վատ տրամադրության նոպա առաջացնում, և ինչպես դրա դեմ պայքարել։

Եթե աղմկոտ երեխա է. առավելությունները- ձեր որդին ֆիզիկապես ակտիվ և շփվող է, ինչը նրան հետագայում հնարավորություն կտա կյանքում իր տեղը գտնել։ Որ երեխան ձեզ «չգժվեցնի» ու բնակարանը շաղ չտա, անհրաժեշտ է մի շարք միջոցներ ձեռք առնել։ Ամեն օր երեխան պիտի բաց օդում ակտիվ խաղա. վաղ մանկությունից նրան կարելի է ընդգրկել մարզական խմբակում։
Աղջիկը կարողանում է քծնել և այդպես հասնել իր ուզածին՝ ստիպելով, որ փոխեք ձեր տեսակետը. առավելությունները –աղջիկը նպատակասլաց է։ Նա խոսքային ակնհայտ տաղանդ ունի, կարողանում է մարդկանց հակել իր կարծիքին։ Պաշտպանեք այդ տաղանդը, շփվեք նրա հետ այն թեմաներով, որոնք հետաքրքիր են երկուստեք։ Եթե ձեր կարծիքները չեն համընկնում, դուք, որպես մայր, ուզում եք որ նա ինչ-որ բան չանի, աշխատեք սառնասրտություն պահպանել և մնացեք ձեր կարծիքին, որքան էլ կրակոտ վիճի երեխան ձեզ հետ։
Աղջիկը կոտրում է խաղալիքները. առավելությունները- աղջնակն ուզում է իմանալ դրանց կառուցվածքը։ Դա ինտելեկտուալ հետաքրքրասիրության նշանն է։ Այդ դեպքում հատուկ ճանաչողական նշանակության խաղալիքներ գնեք, խաղալիքներ, որ քանդվում ու հավաքվում են։ Իսկ եթե երեխան ընդամենը հաճույք է ստանում կոտրելուց, թաքցրեք թանկարժեք խաղալիքները, մինչև սովորի դրանք չփչացնել։

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատասխան է ունենալու «ո՞ւմ է հեշտ դաստիարակել» հարցը։ Ճիշտ է, եթե հրաժարվենք կարծրատիպերից, դաստիարակման գործում դժվարությունները կախված չեն սեռից։ Ամեն ինչ պայմանավորված է բնավորությամբ ու անհատականությամբ ։ Երեխաների հետ մի՛ կապեք չարդարացված սպասելիքներ։ Կենտրոնացեք երեխայի՝ ճիշտ ուղղությամբ զարգանալուն։ Միշտ առավելություն գտեք նույնիսկ բնավորության «ամենավնասակար» գծերի մեջ, որովհետև հնարավոր է՝ դրանք «վնասակար» են միայն ձեր աչքին։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը