• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի օր էլ մեր հերթն է գալու…

Մանե Գևորգյան

Եթե մի բան ստեղծվում է, ուրեմն կա որոշակի պահանջարկ: Կար, ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ,  կրկնուսույցների մոտ չհաճախելու պահանջարկ։ Հիմա սովորում ենք ոչ թե  տասը, այլ տասներկու տարի: Վերջին տարիները նախատեսված են ընդունելության քննություններին նախապատրաստվելու համար: Այսինքն` ըստ ավագ դպրոցների ստեղծման նպատակի՝ պետք է վերանա ընդունելության համար կրկնուսույցի մոտ հաճախելու «սովորույթը»: Ավագ դպրոցը ՊԵՏՔ Է պատրաստի ընդունելության քննությունների:

Բախտներս չի բերում, որ ծնվել ենք 1994 կամ 1995 թվականներին. ամեն ինչ առաջինը մեզ վրա են փորձում. ստացվեց` կշարունակեն, չստացվեց` նոր բան կմտածեն: Էլ չեն մտածում, որ անընդհատ մեզ վրա փորձեր կատարելով՝ խաղում են մեր ապագայի հետ:
Խաղը սկսված է: Արդեն կես տարի է, ինչ Հայաստանում բացվել են ավագ դպրոցներ. սկիզբը խոստումնալից չէ:
 Հիմա ես չեմ խոսում միայն մեր կրթահամալիրի մասին, խոսում եմ` տեղյակ լինելով դպրոցների մեծ մասում տիրող իրավիճակին: Շատ դպրոցներում հիմա շատ արագ զարգանում է առևտուրը, որոշ դպրոցներում` ծուլությունը:
Սովորողների մեծ մասը կրկին հաճախում են կրկնուսույցների մոտ, իսկ ժամանակ խնայելու համար` հրաժարվում դպրոց գալուց: Կարելի է եզրակացնել, որ ոչինչ ԴԵՌ չի ստացվում: Ասում եմ «դեռ», որովհետև չեմ մոռանում, որ փորձարարական շրջանի միայն զկիզբն է. գուցե ամեն ինչ լավ լինի: Չգիտեմ՝ սա հոռետեսություն, թե լավատեսություն անվանեմ:
Վատ է, որ հիմա լավի մասին չեմ կարող խոսել սահմանական եղանակի ձևերով, կարող եմ կիրառել միայն ըղձականը կամ ենթադրականը:
Ուսուցիչների ու դասախոսների մեծ մասին կրկնուսույց դարձնում է փողի պակասը, իսկ սովորողին կրկնուսույցի մոտ գնալ ստիպում են ընդունելության քննությունների սարսափելի թեստերը կամ դպրոցում տրվող գիտելիքների պակասը:
Իսկ ի՞նչն է խանագրում` բարձրացնել ուսուցիչների աշխատավարձն ու ուսման որակը: Այս եկու գործոնների դեպքում կլինի ներդաշնակություն: Ուսուցիչը դպրոցում կտա այն, ինչ պիտի տար, իսկ սովորողը կգնահատի իր ունեցածը:
Պետությունն ուզում է ունենալ կրթված սերունդ, բայց մոռանում է կրթության մասին. չէ՞ որ ավելի կարևոր խնդիրներ կան: Մոռանում են, որ իրենք հավերժ չեն լինելու նախագահներ ու նախարարներ, մի օր էլ մեր հերթն է գալու:

Ղեկավար` Հասմիկ Ղազարյան