• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այստեղ տեսնելու և սովորելու շատ բան կա

Նախարարի այցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Շատ տպավորված եմ, որովհետև ես հայտնվեցի մեկ այլ աշխարհում. աշխարհ, որի մասին գուցեև երազել ենք մանկուց »,- «սեբաստացիներին» ուղղված իր խոսքում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցում այսօր նրա մասնակցությամբ ամփոփեցին հունվարյան ճամբարի առաջին շաբաթվա արդյունքները: Տնօրեն Աշոտ Բլեյանը նախարարին ներկայացրեց գրադարան-ընթերցարանը, որն առաջիկայում կհամալրվի մշակույթի նախարարության տրամադրած նոր գրականությամբ, խոհանոցը, որտեղ երեխաները սեփական ձեռքերով են պատրաստում և վաճառում սնունդը: Պատանի սեբաստացիների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսում նախարարը նույնիսկ գնումներ կատարեց, լսեց Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ գործող՝ կրթահամալիրի մանկավարժական երգչախմբի ելույթն ու պատասխանեց լրագրող-«սեբաստացիների» հարցերին: Ամենափոքրերից մեկն անգամ «հաջողեցրեց» լուսանկարել նախարարին՝ ամենահարմար պահին:

«Այս միջավայրի «մեղավորն», անշուշտ, երեխաների ազատությունն է, նրանց ազատ մտածողությունը: Շնորհակալ եմ, որ կարողացել եք ստեղծել այս մթնոլորտն ու միջավայրը».- ասաց նախարարը, որը «սեբաստացիներին» հրաժեշտ տվեց կրկին հանդիպելու խոստումով:

«Այստեղ տեսնելու և սովորելու շատ բան կա»,- փոքրիկ լրագրողներին տված ճեպազրույցում խոստովանեց մշակույթի նախարարը:

Ալիսա Գևորգյան
Աղբյուրը` ՀՀ մշակույթի նախարարության ՖԲ էջ