• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի՞նչ է գիտելիքը

Ինձ համար գիտելիքը իմ կյանքի օգնականն է, որով ես միշտ շարժվում եմ: Գիտելիքը ճիշտ գործելու գրավականն է:

Հովակիմյան Նարեկ

Ինձ համար հաստատուն գիտելիք է այն, որը ես սովորում եմ ինքս: Ես վատ եմ հիշում այն բաները,  որոնք ինձ սովորեցնում են:

Սիլանյան Էմիլ

Իմ կարծիքով, գիտելիքը անհրաժեշտ է բոլորին: Առանց գիտելիքի մարդ չի կարող գոյատևել այս երկրում: Գիտելիքը խոսում է մարդու ունակության, աշխատասիրության մասին: Ինձ համար գիտելիքն առաջնային է, որովհետև գիտելիքն է տալիս այն ուժն ու համարձակությունը, որը չի կարող տալ և ոչ մի բան: Ուժեղ և ամրակազմ լինելով  չես կարող հաղթել բոլորին, իսկ եթե գիտելիք ունես, ապա կարող ես հաղթել խորամանկությամբ կամ էլ տրամաբանությամբ: Այսպիսով, ինձ համար գիտելիքը մի նոր աշխարհ է, որը նորություններ է բերում անձամբ ինձ և օգտվելով այդ նորություններից` ես  կարողանում եմ առաջ անցնել:

Մովսիսյան Սոնա

Գիտելիքը ինձ համար շատ կարևոր է: Ես գիտելիք ասելով հասկանում եմ այն, ինչն իմն է: Երբ մի բան սովորում եմ և այն լավ եմ յուրացնում, դառնում է իմը, իմ գիտելիքը: Ես անձնական գիտելիքն եմ համարում գիտելիք:

Հարությունյան Էլեոնոր

Ինձ թվում է` գիտելիքները մեզ պետք են  ապագայում: Գիտելիք մեզ տալիս են և ուսուցիչները, ծնողները, ընկերները:  Գիտելիք ասելով` ես նկատի ունեմ ոչ միայն դասերը և տնայինները: Գիտելիքը պահանջում է նաև տրամաբանություն:

Շահինյան Ասյա

Գիտելիքը սեփական փորձով են ստանում: Ստացված գիտելիքը մոռանում են, որովհետև  դժվար է այն հիշելը:

Նինա Գրիգորյան

Իմ  կարծիքով գիտելիք մարդուն ամեն վայրկյան է պետք, որովհետև գիտելիքի շնորհիվ է, որ մարդ հասնում է ինչ որ բանի:

Կարապետյան Արամ

Ինձ համար գիտելիքն այն է,  ինչին ես եմ հասնում: Ու մտածում եմ, եթե ինձ սովորեցնում են, դա ինձ համար գիտելիք չէ: Չնայած չեմ կարող ասել, որ դա ինձ հետագայում պետք չի գալու, ուղղակի հաստատ ես դա այնքան չեմ օգտագործելու, որքան կօգտագործեմ այն, ինչին ես եմ հասել: Վստահ եմ դրանում, քանի որ շատ մարդիկ եմ տեսնում, ովքեր ավարտել են դպրոց,  ԲՈւՀ-եր, ունեն շատ գիտելիքներ, բայց չեն աշխատում ու ոչինչի էլ չեն հասել: Իսկ կան մարդիկ, ովքեր ոչինչ չեն արել, բայց հասել են գրեթե ամեն ինչի: Կարծում եմ` մարդու ապագան գիտելիքը չէ: Դրա համար ձգտում է պետք:

Մարկոսյան Վիկա

Ինձ համար գիտելիքն այն է, որը ես եմ ձեռք բերում կյանքի ընթացքում և օգտագործում մինջև կյանքիս վերջ: Կամ էլ ինձ սովորեցնում են, ես փորձում եմ և օգտագործում եմ կյանքի ընթացքում: Գիտելիքն ինձ համար նյութական իր չէ և այն հեշտ է պահպանել գողերից կամ ավազակներից, բայց հեշտ չէ փոխանցել ուրիշներին և պահպանել դարեր շարունակ:

Արեգ  Հովակիմյան

Ինձ համար գիտելիքն այն է, ինչը մենք  սովորում ենք: Գիտելիքը ոչ միայն ուսուցիչներն են տալիս, այն նաև մենք ինքներս ենք ստեղծում և հետո կփոխանցենք մեր ապագա երեխաներին:   

Անի Մարտիրոսյան

Գիտելիք ասելով ես հասկանում եմ իմ իրական կատարած փորձը: Կարևորն այն է, որ սեփական փորձով ու ուժերով հասնում ես այդ ամենին: Ու դա երբեք չես մոռանա, որովհետև դու  միայնակ ես հաղթահարել այդ փորձությունը: Ճիշտ չեմ համարում այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ սովորում են, սովորում, մտածելով, որ մի բանի կհասնեն: Կարող է`դուք ինձ սխալ համարեք, բայց ես ասում եմ, որ ճիշտ չէ, երբ ծնողը անիմաստ գիտելիքներով ստիպողաբար ծանրաբեռնում է երեխայի ուղեղը: Խոսքս ուղղում եմ ծնողներին, չէ՞ որ ձեզանից հետո նա մենակ է լինելու ու չի էլ փորձելու ձեր տված գիտելիքը կիրառել, որովհետև ժամանակին չի ուզեցել: Իսկ եթե չի ուզեցել, ուրեմն չի էլ օգտագործելու:

Գևորգյան Լիլիթ