• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարդում ենք Վահե Հայկ՝ «Կաթիդ փարան չմոռանաս, մամա»

Այսօր՝ ճամբարի մեր 3-րդ օրը,  մենք կարդացինք մի պատմվածք, որ կոչվում է «Կաթիդ փարան չմոռանաս, մամա»: Այն գրել է Վահե Հայկը: Ինձ դուր եկավ հեղինակի կերպարը, նա շատ բարի մարդ էր  և երկար ժամանակ չի հասկանում, որ այդ պառավ կինը նպարավաճառի մայրն է: Իսկ նպարավաճառը ինձ դուր չեկավ: Նա չի ուզում, որ իր մայրը ապրի  իր ընտանիքի հետ նոր կառուցած տանը: Վերջում հեղինակը օգնում է ծեր կնոջը, որ իր գնումները տանի իր անշուք փայտե տնակը ու ասում է նրան.

-Մայրիկ, հաջորդ անգամ, որ գնաս որդուդ խանութը գնումներ անելու,  չմոռանաս նրան  կյանք տալու, պահելու  ու մեծացնելու համար նրանից վարձը վերցնես: 

Էդուարդ Ջահանգիրյան, ճամբարական

Այսօր մենք   կարդացինք Վահե Հայկի «Կաթիդ փարան չմոռանաս, մամա» պատմվածքը, չնայած սա ավելի շատ առակի է նման,  քան պատմվածքի: Հեղինակը պատմում է, թե ինչպես է ականատես եղել մի պատմության, երբ որդին շատ սառը և կոպիտ է վերաբերվում  իր մորը, հեղինակը անգամ չի կարողանում հավատալ, որ այդ կինը նրա մայրն է:  Պատմվածքի վերջում հեղինակը ինքն է գնում, օգնում կնոջը  իր գնումները տեղափոխելու համար  և խորհուրդ է տալիս, որ հաջորդ անգամ որդու խանութ գնումներ անելիս չմոռանա հետ պահանջել այն ամենը,  ինչը մայրը  նրան տվել է. անքուն գիշերներ  է անցկացրել որդու օրորոցի մոտ, իր կաթով կերակրել է նրան, մեծացրել, իսկ որդին հիմա երես է թեքել մորից: 

Դոնարա Թովմասյան, ճամբարական

Այսօր մենք կարդացինք «Կաթիդ փարան չմոռանաս, մամա» պատմվածքը: Այն շատ հետաքրքիր էր և բովանդակալից, դրա համար էլ ես շատ հավանեցի:  Այս պատմվածքով Վահե Հայկն ասում է, որ մայրն ամենաթանկ և ամենահարազատ մարդն է: Չի կարելի, որ   մոր  ծեր ժամանակ որդին նրանից գումար, կամ ուրիշ բան պահանջի, չէ՞ որ մայրը իր կաթով կերակրել է նրան, երբ նա փոքր է եղել, դիմացել է նրա բոլոր կամակորություններին, անքուն գիշերներ է անցկացրել նրան օրորելու, կերակրելու համար, և նա է պարտական մորը: Ինձ ամենաշատը դուր եկավ հեղինակի կերպարը, քանի որ նա բարի է, համբերատար և խելացի: Նա օգնեց նպարավաճառի մորը և խորհուրդ տալիս նրան, մյուս անգամ որդու խանութից ապրանք գնելիս  չմոռանա իր զոհողությունների մասին և պահանջի որդուց իր մայրական կաթի գումարը:

Լիանա Վահանյան, ճամբարական