Ողջույններ Գերմանիայի Բեռլին քաղաքից, GETS 2011-ի գիտաժողովից: Նախ` ողջունում եմ DIGITEC EXPO 2011-ի բացումը, որն իմ կարծիքով շատ կարևոր իրադարձություն է: Հուսով եմ, որ կրթահամալիրը իրեն հատուկ լրջությամբ և կազմակերպվածությամբ կմասնակցի DIGITEC EXPO 2011-ի աշխատանքներին:
Ներկայացնում եմ իմ աշխատանքային առաջին օրվա հաշվետվությունը: GETS2011-ի հերթական գիտաժողովը կազմակերպված է բարձր մակարդակով: Մասնակիցները 36 երկրներից են, լուրջ ու կրթությամբ հետաքրքրված մարդիկ են: Բանախոսները լավ են պատրաստված: Բոլորը հրաշալի տիրապետում են տեխնիկային: Դա արդեն վստահություն է ներշնչում նրանց և նրանց ներկայացրած նյութի նկատմամբ. և´ բանավոր խոսքն է բովանդակալից, և´ պատրաստած տեսանյութերը: Հիմնականում երիտասարդ և շատ ոգևորված մարդիկ են, որոնք հիացած խոսում եմ տեխնիկայի մեծ հնարավորությունների մասին: Մասնակիցների մեծ մասը ագլիախոս է, և ելույթները ներկայացվում են բացառապես անգլերենով: Միայն մի սրահում է, որ թարգմանվում է մի քանի լեզվով, այդ թվում նաև` ռուսերեն: Մյուս սրահներում չի թարգմանվում: Բայց քանի որ կան ինձ հետաքրքրող թեմաներ նաև այլ սրահներում, որտեղ թարգմանություն չկա, ես լսում եմ անգլերեն ելույթները և որքան էլ զարմանալի է` հասկանում եմ: Ինձ շատ օգնում է ինտերակտիվ գրատախտակը. սլաքների և պատկերների միջոցով տեսանելի և համակարգված է դարձնում ասելիքը: Ահա տեխնիկայի մի առավելություն ևս:
Ասեմ նաև, որ մեր իմացած անգլերենը հաղորդակցվելու համար լրիվ բավարար է: Մենք մեծ և չհիմնավորված պահանջներ ենք դնում լեզվի իմացության վրա, մինչդեռ այն ուղղակի պետք է օգտագործել: Մի հետաքրքիր փաստ ևս` այստեղ ոչ մի տեղ ինտերնետ կապը անվճար չէ, և մի ժամ օգտագործելու համար վճարում ես տասը եվրո: Իսկ ինտերնետի որակն էլ այնպիսին չէ, որ կարողանաս քեզ պետք եղած գործունեությունը արագ կատարել: Եվ նույնիսկ SMART-ը, որ հսկայական գումարներ է ծախսել այս գիտաժողովի վրա, չի կարևորել և իր ծախսերի մեջ չի մտցրել մասնակիցների ինտերնետ կապի ապահովումը: Ինչևէ, անցնեմ գիտաժողովին: Գոնե ինձ համար մի նոր տեխնիկա տեսա` ինտերակտիվ սեղան, որի շուրջ նստած երեխաները հանգիստ տարբեր գործողություններ կարող են կատարել սեղանի վրա: Իսկ այդ գործողությունները բավականին բազմատեսակ էին, մեկը մյուսից հետաքրքիր: Իմ մոսկվացի գործընկերն ասաց, որ իրենք կրտսեր դպրոցում օգտագործում են, և շատ արդյունավետ են համարում: Մասնակիցները բավականին հետաքրքրված են ՏՀՏ միջոցների կիրառմամբ:
Հնչում են նաև քննադատական խոսքեր: Օրինակ` բանախոսներից մեկը փաստեց, որ Գերմանիայի կրտսեր դպրոցներում պրոյեկտորից այն կողմ չեն անցնում, այն էլ դրված է դասասենյակի մի անկյունում, որտեղ չի օգտագործվում:
Բանախոսները ներկայացնում էին ապագայի դպրոոցը և նրա տեխնիկական վերազինումն ըստ իրենց պատկերացումների: Եվ նշում էին, որ ամեն օր տեխնիկական նոր ձեռքբերում է մտնում կենցաղ, իսկ դպրոցը իրավունք չունի և չպետք է ետ մնա:
Ասօր այսքանը: Գիտաժողովը շարունակվում է: