• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշոտ Բլեյանը՝ 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելու մասին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, Հայաստանի կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանը համոզված է՝ 12-ամյա կրթության պարտադիր լինելը բացասական երևույթ է:

«Բան չի փոխվելու, որովհետև բոլոր հաստատությունները՝ պետական, մասնավոր, հանրակրթական, թե բուհեր, գործում են, ցավոք սրտի, հաստատության պահպանման շահերից ելնելով: Չես տեսնում, որ կրթությունը անհատին է ուղղված»,- «Ազատության» եթերում մեկնաբանելով ԿԳՆ նորամուծությունը հայտարարեց Աշոտ Բլեյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս տարվա սեպտեմբերից Հայաստանում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր, այսինքն՝ եթե մինչ այժմ պարտադիր էր 9-ամյա կրթությունը, ապա սեպտեմբերից երեխաները պարտադիր դպրոց կհաճախեն մինչև 12-րդ դասարան:

Ընդհանուր առմամբ, ըստ Բլեյանի, կրթության ոլորտում փոփոխությունները «դեկորատիվ» են և ոչ խորաքային, ավելին` ուղղված չեն մարդու զարգացմանը:

«Օրինակ` ուսման տևողությունը, ընդհանրապես ուսման խնդիրը մարդու ներքին պահանջմունքն է, իր կյանքի գործն է, եկեք այնպես անենք, որ նպաստավոր ռեժիմ ստեղծենք, փորձենք օգնել մարդուն գնալ էս ճանապարհով, որովհետև իր ժամանակն է, թող ինքը տնօրինի: Չէ, պետք է ծանր ու շատ ծրագրերով խեղդենք նրան: Դա շատ սխալ է», - ասաց Բլեյանը:

Նա վստահ է՝ ոչինչ էլ չի փոխվի, երեխայի ուսման պարտադիր ապահովման հարցն ընկած է ծնողի վրա և եթե ծնողը որոշեց, այնուամենայնիվ, չտանել երեխային ուսման, ապա ինչ է՝ ծնողին քրեական պատասխանատվությա՞ն են կանչելու:

«Երեխան դպրոց չի գնա, ու նրա անունը ինչ-որ մի տեղ կգրանցեն:  Ոչ մի բան էլ չի փոխվելու: Այս քայլը փոփոխությունների դեմ է և փոփոոխությունների ուղղությունը սխալ է գնում այս քայլով», - ասաց Բլեյանը:

Նրա կարծիքով, փոփոխություններն ի սկզբանե սխալ են եղել, և 12-ամյա կրթություն չպետք էր ներդնել Հայաստանում: Բլեյանի համոզմաբ, 12-ամյա կրթությունը ու նախնական արհեստագործական կրթությունը 3 տարի պարտադիր դարձնելը անլրջություն էր և կարելի էր այդ տարիների համար ներդրվող գումարներն ուղղել կրթական, գիտական կենտրոնների ստեղծման վրա, որտեղ երեխաները կկարողանային գիտելիքներ ստանալ արտադրության մեջ:

«Միջին մասնագիտական կրթության ծրագրերի տևողությունը պետք է քչացնել՝ 2 տարին առավելագույն ժամկետ պետք է լինի, 3-ից էնկողմ ընդհանրապես չպետք է քննարկվի, որ մարդը տարբերի բուհական կրթությունը քոլեջային կրթությունից, որն ուղղված է արհեստի միջոցով փող աշխատելուն: Եվ վերջապես, բոլոր ձևերով պետք է խրախուսել, որ մարդն օր առաջ մտնի արտադրության մեջ, աշխատանքով փող աշխատի, իսկ առանձին դեպքերում հնարավորություն տալ, որ ուսումն ու աշխատանքը համատեղեն:

Ընդհանրապես, ուշադրություն պետք է դարձնել ոչ թե զուբրիտի, անգիրի, մտապահման, թվանշան ստանալու վրա, այլ` ստեղծագործական կարողությունների, որ կրթության միջոցով, տեսեք, ես կարողանում եմ փոքր գումար վերցնել, գնալ դաշտ, գործ սկսել: Իսկ դրա համար պետք է փոխել փիլիսոփայությունը, պետք է վստահել մարդուն», - ասաց Բլեյանը:

aysor.am