• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի դասավանդողի անհատական պլանը ուսումնական տարվա երրորդ շրջանում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2016-2017 ուստարի
2017թ. հունվարի 30-մայիսի 26

Կրթահամալիրի դասավանդողը կազմում է իր աշխատանքային պլանը (այսուհետ՝ պլան)՝ հաշվի առնելով կրթահամալիրի ուսումնական օրացույցը, դպրոցի ուսումնական պլանը: Պլանը քննարկում, համաձայնեցնում է իր անմիջական ղեկավարի հետ: Անմիջական ղեկավարը պլանը ներկայացնում է կրթահամալիրի տնօրենի հաստատմանը: Հաստատված պլանը պահվում է կրթահամալիրի էլեկտրոնային գրասենյակում՝ կադրերի տեսուչի դարակում (onedrive):
Լրիվ աշխատաժամանակով դասավանդողի աշխատաժամանակի տևողությունը՝ շաբաթական 33 ժամ է: Այն ներառում է.

  • առավոտյան ընդհանուր պարապմունք (օրական 15 րոպե).
  • ուսումնական պարապմունք՝ դպրոցի ուսումնական պլանով որոշված առարկայի, դասընթացի վարում, սովորողի ընտրությամբ գործունեության, սովորողի նախասիրության ակումբի, լրացուցիչ կրթության դասընթացի ղեկավարում՝ կիրառելով ուսումնական պարապմունքի կազմակերպման տարբեր ձևեր.
  • ուսումնական պարապմունքի նախապատրաստում.
  • դասավանդման հետ կապված աշխատանք սեփական ուսումնական բլոգում.
  • դասավանդման հետ կապված աշխատանք սովորողների բլոգների հետ.
  • հիգիենիկ պահանջների պահպանում, արտաքին և ներքին ուսումնական տարածքի և գույքի խնամք.
  • աշխատանք դպրոցի, կրթահամալիրի կայքում.
  • մեդիաուրբաթ (շաբաթական մինչև 60 րոպե).
  • դասավանդողի շուրջտարյա դպրոց (շաբաթական մինչև 60 րոպե).
  • հեղինակային կրթական ծրագրի փորձի փոխանակում, մենթորություն.
  • դասավանդողի նախասիրությունների զարգացման ակումբ, այդ թվում՝ կրթահամալիրային երգչախմբեր, համույթներ, մարզական։

Այս աշխատանքների համար վճարվում է հիմնական աշխատավարձ, որը կատարվում է ըստ աշակերտների քանակի պետական ֆինանսավորումից, քոլեջի պետական ֆինանսավորումից, սովորողների ուսումնական լրավճարներից:

Հիմնական աշխատաժամանակից դուրս դասավանդողը կարող է կատարել լրացուցիչ աշխատանք, որի համար սահմանված կարգով ստանում է լրավճար.

  • մեդիաուրբաթի կազմակերպման նախագծի ղեկավարում.
  • առավոտյան ընդհանուր պարապմունքի կազմակերպման նախագիծ.
  • մասնագիտական խմբի ղեկավարում.
  • մանկավարժական հետազոտական աշխատանք.
  • ուսումնական նախագծերի ղեկավարում, համակարգում.
  • ուսումնական ճամփորդությունների ղեկավարում.
  • ուսումնական ճամբարի աշխատանքի մասնակցություն.
  • կրթական փոխանակման նախագծեր, հեղինակային կրթական ծրագրի տարածման նախագծեր.
  • մասնագիտական փորձառության ղեկավարում.
  • ստաժոր ուսուցչի ղեկավարում.
  • վերապատրաստում.
  • «Կրթական պարտեզի» շրջանակներում նախագծի համակարգում.
  • ուսումնական օրացույցով որոշվող նախագծերի համակարգում.
  • ստուգատեսների, ցուցահանդեսների, պլեներների համակարգում, ղեկավարում.
  • քաղաքացիա-իրավական պայմանագրով այլ աշխատանք:

Այս աշխատանքների համար վճարումը կատարվում է պետական բյուջեով հատկացված «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ֆինանսավորումից, սովորողների ուսումնական լրավճարներից, այլ աղբյուրներից: