• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չկարողացա չասել, մտածեք` ինչ ուզում եք

Նունե Մովսիսյան

Թվում է` վաղուց պիտի սովորած լինեինք ձևի և բովանդակության խեղաթյուրման հայկական տարբերակի  դրսևորումներին, բայց չէ′, չի′ ստացվում  ու վերջ: Նմանօրինակ` ձևով նոր, բովանդակությամբ սովետական, սցենարով ընթացավ նաև  «Նորարար ուսուցիչներ» մրցույթը: Դա նման էր այն վատ ֆիլմի դիտմանը, որի դեռ առաջին կադրերից կարելի է վստահաբար ասել, թե վերջում ինչ է լինելու:

Անկեղծ եմ ասում, երբ իմացա, որ իմ ներկայացրած նախագիծը անցել է երկրորդ փուլ, սկզբում զարմացա, բայց երբ ծանոթացա երկրորդ փուլում հայտնված նախագծերին` զարմանքս կրկնապատկվեց: Ո՞նց, մենք անընդհատ խոսում ենք մեդիահմտությունների  շարունակական զարգացման  ու էլի շատ կարևոր բաների մասին ու միաժամանակ ամեն ինչ անում ենք, որ դրանք առաջընթաց չունենա՞ն, թե՞ մեր դպրոցներում հումանիտար առարկաներ չեն դասավանդվում:

«Նորարար ուսուցիչների» հայաստանյան 2-րդ ֆորումի հարգելի կազմակերպիչներ, կարո՞ղ եք ինձ բացատրել, ինչո՞ւ կրտսեր դպրոցն ու հումանիտար առարկաները ներկայացնող  նախագծեր չկային: Հո չե՞ք ասի` հայտագրված նախագծեր չեն եղել: Առնվազը ծիծաղելի է հավաքվել մի տեղում ու հիանալ, որ ինֆորմատիկայի ուսուցիչը համակարգչային հմտությունների է տիրապետում, իսկ հանրահաշվի ուսուցիչը լավ հանրահաշիվ գիտի: Դա նույնն է, թե ազատ թեմայով շարադրություն հանձնարարես տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց ու հետո  գովաբանես բանասերի գրածը, որովհետև այն զերծ է  քերականական սխալներից:

Ավելի լավ առաջարկ ունեմ. մյուս տարի մրցույթը հայտարարելուց առաջ, բարի եղե′ք, անպայման նշեք, որ ընդունվում են բացառապես հանրահաշիվ, ֆիզիկա, ինֆորմատիկա դասավանդողների ներկայացրած նախագծերը, թե չէ կրտսեր դպրոց կամ  հումանիտար առարկա ներկայացնողները  իմ օրը կընկնեն. կնստեն ու կձանձրանան կամ էլ ձանձրույթից չմեռնելու համար բանաստեղծություն, նամակ կամ նմանատիպ ռոմանտիկ, ոչ մեկին պետք չեկող մի բան կգրեն, իսկ լավագույն դեպքում` ինձ նման կայքի համար նյութ կպատրաստեն: Հա, ի դեպ, հայաստանյան միակ լրատվամիջոցը, որն ամբողջությամբ լուսաբանեց ձեր գործունեությունը` mskh.am-ն էր:

Չկարողացա չասել, մտածեք` ինչ ուզում եք: