• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հազար մղոն ճանապարհը սկսվում է առաջին քայլից...

Նիկոլ Փաշինյանն էր իր բոլոր տվյալներով, նաև քաղաքական փորձով, որ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում և ամենակարևորը, համապատասխան գործիքակազմով կարողացավ քայլ անել ու հաջողել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով թավշյա հեղափոխության հաջողությանը։

Նրա խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանը ամենաուշադիրը, ամենակողմնորոշվողը, ամենալավ ճանաչողն էր, որ կարողացավ նկատել, ճանաչել պահը։ «Հասարակությունն ապրում էր անհեռանկար տարածքում, անարժանապատիվ ու թևաթափ վիճակում, բայց հանկարծ վարագույր բացվեց, հեռանկար երևաց, մարդիկ քայլեցին, քայլելու հավես եկավ։ Մարդիկ սկսեցին իրար տեսնել, Հայաստանն ավելի մեծ դարձավ իրենց համար, ավելի հետաքրքիր դարձավ ապրելն ու գործելը։ Այսինքն՝ մարդիկ ունեցան նոր հավաքական հնարավորությունը։

Այլ բան է, թե այդ հնարավորությունն ինչպես կօգտագործենք։ Գուցե այդտեղ է խոսակցությունը»,- ընդգծեց Բլեյանը։

Նա նշեց, որ երբ ասում էին «քայլ արա», պետք է բոլորս մեր քայլն անենք. «Հիմա մի մեծ ակտիվացած լսարան սպասում է Նիկոլին, ու դա կարող է շատ վտանգավոր լինել։ Շատ բան է կախված լինում Նիկոլ Փաշինյանից։ Մենք այդպիսի շրջան ունեցել ենք, երբ 1988-1990 թվականներին շատ բան կախված էր Լևոն Տեր-Պետրոսյանից։ Զուգահեռները միշտ չէ, որ տեղին են, բայց կախվածության առումով եմ ասում»։

1in.am. Սիրանույշ Պապյանի հարցազրույցը կրթահամալիրի տնօրենի հետ։