Օր առաջին և երկրորդ
Հասել ենք Ստամբուլ, բայց երկու ժամ է, ինչ խցանման մեջ ենք և չենք կարողանում մտնել քաղաք: Հայտնի չէ, թե երբ կհասնենք հյուրանոց: Երկու օր է ճանապարհին ենք, երեխաները երկու գիշեր քնել են մեքենայի մեջ, և ի պատիվ մեր վարորդների` Գարիկ և Գևորգ Ղազարյանների, ժամանակը ճիշտ ենք օգտագործել, սակայն այս խցանումը ամեն ինչ խառնել է` ժամանակի անիմաստ կորուստ: Առաջին անհարմարությունը Թուրքիայում: Առայժմս Թուրքիան ներկայացել է մեզ որպես քաղաքակիրթ, ժամամակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող երկիր: Հաճելիորեն զարմացած եմ մեր հարևանների այս որակների վրա` չէի սպասում: Գերմանիայից հետո իմ տեսած երկրորդ կարգին, եվրոպական երկիրն է:
Ինչև է, հասել ենք Ստամբուլ:
Եղանակը Թուրքիայում խիստ փոփոխական է`երեկ ցերեկը ստվերում ջերմաստիճանը հասել էր մինչև 48 աստիճանի, իսկ գիշերը ծածկվում ենք ծածկոցներով, որ չմրսենք:
Շատ գեղեցիկ է բնությունը, աչքդ չես կարողանում կտրել մեքենայի պատուհանից: Սարեր, ձորեր, անտառներ` մաքուր-մաքուր, թափանցիկ օդ, կապույտ երկինք: Ամեն ինչ այնքան հարազատ է…
Ինչն է առայժ ինձ զարմացրել` շինարարությունը: Կառուցում են ճանապարհներ` այն էլ ինչ որակի, կառուցում են թունելներ` բազմաթիվ և շատ երկար, շենքեր`գեղեցիկ և հարմարավետ: Երևում է որ ժողովուրդը աշխատանք ունի և ապրում է նորմալ պայմաններում: Հանդիպած քաղաքները ընդգծված մաքուր են: Էկոլոգիական խնդիրներից առայժմ միայն փոշին եմ առանձնացնում, այն էլ շինարարության պատճառով:
Երեկ Արդվինի մոտ կիլոմետրերով թունելներ անցանք, տեսանք թե ինչպիսի հսկայական շինարարություն է կատարվում` կառուցվում են ջրամբար, հիդրոէլեկտրոկայան` ամբարտակներով: Այստեղ փոշին ծածկում է ամեն ինչ` մեր սպիտակ մեքենան դարձել էր մոխրագույն: Այդ շրջանում շատ գյուղեր ջրածածկ են եղել, ջրի տակ են անցել անգամ տեզերանավեր հիշեցնող մզկիթները, մինարեթները, որոնք այստեղ ամենուրեք են:
Որպես էկոլոգիական ամառային առաջադրանք` պարզել, թե որ գետի վրա է կառուցվում, ինչպիսի ջրամբար է կառուցվում, ինչպիսի խնդիրներ է լուծելու, քանի գյուղ է մնացել ջրի տակ, ինչպիսի պարամետրերով հիդրոէլեկտրակայան է նախատեսված:
Թուրքիայում մեծ ուշադրություն է դարձվում կանաչապատմանը` ամենուրեք ծառատունկներ են կազմակերպվել, անտառները մեծամասամբ տնկովի են` հիմնականում փշատերև: Շենքերի բակերը խնամված են, կոկիկ:
Բազմաթիվ են աշխարհի տարբեր ֆիրմաների գրասենյակները, գործարանները: Այստեղ կարծես թե գործազրկության խնդիրը լուծված է:
Հենց նոր Բոսֆորի վրայով անցանք Եվրոպա…
Խցանումը վերջացավ…
Մնացածը հետո