• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Վրաստան-կրկնակի Էջեր»․ Երեւանում բացվեց լուսանկարիչ Յուրի Մեչիտովի ցուցահանդեսը

Երեւանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում իր ողջ կոլորիտով տեղավորվել է Վրաստանը՝ Յուրի Մեչիտովի լուսանկարներով։ «Վրաստան-կրկնակի Էջեր» խորագրով ցուցահանդեսում ներկայացվում են հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ընկեր, հայտնի լուսանկարիչ Յուրի Մեչիտովի սեւ ու սպիտակ լուսանկարները՝ արված Վրաստանում, վերջին 40 տարիների ընթացքում:
«Մեչիտովը ոչ հայ է, ոչ վրացի, ոչ եզդի է, ոչ ռուս ու միեւնույն ժամանակ այս յուրաքանչյուրից ամեն մեկն է, իմ հանդիպած ամենակոլորիտային, բազմասպեկտր մարդկանցից մեկն է»,-ապրիլի 12-ին՝ ցուցահանդեսի բացմանը Մեչիտովին այսպես ներկայացրեց «Կովկասյան Գործընկերություն» կազմակերպության նախագահ, Հայաստանի արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը։
Ըստ Մանուկյանի՝ Մեչիտովի աշխատանքներն արտահայտում են թիֆլիսյան մշակույթն ու կոլորիտը։
«Նա այս ոլորտի ստեղծագործողների մեջ բավական հայտնի կերպար է, հայտնի է նաեւ իր ստեղծագործական կապերով Փարաջանովի հետ»,-ասում է Մանուկյանը։

Լուսանկարիչ, Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն «Ալիք մեդիային» ասում է, որ այս ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներն արտացոլում են մեր բարեկամ վրաց ժողովրդի վերջին քառասուն տարիների առօրյան, կյանքի դժվարությունները, հաջողությունները։

«Շատ հետաքրքիր դրվագներ կան իրենց պատմության մեջ, որոնք մոռացվում են, իսկ լուսանկարները դրանք հավերժացնում են։ Մենք միայն մեր վշտից ու դժբախտություններից ենք տեղյակ, մինչդեռ բոլոր ազգերի մոտ ուրախ ու տխուր պահեր էլ կան եւ դրանց պետք է ծանոթ լինել,-ասում է Սարգսյանը՝ նշելով, որ Մեչիտովը լավ լուսանկարիչ է եւ բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում,-նա շատ անմիջական է, հասարակ ու պարզ է, շատ հեշտ է շփվում մարդկանց հետ, ինչը շատ կարեւոր է լուսանկարչի համար, երբեք չի վանում մարդկանց, բացի այդ, ինքն ապրում է իր լուսանկարների հերոսների կյանքով, հոգսերով»։
Յուրի Մեչիտովը նաեւ չի սիրում շատ խոսել, ասում է, որ իր փոխարեն իր լուսանկարներն են խոսում։
«Ես այնպիսի արվեստի ճյուղ եմ ընտրել, որն ինքն է խոսում ամեն բանի մասին, այդ պատճառով էլ պարզաբանումների կարիք չկա։ Ես միայն շնորհակալ եմ այս ցուցահանդեսը կազմակերպելու համար»,-ասում է լուսանկարիչը։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Կովկասյան Գործընկերություն» հասարակական միավորման ջանքերով։ Միավորման նախագահ Հովհաննես Մանուկյանն ասում է, որ ցուցահանդեսը վաղուց է պլանավորված եղել եւ արդեն տեւական ժամանակ նախաձեռնում եւ իրականացնում են նման ծրագրեր Հայաստանում, Վրաստանում։

«Նմանատիպ միջոցառումները նպատակ ունեն խորացնելու կապերը մեր երկու հասարակությունների համապատասխան օղակների, ստեղծագործողների, մշակութային գործիչների միջեւ։ Մշակույթը ժողովուրդների բարեկամության տեսակետից շատ կարեւոր երեւույթ է եւ այն կամուրջները, որոնք կարելի է ստեղծել մշակութային տարբեր ոլորտներում, կարող են հասարակությունների համար ամուր հենարան դառնալ»,-ասում է Մանուկյանը։

Հայաստանում վրացական համայնքի ղեկավար Սվետլանա Նամչեւաձեի կարծիքով սա շատ կարեւոր ցուցահանդես է վրացական համայնքի համար եւ այն կհետաքրքրի ոչ միայն վրացիներին, այլեւ բոլորին։
«Վրացական համայնքի համար սա շատ կարեւոր միջոցառում է, քանի որ այս բոլոր պատկերները կապված են մեր հարազատ, սիրելի քաղաքի հետ, նայում ու վերհիշում ենք այս փողոցները, մարդկանց։ Մեչիտովը շատ տաղանդավոր նկարիչ է եւ շատ գնահատում եմ իրեն»,-«Ալիք մեդիային» ասում է Նամչեւաձեն։

Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի եւ Վրաստանի թիվ 98 դպրոցի սաները, որոնք նաեւ երգեցին վրացական ու հայկական երգեր։

Աղբյուրը