• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կաթնաղբյուրի ճամփան բռնած

Նկարագրություն: 
Դեռ նախորդ օրվանից հին-ծանոթ մի թրթիռ իր անկանոն զարկով հա գնում գալիս էր ներսումս առօրեական գործ-ընթացքի հարմար-անհարմար արանքներում, ու հենց ուզում էի հասկանալ՝ էդ որտեղից էկող բան է, մի տեսակ շունչս կտրվելու աստիճանի հասած էր արդեն լինում ու միագամից մտքիս էր թնդում, որ ճամփա եմ ընկնելու: Պարտավորեցնող, ինձ շատ հարազատ ճամփա. քարոտ, ամայի, տեղ-տեղ աշունին տվող ծառ ու այգի, բայց ոչ շատ ընդարձակ՝ փոքր, մի նաֆար պահող. էս տարածքին ավելի հատուկ են անասնապահության երանգներ, դես ու դեն շաղ եկող նախիր ու մինչև վերջ ուղեկցող հոսանքի սյուների կանոնիկ շարք՝ պարի պես բռնած ճամփան՝ լարերն էս ու էն կողմ շորոր կապած: Արդեն աղմուկից եռ եկող էրեխեքի հայացքների ու ընկեր Իվետի՝ իրեն հատուկ ճշգրիտ ցուցում-տեղեկատվություն տվող խոսք-պատումի արանքից նորովի երևացող հարազատ ճամփան տանում էր մեր գյուղ՝ Կաթնաղբյուր, իսկ մեր նախագծով նաև էնտեղի դպրոց, մի երկու ամրոց ( Զաքարեի, մյուսն էլ՝ դեռ անանուն, ենթադրվում է ուրարտական ժամանակագրությանը թվագրվող ամրոցներ) ու նորաբաց Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարան, հուշահամալիր: Ու էստեղից է, որ ավելի պարտավորեցնող, երեկվանից հուզում բերող կարոտը. կարոտը ոչ էս քար ու քռա, անգույնին տվող ճանապարհի, այլ քեռի Մուշեղի, թե՝ հայրիկի, կամ էլ տատիս պատումներով սրանց մեջ օրինակ գտած էն էրգրի, էն քարի, էն Դավոյի բռնած ու սրա հետ նույնացող ճամփի, նույնացած մամռած քարի մի անուշ կարոտ, որ ինչքան էլ ներսդ առած լինես, մեկ է՝ քաղաքի անց ու դարձի կախարդական աղմուկը տանում, հեռացնում է էնքան, որ մեկ-մեկ էլ դրա տեսիլն անգամ անհույս կորցրած՝ թվում է անհետ ու անդարձ...բայց հերիք է մի խոսք անգամ դեպի էդ ճամփան, ու ոնց նախորդ օրվանից է, պիտի իմանաք՝ ի՜նչ տեսակ ուժգին թափով է էլի գալիս նույն կարոտը, խառնում միտքդ էդ ճամփին, լրանում, ու դեռ ճանապարհին՝ տեղ չհասած, արդեն բավարար, ինքնագոհ ու խաղաղ, ու անուշ ու էդ ճամփի քամու հունը նորից բռնած… Մինչ մեր դպրոցի էրեխեքն աշխույժ հարցաշարով, ձայնարկիչով իրենց անսովոր թվացող գյուղի դպրոցն էին դիտարկում, մինչ կավիճով գրատախտակի, զգաստ ոտքի կանգնող իրենց տարեկից էրեխեքի ասք ու խոսքն էին տեսագրում ու պահպանում, ճանապարհին ինձ տիրած խաղաղը, որ կանխատեսվում էր դեռ երկար պիտի տարածված մնար, միանգամից շուռ եկավ ու գլխիս փլվեց էն տեսակ մի տարօրինակ շրմփոցով, որ մնացած ամենքը դառան տեսիլ միայն՝ խուլ ձայներով, հեռվում՝ կեսընկալված ու հասկացված...շունչս սկսեց ավելի հևալ, երբ միտքս արագ-արագ ուրվագծեր ու ամեն տեսակ տեսարաններ էր հնարում էն շատ հնում էստեղ ընթացող անցուդարձի, տատիս՝ ընկ. Մանուկյանի արած քայլքի, խոսքի, խաղաղ տոնով պարտավորեցնող հայացքի ու էդ ամենին խառնված՝ հայիրիկիս…ինձ ու ինձ հնարում էի՝ ու՞ր է նստել հայրիկն էստեղ, մտմտում էի՝ ո՞նց ու ո՞ր դռնից է մտնում-ելնում, էս էրեխեքի պես հրես ոտքի ելնում, պատասխանում ու ո՞վ գիտի՝ ինչ երազ-տեսիլներ է իր գլխում հնարել՝ էս նստարաններին նստած, որոնք ոնց որ թե անտեղյակ էին մնացել ժամանակի ընթացքին. ամենուր սովետական շրջանին հատուկ, տարիների շարժից մաշված կարմիր փայտե, հատակ ծառայող տախտակներ էին, նույն՝ դարին հատուկ խոսքերը պատին, խունացած գաղջ հոտով միջանցքներ, որ մի տեսակ լուռ թախիծ ու տխրության շղարշ են վրադ լցնում, ու մեկ էլ դրանց արանքից ծանոթ մի դեմք՝ հայրիկիս նկարն էր վերևի շարքի կենտրոնում, որից սիրտս մի քիչ աշխույժ եկավ ու ժպիտ խաղաց (ինչ լավ է, որ ինձ սովոր դպրոցում, որ սովորել եմ (հիմա էլ սովորում եմ էն, ինչ էն ժամանակ չկար) ու հիմա էլ աշխատընթաց եմ շարունակում, պես-պես գույներ կան, սինյոր պոմիդոր դարձած, մեր խելքին ընկած տնօրեն կա, Արատեսյան արշավներ ու ինչ ասես որ կա): Հայրիկի պատանի տարիքի լուսանկարի հետ մտովի խաղալով, բաներ հնարելով հասանք Գալշոյանի հուշահամալիր, ուր դեմ հանդիման ելանք Քեռի Մուշեղի զուլալ կապույտի արտացոլանք Սիրանուշի աչքերին. բացառիկ թափանցիկ կապույտ, ինչպիսին, որ հայրիկինն է նաև ու էն կողմից էկող համարյա թե ամեն մեկինը. լազուր- կապույտ, խարտյաշին տվող մազ-թարթիչ ու փառահեղ խորացող հայացք: Հե՜յ գիտի, միտքս ինչ թափ հավաքած ուր էր մեկ գնում, մեկ՝ շնչակտուր՝ նոր մամռած քարով տարված գալիս ու էլի պտտվում անգույն լուսանկարի հայրիկի աչքերի կապույտի շուրջբոլորը, լցվում էդ զուլալ կապույտով, անցյալի հուշ-տեսիլներով ու մի անու՜շ կարոտով լիքը տունդարձի ճանապարհ բռնած՝ ամփոփվում Արուճի խորհրդավոր տարածքով, ներսում տարածված մի գաղտնի մենախոսություն- սպասումով: