• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախադպրոցական կրթություն

 

ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2017-2018 ուսումնական տարի

2-5 տարեկանների խնամքի ու զարգացման ծրագիր

Նախակրթարանի գործունեության կազմակերպման կարգեր

Բովանդակություն

Նախադպրոցական կրթության նպատակը

Նախադպրոցական կրթության խնդիրները

Նախակրթարանի գործունեության կազմակերպումը

  • Օրվա ռեժիմի կազմակերպում
  • Հաճախումների հաշվառում
  • Առավոտյան ծեսի կազմակերպում
  • Սննդի կազմակերպում

Նախադպրոցական կրթության արժեքային համակարգը

Սաների գործունեության  կազմակերպմանը ներկայացվող պահանջները

  • Սաների գործունեության դիտարկում
  • Սաների զարգացման գրանցում և գնահատում

Նախակրթարանի միջավայրը

  • Նախակրթարանի միջավայրին  ներկայացվող պահանջներ
  • Միջավայրի  կազմակերպում

Ծրագրի մասնակիցները

  • Դպրոցի ղեկավարը
  • Խմբի դաստիարակը և դաստիարակի օգնականը
  • Դաստիարակին ներկայացվող պահանջներ
  • Բուժքույրը
  • Ծնողը (օրինական ներկայացուցիչ). ծնողական խորհուրդը
  • Նախակրթարանի սանը

Ծրագրի, Ծրագրի իրականացման, արդյունքների լուսաբանում
Դաստիարակների բլոգներ

Նախադպրոցական կրթության նպատակը

Նախադպրոցականների խնամքի և զարգացման կազմակերպում նրանց տարիքային, անձնային, անհատական և ֆիզիկական առանձնահատկություններին համապատասխան միջավայրում:

Նախադպրոցական կրթության խնդիրները

Նախադպրոցականների մտավոր, հոգևոր, ֆիզիկական զարգացում

Սաների ինքնուրույնության, ինքնասպասարկման, ինքնակազմակերպաման կարողությունների ձևավորում և զարգացում սոցիալական և ֆիզիկական համապատասխան միջավայրում:

Նախակրթարանի գործունեության կազմակերպումը

Նախադպրոցական կրթության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական այլընտրանքային կրթական ծրագրի բաղկացուցիչն է:
Նախակրթարանը գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, Կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, կրթահամալիրի զարգացման ծրագրով, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ, զարգացման ծրագրով:
Նախակրթարանն իրականացնում է նախադպրոցականի (այսուհետև՝ սան) խնամք, զարգացում, ուսուցում նրա տարիքային առանձնահատկություններին համապատասխան պայմաններում:
Կրթահամալիրի նախակրթարանները գործում են դպրոց-պարտեզների (այսուհետ՝ դպրոց) կազմում՝ Արևելյան դպրոց-պարտեզում, Արևմտյան դպրոց-պարտեզում, Հյուսիսային դպրոց-պարտեզում, Հարավային դպրոց-պարտեզում, Քոլեջում:
Նախակրթարան ընդունվում են 2-5 տարեկան երեխաները, ում ծնողները ծանոթ են իրականացվող հեղինակային ծրագրին, կնքում են համապատասխան պայմանագիր:
Ներկայացվող փաստաթղթեր՝ երեխայի ծննդյան վկայականի պատճեն, համապատասխան տեղեկանք նրա առողջական վիճակի մասին  և 2 լուսանկար:
Նախակրթարանի և ծնողի հարաբերությունները կարգավորվում են տնօրենի և ծնողի միջև կնքված պայմանագրով:
Պայմանագրով նախատեսված ծնողական վճարները ծախսվում են կրթահամալիրի խորհրդի հաստատած նախահաշվի համաձայն։
Նախակրթարանն աշխատում է ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից՝ ժամը 9.00-17.00`լրիվ օրով, 9.00-13.00՝ ոչ լրիվ օրով:

Նախակրթարանն աշխատում է շուրջտարի: Նախակրթարանում գտնվելու ընթաքում երեխայի ապահովության պատասխանատուն դաստիարակն ու տնօրենն են:

  • Օրվա ռեժիմի կազմակերպում

Նախակրթարանում սաների գործունեությունն սկսվում է 9.00, ավարտվում է 17.00:
Օրվա ռեժիմում  գրանցված են՝

  • սնվելու ժամերը՝ 10.30, 12.00, 15.30
  • քնի ժամերը՝ 13.00-15.00

Օրվա գործունեությունն արտացոլվում է Դաստիարակի բլոգում նախօրոք հրապարակված օրվա աշխատանքային նախագծում: Դաստիարակը նկարագրում է գործունեության ձևերը, կազմակերպումը, ներկայացնում արդյունքները։

Հաճախումների հաշվառում

Ամեն օր  մինչև ժամը 9.45 գրանցում է սաների հաճախումը, նշում բացակայությունների պատճառները: Երեխայի բացակայության կամ ուշացման մասին Ծնողը դաստիարակին տեղյակ է պահում մինչև 9.30:
Գրասենյակի ղեկավարը, բուժքույրը (բժիշկը), խոհարարը գործում են՝ ըստ հաշվառման մատյանի տվյալների: Խմբում  արտակարգ դեպքի՝ կապի ընդհատման, համակարգչի խափանման դեպքում դասավանդողն ըստ կարգի անմիջապես այդ մասին տեղեկացնում է գրասենյակի (ծրագրի) ղեկավարին, հաճախումների հաշվառման  տեղեկությունը հաղորդում բանավոր կամ հեռախոսով: Արտակարգ պայմաններում՝ դպրոցում էլեկտրական հոսանքի կամ ինտերնետ կապի բացակայության դեպքում, գրասենյակի ղեկավարը նախակրթարանի սաների հաճախման հաշվառումը անձամբ է կատարում և տվյալներն հաղորդում բուժքրոջն ու խոհարարին: Դաստիարակը էլեկտրոնային մատյանում գրանցումն անում է, հենց որ դա հնարավոր է դառնում։
Սաների տեղեկատուն վարում է (կազմում և փոփոխություններն օպերատիվ գրանցում է) ուսուցողական ծրագրի գրասենյակի ղեկավարը:

Ընդունելության (առավոտյան ծես) կազմակերպում

Գործունեությունն հիմնականում իրականացնում են բակում, խմբասենյակ մտնում են  անհրաժեշտության դեպքում:

  • Սաների ընդունելություն  8.45-9.30:
  • Դաստիարակներն ու սաները բացում են խմբասենյակի դուռ-լուսամուտները. չօդափոխված սենյակում արգելվում է որևէ գործունեություն:
  • Խնամում են սենյակային բույսերը, հավաքում են բակում թափթփվածը:
  • Սաների ներկա-բացակա խաղով, ներկա-բացակայի գրանցում:
  • Առավոտյան ուրախ ծափխաղեր, ձայնախաղեր, ոտնախաղեր, հաշվերգեր, բարևախաղեր,  զրույցներ:
  • Ձայնային վարժություններ ձայնավոր հնչյուններով:
  • Ուրախ մարմնամարզություն. առավոտյան մարզանքը:
  • Խաղում–արտասանում են շաբաթվա ոտանավորները:
  • Օրվա պատումներ՝ նախորդ օրվա, դիտած մուլֆիլմի և այլնի մասին:
  • Շրխկան-խաղ նոր սովորած երգով կամ ոտանավորով:

Ծնողները սաներին ուղեկցում են մինչև դպրոցի կամ խմբասենյակի մուտքի դուռը. ներս չեն մտնում, եթե դրա կարիքը չկա. Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:

Սննդի կազմակերպում

Սննդի կազմակերպման հիգիենայի վերահսկողությունը, սննդացանկերի կազմումն ու հրապարակումը համակարգում է Ծրագրի բուժքույրը՝ տնօրենի, դաստիարակի և խոհարարի հետ խորհրդակցելով: Նախակրթարանում օրական երեք անգամյա սնունդը կազմակերպվում է շաբաթվա սննդացանկով:
Շաբաթվա սննդացանկը նախօրոք հրապարակվում է Դպրոցի ենթակայքում: Նախակրթարանում սննդի կազմակերպման հիմքում երեխաների հնարավոր առավելագույն ինքնասպասարկումն ու ինքնակազմակերպումն է:
Ստացվող սննդամթերքի որակի, ժամկետի, անվտանգության պատասխանատուն ծրագրի ղեկավարն է և խոհարարը:
Սննդի կազմակերպման, կերակրացանկի, որակի, անվտանգության հսկիչ-պատասխանատուն դպրոցի առողջագետն է:

Նախադպրոցական կրթության արժեքային համակարգը

Ոչ թե պասիվ լսող,  դաստիարակի թելադրանքները  կատարող, այլ հետաքրքրասեր, խաղացող, կառուցող, զննող անհատականություն, որի կողքին դաստիարակը վստահելի ընկեր է,  խորհրդատու, լավ բարեկամ:
Ոչ թե միադեմ սաների խումբ, այլ իր բնազդների բավարարման ընթացքում իր ակտիվության դրսևորման արդյունքում զարգացող, կազմակերպվող, սոցիալական հետաքրքիր կյանքով ապրող հավաքանի:
Սանը ոչ թե պատրաստի գիտելիքներ յուրացնող է,  այլ ազատ գործունեությամբ զարգացող, գործունեության և փորձի միջոցով ինֆորմացիա  ձեռք բերելու ունակ:
Սանը նախակրթարանում պատրաստվում է ոչ թե դպրոցին, այլ կյանքին և պիտի վարժվի իր առջև կյանքի դրած խնդիրներն ինքնուրույն լուծելուն:
Սանը շրջապատված է ուշադիր, հոգատար, պատասխանատու մեծերով, որոնք ապահովում են նրան համապատասխան ֆիզիկական և սոցիալական միջավայրով,  զարգացման միջոցներով, գործիքներով, նյութերով, որոնք միասին ամբողջական ծրագրով և համատեղ գործողություններով կազմակերպում են նրա զարգացումը,  ապահովում նրա ֆիզիկական, ֆիզիոլոգիական, հոգեկան առողջ ապրելակերպի պայմանները:

Սաների գործունեության  կազմակերպմանը ներկայացվող պահանջներ

  • սաների ինքնուրույնության, ինքնակազմակերպման, ինքնասպասարկաման, ինքնաբավության ապահովում
  • գործունեության ընտրության ազատության ապահովում ազատ ինքնաբուխ ինքնակազմակերպվող խաղ-աշխատանքի միջոցով
  • գործունեության տարբեր ձևերի ինտեգրում
  • ստեղծագործում
  • համագործակցային աշխատանքի կազմակերպում
  • սանի անհատական գործունեության հնարավորության ապահովում
  • բացօթյա գործունեության կազմակերպում
  • ՏՀՏ միջոցների ամենօրյա  նպատակային կիրառում
  • ճաշ
  • քուն
  • միջավայրի խնամք
  • ազատ գործունեություն
  • կազմակերպվող գործունեություն. սաները դաստիարակի հետ զբաղված են  ընդհանուր գործունեությամբ, որի ընթացքում լուծվում են օրվա նախագծում դրված ուսումնական, սաների զարգացման խնդիրը կամ խնդիրները

Համերաշխ   հավաքանու ստեղծում, որտեղ ընտանիքը և նախակրթարանը համագործակցում են, ունեն նույն սկզբունքները, գործում են համատեղ և համաձայնեցված: Արդյունքում սաները սովորում են համագործակցել, աջակցել, ապրումակցել միմյանց:  Համագործակցային գործունեությունը  դառնում է ապրելաձև, վերանում են արհեստական, անբանական, թելադրվող բոլոր  տեսակի փոխհարաբերությունները: Սաները իրենց կյանքի և զարգացման շատ խնդիրներ համատեղ են լուծում,   աշխատանքները միասին են կատարում (պարտեզի, բույսերի, կենդանիների խնամք, միջավայրի մշակում և հարստացում, ՏՀՏ միջոցների համատեղ շահագործում, թատրոն): Խումբը, ընտանիքը, նախակրթարանը, կրթահամալիրը   միասնական, համագործակցող, կազմակերպված ամբողջական համայնք են՝ մի գաղափարով, մի մանկավարժությամբ:

Գործունեությունը կազմակերպելիս կարևորվում են`

  • սաների անհատականության հարգումն ու զարգացումը
  • սաների՝ խմբով և անհատապես աշխատելու ունակությունների ձևավորում
  • իր միջավայրը խնամելու սովորության ձևավորումը:

Սաների գործունեությունը, զարգացումը կազմակերպվում է՝    

  • Ուսումնական օրացույցով
  • Աշխատանքային նախագծերով

Աշխատանքային նախագծերը նախօրոք հրապարակվում են դաստիարակների ուսումնական բլոգներում
Սանի զարգացումն ու ուսուցումը կազմակերպվում են ծրագրված-ազատ գործունեության միջոցով մոդել խմբասենյակում, բակ պարտեզում, ամառային լողափին, մարզասրահում, կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ծեսերի, տոների, ստուգատեսների իրականացմամբ, ուսումնական ճամփորդություններով, ուսուցման թվային միջոցների կիրառմամբ:
Ծրագրային, ուսումնական նյութերը (ձայնադարան, աուդիո-վիդեո ընթերցումներ, խաղադարան), իրականացված նախագծերն ու դրանց արդյունքները ներկայացվում են Դաստիարակների բլոգներում:

Գործունեության տեսակներն են.

  • Լեզվագործունեություն

հեքիաթի ունկնդրում
խոսքի զարգացում
թատրոն

  • Բնագիտական  գործունեություն

բույսերի, կենդանիների, միջավայրի խնամք, փորձեր, դիտարկումներ
չափումներ, համեմատություններ, հաշիվ, խմբավորում
ուսումնական ճամփորդություններ

  • Խոհանոցային գործունեություն
  • Գեղարվեստական գործունեություն

երաժշտական
կերպարվեստ-տեխնոլոգիա  (նկարչություն, ծեփ-քանդակ, ապլիկացիա, կոլաժ)
թատրոն   (մնջախաղ, տիկնիկային, ստվերային ներկայացումներ, մատնաթատրոն, իրերի թատրոն)

  • Ֆիզիկական գործունեություն

շարժական խաղեր
մարմնամարզություն
ֆիզիկական վարժություններ
հեծանիվ, ինքնագլոր վարել
լող
պար
մնջախաղ

  • Սոցիալական գործունեություն

միջանձնային հարաբերություններ հասակակիցների և մեծերի  հետ
սեփական անհատականության դրսևորում

Բաժանումը պայմանական է, որովհետև սաները զբաղվում են ամբողջական, ինտեգրացված գործունեությամբ:

Սաների գործունեության դիտարկում
Սաների դիտարկումը կատարում է դաստիարակը` սահմանված կարգով գրանցելով այն դիտման մատյանում: Ծնողը մատյանում գրանցում է իր դիտարկումները, հարցերը:
Մատյանի բովանդակությունը.

  • ինքնուրույնություն
  • խոսք, խոսքի զարգացում
  • մաթեմատիկական հասկացությունների ձևավորում
  • բնագիտություն
  • երաժշտություն
  • տեխնոլոգիա
  • սոցիալական շփում
  • ֆիզիկական զարգացում, խաղեր, հիգիենա
  • ուսճամփորդություններ:

Եթե տվյալ օրը սանին վերաբերող գրանցման նյութ չկա, գրանցում չի կատարվում:

Սաների զարգացման գրանցում և գնահատում

Դաստիարակը սանի ընդունվելիս լրացնում է նրա թերթիկը, որտեղ գրանցվում են սանի ընտանեկան վիճակը, ընտանիքի անդամների տվյալները, դրանց փոփոխությունները (օպերատիվ)։ Թերթիկում գրանցվում են նաև`

  • սանի անհատական զարգացման պլանը,
  • ֆիզիկական և առողջական ֆիզիոլոգիական տվյալներ,
  • ուսումնական հմտությունների ու կարողությունների զարգացման տվյալներ։

Տարվա ընթացքում սանի թերթիկը լրացվում է 2 անգամ։ Ամեն ամիս դասարանը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի կրտսերների կրթահամալիրային «Ամսիկ» ստուգատեսում՝ Սեպտեմբերիկ, Հոկտեմբերիկ…, գործունեության ընթացքն ու  արդյունքները մեդիայում ներկայացնելով, ամփոփում է տվյալ ամսվա գործունեության արդյունքները:

Նախակրթարանի միջավայրը

Երեխայի զարգացումը ամբողջական շարունակական ընթացք է: Միջավայրը խթանում է զարգացման գործընթացը:
2-5 տարեկան երեխայի  զարգացման կազմակերպման կարևոր նախապայմանը ամբողջական ներառական, զարգացնող միջավայրի ապահովումն է: Այն բավարարում է երեխայի հետաքրքրությունները, ապահովում է նրա անվտանգ գործունեությունը, առողջ կենսագործունեությունը: Քանի որ երեխան էլ, նրա զարգացման ընթացքն էլ, հետևապես` միջավայրն էլ մեկն են,  ուրեմն նախակրթարանը տան, ընտանիքի, բակի հետ  ամբողջություն է, փոխվում են միայն գործունեության կազմակերպման ձևերը:

Միջավայրը խնամողը, զարգացնողը սանն է, դաստիարակը, ծնողը, հաստատության ղեկավարը:
Ճիշտ կազմակերպվող գործընթացի դեպքում սաների գործունեության արդյունքում զարգանում է միջավայրը: Ստեղծվում են նյութեր, որոնք կարող են օգտագործվել հետագա գործընթացում՝ սաների ստեղծածը միջոց կամ նյութ է դառնում իրենց՝ սաների համար:
Կրթահամալիրում գործող նախակրթարանները գտնվում են դպրոց-պարտեզների կազմում: Միջավայրի այս  սկզբունքով կազմակերպումը   ֆիզիկական միջավայրն ավելի հարուստ, ամբողջական, ավելի ֆունկցիոնալ և նպատակային է դարձնում:
Նույնը կարելի է ասել սոցիալական միջավայրի մասին: Սաները նաև արհեստականորեն չեն կտրվում իրենց շրջապատող տարատարիք երեխաներից, շփման ծավալն ու հնարավորություններն  ավելի  են մեծանում, զարգանում է սաների սոցիալական ակտիվությունը: Ապահովվում է երեխայի կրթության ամբողջականությունը, շարունակականությունը, անընդհատությունը:
Նախակրթարանի միջավայրին  ներկայացվող պահանջներ
Ընդարձակ, ճիշտ կահավորված միջավայրը թատրոնի նման է, ամեն ինչ միջոց է, հեշտ տեղաշարժվող: Գործունեության մասնակիցներն ամեն անգամ իրերի  դասավորությունը հարմարեցնում են իրենց նպատակներին, զարգացնում, հարստացնում են այդ միջավայրը իրենց գործունեությամբ:
Երեխան նման միջավայրում կգտնի իր զբաղմունքը, իր հետաքրքրությունները բավարարելու ձևերն ու միջոցները, կլինի ինքնուրույն և ինքնաբավ:
Հիգիենիկ և անվտանգ միջավայր

  • Լուսավոր, ջերմային համապատասխան ռեժիմով՝ 18 աստիճանից ոչ ցածր, տեխնիկական միջոցներով  ապահովված։
  • Ավելորդ պատերից, իրերից ազատ շենք, որտեղ ամեն ինչ  հարմար է սաների և մեծերի  ընդհանուր և անհատական գործունեության  համար։
  • Խմբասենյակը 140 քառ. մետրից ոչ պակաս, լուսավոր, հեշտ օդափոխվող տարածք է պատերը, հատակը` մաքուր:
  • Հոսող և ոռոգման ջուր, տեսակավորված աղբի   աղբամաններ, մաքրելու,  հիգիենայի, խնամքի պարագաներ:
  • Կենդանիներ  և բույսեր խնամելու հիգիենիկ  պայմաններով:
  • Կահույքը և մնացած պարագաները չափսերով և գործառույթներով համապատասխանում են սաների տարիքին, ֆիզիոլոգիային, հետաքրքրություններին:
  • Ամառային և փակ լողավազանները մաքուր են, ապահովված են ախտահանելու միջոցներով և հարմարանքներով, կան լոգանքի և արևից պաշտպանվելու հարմարություններ:
  • Խոհանոցային տարածքը մաքուր է, հասանելի, անվտանգ, ապահովված է անվտանգ տեխնիկայով և սպասքով:
  • ՏՏ միջոցներ, որոնց շահագործումը բոլոր առումներով անվտանգ է սաների համար:

Անվտանգության ապահովումը նախակրթարանում առաջնահերթ խնդիր է: Այդ նպատակով երեխայի գործունեությունը պետք է այնպես կազմակերպել, որ նա կարողանա միջավայրում ճիշտ կողմնորոշվել և կառավարել իր գործողությունները, ճանաչել շրջապատի իրերն ու առարկաները, նյութերը և ճիշտ օգտվել դրանցից,  գործիքներից և սարքերից, գործունեության ընթացքում զգույշ լինել օգտագործվող նյութերի և առարկաների նկատմամբ, չօգտագործել անծանոթ նյութեր: Բացառվում է վտանգավոր նյութերի առկայությունը:

Նախակրթարանային  միջավայրի  կազմակերպում
Նախակրթարանը սեփականության իրավունքով գույք չունի: Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար Տնօրենը տրամադրում է անհրաժեշտ տարածք, գույք, սարքեր և սարքավորումներ, որոնք նախակրթարանը վաճառելու կամ վարձակալության տալու իրավունք չունի:
Միջավայրի կազմակերպաման պատասխանատուները հաստատության ղեկավարն է, դաստիարակը: Ծնողը դրան մասնակիցն է որպես պատվիարտու և գործընկեր:
Նախակրթարանի նյութական միջավայրը բոլորի համար բաց, լուսավոր, ազատ, հասանելի տարածք է,  որտեղ միասին ապրում և զարգանում են, կրթվում են մեծերն ու փոքրերը միասին:
Միջավայրը կազմակերպելիս.

  • ցանկացած իր, առարկա, նյութ նպատակային-ֆունկցիոնալ-գործածելի, զարգացնող է
  • կարևորվում է սաների հետաքրքրությունների  բավարարումը
  • ապահովվում է սաների ազատ շարժման հնարավորությունը
  • կարևորվում է երեխայի ամբողջական գործունեությունը, կապը ընտանիքի, բնակարանի, բնակավայրի հետ. դրանք լրացնում են միմյանց:

Շենքում ամեն ինչ  ծառայում է սաների  ընդհանուր և անհատական գործունեությանը.  միջանցքներն ու սրահները նույնքան ծրագրային են, զարգացնող և ուսուցողական, որքան՝ խմբասենյակները:
Խմբասենյակ-լաբորատորիայում ապահովվում է սաների գործունեության բազմաձևությունը, հմտությունների և կարողությունների ձևավորումը և զարգացումը դրանց գործնական կիրառման միջոցով: Լուսավոր, ընդարձակ, առանց ավելորդ պատերի և տարածքային սահմանափակումների, դինամիկ,  փոփոխելի տարածք, որտեղ  երեխան ու դաստիարակը անկաշկանդ են, ազատ՝ իրենց գործողություններում:
Կան փափուկ, թեթև, դյուրաշարժ ներքնակներ, որոնց վրա կարելի պառկել և էլեկտրանային գրատախտակին ինչ-որ բան դիտել, կարելի է գլուխկոնծի տալ, թավալվել, լաբիրինթոս «կառուցել», վրան անկողնային սպիտակեղեն փռել և քնել:
Խմբասենյակը պայմանականորեն կամ  փոքրիկ ցածր միջնորմներով (լուծումները կարող են տարբեր լինել, կարևորը տարածքի ամբողջականությունն է) բաժանված է   տարածքների:  Դա կարելի է անել նաև կահույքի և մնացած գույքի դասավորությամբ և ըստ անհրաժեշտության փոփոխել:
Սաները  յուրացնում են միջավայրը, սովորում են ազդել միջավայրի վրա, այն հարմարեցնել իրենց գործողություններին:
Նախակրթարանում բոլոր պայմանները կան սաների հետաքրքրությունները բավարարելու, նրանց ինքնաբավ գործունեության, աշխատանքի համար: Ոչ թե կամ ոչ միայն խաղալիք, այլև՝ իրական  ուսումնական-աշխատանքային գործիքներ,  պարագաներ և միջոցներ ՝ տարբեր չափի տարաներ, թասիկներ,  խոշորացույց, մանրադիտակ, մետաղադրամներ, տարբեր մեծություններ չափող պարզագույն գործիքներ, կշռաքարեր, ավազի ժամացույց, ջերմաչափներ, թաթավոր կշեռքներ, մագնիսներ, հասակաչափ, անհատական թաղարներ, տարբեր չափերի գյուղատնտեսական և այլ գործիքներ, պտուտակներ, լարեր,   աշխատանքային  այլ նյութեր,  կառուցողական խաղեր: «Դասական» պարապմունքի փոխարեն սաները զարգանում են կյանքով, խաղը աշխատանքի, աշխատանքը խաղի վերածելով:
Սովորողների ֆիզիկական զարգացումն ապահովող պայմանները խմբասենյակում՝ շվեյցարական պատ, ներքնակներ կամ գորգեր՝ փափուկ հատակ կամ այն հավաքելու հնարավորություն, գնդակներ, պարաններ, օղակներ, խաղային այլ պարագաներ. ազգային և մարզական խաղերի պարագաների առատություն. Ամեն ինչ, որ սանին անվտանգ  մագլցելու, թռչելու, ձգվելու, սողալու, խաղալու  և այլ հնարավորություններ կտա:
Բաց հանդերձարանը խմբասենյակի մասն է: Սանը նստում է, ինքնուրույն փոխում կոշիկները, հագուստը, եթե դրա անհրաժեշտությունը կա:
Խմբասենյակում և ամենուր ամեն ինչ հասանելի է սանին, նա ցանկացած պահի կարող է այդ միջոցներով կազմակերպել իր և ընկերների գործունեոթյունը:
Զարգացման  միջավայր է նաև խմբասենյակին կից սրահը՝ միջանցքը, որտեղ սաները կենդանիներ և բույսեր են խնամում, նկարում են, խաղում:

Կարևորվում է խմբասենյակի տեխնիկական հագեցվածությունը:
Խմբասենյակում կան՝

  • համացանցին միացված էլեկտրոնային գրատախտակ
  • անհրաժեշտ ծրագրերով ապահովված համակարգիչ՝ հայերեն ստեղնաշարով
  • թվային  տեսախցիկ-ֆոտոխցիկ
  • ականջակալներ
  • թվային ձայնագրիչ
  • վեբ- կամերա:

ՏՀՏ միջոցները վաղուց մտել են մեր կյանք, և սաներից շատերն արդեն անհրաժեշտ չափով տիրապետում են դրանց: Իրական զարգացման պարագայում նախակրթանից սկսած երեխան գործածում է թվային միջոցները որպես գործիք-խաղալիք: Խմբասենյակը տեխնոլոգիական լաբորատորիա է:   Տեխնիկական   պայմանները ոչ միայն դաստիարակի աշխատանքն ու կրթությունն են արդյունավետ դարձնում, այլև սաների գործունեության կազմակերպումը:
Խոհանոց
Մանկան խոհանոց հարուստ, բազմազան  լաբորատորիա է՝ բնագիտական, տեխնիկական, ստեղծական, սոցիալական, հայրենագիտական, զարգացման անփոխարինելի միջավայր:
Խոհանոցը  խմբասենյակի   կարևոր հատվածն է,  սաները  խոհանոցային լիարժեք գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունեն:
Կահավորանքը   սաների հասակին հարմար է,  խոհանոցային իրերը, սպասքը, սարքերը` անվտանգ են, յուրաքանչյուր պարագա  (փայտե և մետաղյա գդալներ, շերեփներ,  պատառաքաղներ, դանակներ, սկուտեղներ, քամիչներ, մաղեր, գրտնակներ,  հարիչ, հյութաքամիչ )  իր տեղն ունի: Խոհանոցում գազօջախ, ջեռոց, լվացարան, մշտական տաք ու սառը ջուր:  Ջեռոցն ու գազօջախը   հարմար  տեղում են  և հարմար են տեղադրված:
Սաները  խոհանոցում աշխատում են միայն խոհանոցային հագուստով` գոգնոց, գլխարկ կամ գլխաշոր: Բոլոր սաները  գրտնակ, սննդամթերք կտրատելու փայտ, փայտե գդալներ, շերեփ ունեն:
Խոհանոցային գործունեությունն իր մեջ ներառում է գործունեության բոլոր ձևերը, այն խաղից աշխատանքին անցնելու գործընթաց է, վերջնական նպատակն այս գործունեության դեպքում հստակ է ու տեսանելի:
Սանհանգույց
Խոսքը պարզապես զուգարանի մասին չէ: Համեմատաբար ընդարձակ՝ մոտ 6 քառ/մ , լուսավոր, հարմար  կահավորված՝սաների չափերին համապատասխան, մշտական ջրով, լվացարանով, հայելիով, հարդարվելու, խնամքի, հիգիենայի,
պարագաներով  (թղթե մեկանգամյա օգտագործման սրբիչ- անձեռոցիկ,  լվացվելու պարագաներ, մաքրելու, ախտահանելու միջոցներ, բաժակներ, աղբաման) առաջին բուժօգնության արկղիկ  կամ դարակ:  Կահավորանքի չափերը   համապատասխան են սաների ֆիզիկական տվյալներին:
Սանհանգույցն  այնպես է տեղավորված,  որ խմբասենյակի հետ մի ամբողջություն է ընկալվում, երեխան կարողանում է ինքնուրույն օգտվել` առանց մեծի օգնության: Սա նպաստում է երեխայի ապահովությանը, վերջինս սովորում է ճիշտ օգտվել սանհանգույցից` պահպանելով հիգիենայի կանոնները, կարողանում է ինքնուրույն զբաղվել իր հիգիենայով:
Սանհանգույցը   միջավայրի ամենամաքուր, ամենագեղեցիկ, կահավորված, հարմարավետ տարածքն է,  ինչպես տանը:
Սա էլ է կրթություն, որովհետև կենցաղային միջավայրի մշակումն ու կենցաղային կուլտուրան կրթական մյուս խնդիրներից պակաս կարևոր չեն:
Բակ-պարտեզ
Դպրոց-պարտեզի  շենքը,  փարթամ պարտեզում է տեղակայված:  Բակ-պարտեզը մշակում և խնամում են սաները, սովորողները, աշխատողները, ծնողները՝ նրանք այդ միջավայրի պարտիզպաններն են:
Բակ-պարտեզում կան սովորողի ֆիզիկական ակտիվությունն ապահովող պայմաններ՝  մարզահրապարակ-հեծանվահրապարակ-խաղահրապարակ, որը ձմռանը որպես սահադաշտ կծառայի, ճեմուղի-վազքուղիներ, ամռանը՝ ամառային լողափ՝ բաց լողավազանով, ցնցուղով, հիգիենիկ պարագաներով, հովանոցներով, ամառային գործունեության տարբեր միջոցներով՝ տարբեր չափերի պլաստիկ ամաններ, գործիքներ, մանր ավազ,   գլաքարեր, հեծանիվներ, գնդակներ, ձգելու պարան, ցատկապարաններ, մարզական թունելներ, բուլավաներ, վազարգելքներ, ճոճքեր, ճոճանակներ, սահարաններ:
Բակի հարմար, հասանելի տեղում դրված կամ կախված են գյուղատնտեսական մեծ ու փոքրգործիքներ՝ բահեր, փոցխեր, դույլեր, ցնցուղներ,  հետազոտական գործիքներ՝ խոշորոցույց, մագնիս, ավազի ժամացույց:
Բակ-պարտեզն ապահովված է ոռոգման ջրով և խմելու ջրով, փակ աղբամաններով:
Բակ-պարտեզի գրավիչ աշխատանքնային մասը տնկարանն է, որտեղ տարբեր բույսեր են աճեցնում, թաղարներ ստեղծում, հետո օգտագործում են տարբեր հասարակական նախագծեր իրականացնելիս, շրջակա միջավայրը ավելի կանաչ ու գրավիչ դարձնելու, իրենց ստեղծածը տարածելու, նվիրելու և այլ նպատակներով: Տնկարանն էլ, որպես ամբողջական կրթական միջավայրի բաղկացուցիչ, կենդանի լաբորատորիա է, սաների բնագիտական գործունեության տարածք:
Խմբասենյակում, բակում սանն ունի իր թաղարը: Ծեսերին, օլիմպիադաներին, այլ առիթներով  նա նոր տնկիներ է տնկում, նոր թաղարներ ստեղծում, հետևում դրանց  արմատակալմանը ջրում, աճի ընթացքին՝ հողում:
Բակ-պարտեզում սանը դիտարկումներ է կատարում, հետազոտական աշխատանքներ՝ սկսած բույսի աճի դիտարկումից, ծառ տնկելու և պատվաստելու աշխատանքներից մինչև տերևի ու բողբոջի մանրադիտակային ուսումնասիրություն, էկոլոգիական, բնապահպանական, կանաչապատման նախագծերի իրականացում:

Ամառային պարտեզ-լողափ
Ամառային լողափի կազմակերպման պատասխանատուն մասնաճյուղի ղեկավարն է:
Լողափի հիգիենիկ վիճակի վերահսկողը բուժքույրն է:
Կայքն ունի համապատասխան բաժին, որը վարում են դաստիարակն ու բուժքույրը:
Բուժքույրն այդ բաժնում ամեն օր տեղեկություն է տեղադրում լողափի հիգիենիկ վիճակի մասին.

  • ջուր՝  օրվա սկզբում և վերջում
  • ջրի թափանցիկությունը
  • հոտը
  • օտար մարմինների, նյութերի առկայությունը ջրում
  • օդի ջերմաստիճանը՝առավոտյան, ցերեկը
  • լողացող սաների թիվը
  • լողացող սաների անունները, չլողալու պատճառը
  • տեղեկատվություն պատահարների և իրականացված գործողությունների մասին
  • խորհրդատվություն:

Դաստիարկը, օգնականը լողափին համապատասխան հագուստով են ոչ միայն սաների գործունեության կազմակերպիչն են, այլև ակտիվ մասնակիցը:

Հարուստ, բազմազան, ֆունկցիոնալ միջավայրը սանի համար  երևակայության, տրամաբանության, գործունակ մտածողության զարգացման, ինքնաբավ  գործելու,  միջավայրը յուրացնելու, ստեղծականության գործիք է:
Բաց, ազատ, հասանելի միջավայր բոլորի՝ սանի, ծնողի, հյուրի, աշխատողների համար, հասարակության համար:

Ծրագրի մասնակիցներն են.

  • Դպրոցի ղեկավարը,
  • Դաստիարակը և օգնականը,
  • Բուժքույրը,
  • Նախակրթարանի սանը,
  • Ծնողը (օրինական ներկայացուցիչ). ծնողական խորհուրդը:

Դպրոցի ղեկավարը
Ծրագրի իրականացումը ղեկավարում է Դպրոցի ղեկավարը:
Սաներին ընդունում է Նախակրթարան:
Վերահսկողություն է իրականացնում խմբերի գործունեության բովանդակության, սաների զարգացման  նկատմամբ:
Ապահովում է սաների առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում հիգիենիկ և անվտանգ պարագաներով, հաստատում է կերակրացանկը:
Սանի առողջության պահպանման, ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու նպատակով տարին առնվազն մեկ անգամ սահմանված կարգով կազմակերպում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն:
Ապահովում է սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի  վարումը և պահպանումը:

Խմբի դաստիարակը և դաստիարակի օգնականը (այսուհետ՝ օգնական)

Խմբի սաների գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման պատասխանատուն դաստիարակն ու օգնականն են:
Դաստիարակն ու օգնականն աշխատում են համատեղ. նրանք  սաների ապահովության, անվտանգ գործունեության երաշխավորն են. ապահովում են ֆիզիկական և սոցիալական զարգացնող միջավայր, անընդհատ հարստացնում, ավելի բազմազան են դարձնում այդ միջավայրը` դիտարկելով սաների գործունեությունը, ճշտելով նրանց հետաքրքրությունները` նպաստում են դրանց բավարարմանը:
Դաստիարակն ու օգնականն ունեն անձնական բլոգ, որտեղ ներկայացվում է խումբը, խմբի գործունեությունը, իրականացվում է մեծահասակների կրթություն:
Դաստիարակի և օգնականի աշխատանքային գործունեությունն արտացոլվում են նրանց ուսումնական բլոգներում,   սոցիալական ցանցերում:
Դաստիարակը նախօրոք (ամենաուշը՝ մի օր առաջ) իր բլոգում տեղադրում է օրվա կամ շաբաթվա աշխատանքային նախագիծը:
Գործունեության արդյունքում ստեղծված նյութերը՝ օրվա գործունեություն, հետաքրքիր միջադեպ-պատմություն ներկայացնող մեդիանյութ, ծրագրային նյութ, խմբին և դաստիարակի աշխատանքին առնչվող այլ նյութ, տեղադրում է խմբի բլոգում և դպրոցի ենթակայքում:
Խմբին վերաբերող կամ խմբի ստեղծած նյութերը դպրոցի ենթակայքում տեղադրում է  ըստ mskh.am-ի աշխատակարգի: Նյութերը «Պարտեզ» հանդեսում հրապարակում է «Պարտեզի» խմբագիրը։ 
Դաստիարակին ներկայացվող պահանջներ
Ազատ տիրապետում է հայերեն գրավոր և բանավոր խոսքին։
Ունի մանկավարժական, երաժշտական կրթություն։
Տեխնիկապես գրագետ է՝ տիրապետում է թվային գործիքներին, դրանք կիրառում է իր աշխատանքում։
Տիրապետում է Ծրագրով որոշված անհրաժեշտ համակարգչային ծրագրերին։
Ունի ուսումնական բլոգ, ամեն օր լրացնում է այն։
Բլոգի, skydrive-ի, hօtmail–ի, սոցցանցի միջոցով կազմակերպում է ծնողական կրթություն, ծնողների, սաների հետ նախագիծ է իրականացնում։
Գիտի կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերը։
Կատարում է հետազոտական աշխատանք, ուսումնասիրություն, հրապարակում է տարեկան առնվազն երեք մեթոդական մշակում (հոդված)։
Կարողանում է արդյունավետ կազմակերպել իր և սաների գործունեությունը։
Տարբեր ծրագրերով ուսումնական նյութեր, խաղեր է ստեղծում սաների զարգացման, սեփական ինքնակրթության համար։
Անձամբ լողում է, մարզվում, կազմակերպում սաների լողը, մարզանքը։
Երգում է, պարում, խաղում, սնվում սաների հետ։
Մասնակցում է կրթահամալիրյան բոլոր ուսումնահետազոտական–ծրագրային միջոցառումներին՝ ստուգատես, փառատոն, մրցույթներ, օլիմպիադաներ:
Անգիր գիտի նախակրթարանում ուսուցանվող նյութը` գրական և բանահյուսական ստեղծագործությունները, երգերը, խաղերը։
Ուղղորդում է երեխայի գործունեությունը` նպաստելով նրա ֆիզիկական, մտավոր, հոգևոր, սոցիալական զարգացմանը:
Մասնակցում է մասնագիտական որակավորման բարձրացման ամենշաբաթյա սեմինար-պարապմունքներին:
Կրթական ծրագիրը տարածում է անձամբ, գործընկերների, սաների և նրանց ծնողների հետ, սոցցանցերում։
Հարգում է երեխայի ազատությունը և արժանապատվությունը:
Դաստիարակը երեխայի ազատ, ինքնաբուխ գործունեության ակտիվ մասնակիցն է, դիտարկողը։ Նա հետաքրքրում է, շահագրգռում, ոգևորում, խրախուսում է երեխային, մղում ավելին անելու. օգնում է երեխային` բացահայտելու իր ողջ ներուժը: Խրախուսում է իր սաներին, ոգևորում, ամբողջովին ինքնադրսևորվելու հնարավորություն է ստեղծում, նպաստում է նրա անհատական հնարավորությունների ու ճանաչողական զարգացմանը, նպաստելով առաջընթացին, ինքնավստահության զարգացմանը, նրա կայացմանը:

Բժիշկը (բուժքույրը)

  • պատասխանատու է հիգիենիկ միջավայրի ապահովման, պահպանման համար,
  • Սաների առողջական վիճակի հսկողության, կարգավորման համար:

Շաբաթը 2-3 անգամ ստուգում է   սաների մարմնի հիգիենան, մաշկի վիճակը:
Սաների առողջական վիճակի հետ կապված արտակարգ պատահարների դեպքում ըստ կարգի իրականացնում է անհրաժեշտ գործողություններ, ձեռնարկում է համապատասխան միջոցներ:
Վարակիչ հիվանդությունների, ինֆեկցիայի այլ վտանգավոր հիվանդությունների հայտնաբերման, վնասվածքների և այլ առողջական խնդիրներ առաջանալու դեպքում այդ մասին տեղյակ է պահել ուսումնական ծրագրի ղեկավարին, որն էլ գործում է ըստ կարգի:
Վերահսկում է բաց և փակ լողավազանների,  լողափերի հիգիենիկ շահագործումը:
Հետևում է առողջ, որակյալ սննդի կազմակերպմանը:
Դաստիարակի հետ հետևում է սաների  ֆիզիկական աճին, առողջական վիճակին,  տարեկան 2 անգամ չափումներ և դիտարկումներ է կատարում, տվյալները  գրանցում Սանի թերթիկում:
Մասնակցում է մեծահասակների կրթության իրականացմանը:

Ծնող (օրինական ներկայացուցիչ). ծնողական խորհուրդ
Ծնողի իրավունքներն ու պարտականությունները շարադրված են  Դպրոցի տնօրենի հետ կնքվող պայմանագրում: Նախակրթարանային գործունեության արդյունավետ կազմակերպման,  զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում է ծնողական  խորհուրդներ:
Նախակրթարանի ծնողական խորհուրդը կազմավորվում է սաների ծնողներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը դպրոցի ծնողական խորհրդի անդամ է:

Նախակրթարանի սանը
ինքնուրույն, ինքնակազմակերպվող, ինքնաբավ, իր պահանջմունքներն ու հետաքրքրությունները բավարարող
թվային տեխնիկային սովոր, դրանցից օգտվող (ինքնուրույն կամ մեծի օգնությամբ)
սոցիալապես ակտիվ, շփվող, հետաքրքրասեր
զննելու, դիտելու, իր զարգացմանն համապատասխան եզրակացություններ անելու  ունակ
առողջ, շարժուն, ճարպիկ, լողացող, հեծանիվ վարող
հիգիենայի պայմաններին ծանոթ, դրանք պահպանող անձ է:

Ծրագրի, Ծրագրի իրականացման, արդյունքների լուսաբանում

Ծրագիրը, Ծրագրի իրականացումը, արդյունքները լուսաբանվում  են ամենամսյա ամփոփման ծեսով,  դաստիարակների ուսումնական բլոգներում, Դպրոցի ենթակայքում:

Դաստիարակների բլոգներ

Արևելյան դպրոց-պարտեզի նախակրթարան

Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարան

Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարան

Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարան

Քոլեջինախակրթարան