• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորյա հարցազրույց Մարթա Ասատրյանի հետ

2015  թվականը Ձեր կյանքում. ի՞նչ ձեռքբերումներ ու հաջողություններ ունեցաք անցած տարում Ձեր աշխատանքային գործունեության մեջ ու նաև անձնական  կյանքում:

Յուրաքանչյուր տարի նշանակալից է նրանով, որ նախ ամփոփում ես նախորդ տարին, հետո փորձում ծրագրել հաջորդ տարվա անելիքներդ, ապա սպասելիքներ ու կանխատեսումներ անում:  2015-ը այդ առումով բացառություն չէր:  Տարվա սկզբին  ես, իհարկե, ծրագրեր  ունեի, սակայն, ինչպես ասում են, կյանքը  մատուցում  է իր անակնկալները: Հետաքրքրիր փոփոխություններ եղան իմ կյանքում, իմ  պլաններում:  Ամենաանսպասելին իմ աշխատանքային նոր նշանակումն էր, որին անկեղծորեն չէի  սպասում, բայց այն  փաստը, որ հիմա ղեկավարում եմ կրթահամալիրի Ավագ  դպրոցը, ինձ համար թե՛ հետաքրքիր է, թև՛ անչափ  պարտավորեցնող: Պիտի  խոստովանեմ, որ ես դասավանդել շատ եմ  սիրում, սիրում եմ աշխատել իմ էկոլոգների ակումբի հետ, բայց այս աշխատանքային փոփոխությունը, ինչքան էլ որ ես կարոտում եմ դասավանդելը,  ընդարձակել է իմ աշխատանքային պարտականությունները, ու ես  հիմա  սիրով կատարում եմ այն, ինչ ճակատագրով ինձ բաժին է  ընկել:

Երկրորդ կարևոր ձեռգբերումը եղավ մեր վերապատրասում  անցնելը, որի արդյունքում ստացանք դպրոց ղեկավարելու հավաստագիր: Իհարկե, դա այդքան էլ հեշտ գործընթաց  չէր, քանի որ վերապատրաստվում ես արդեն տասնյակ տարիներ աշխատած ու աշխատող տնօրենների հետ, տեսնում ես, որ նրանք ինչ-որ բաներ ավելի լավ գիտեն, քննության ժամանակ խուսանավելու տարբերակների են տիրապետում, իսկ դու նոր ես սկսել սովորել, դժվար է, մի քիչ կեղծ, որովհետև տնօրենի աշխատանքը էդ սովորածի հետ իրականում ոչ մի կապ  չունի: Այնուամենայնիվ, ինձ համար դա ձեռքբերում էր, ուրախ եմ, որ ես կարողացա մեծ հաջողությամբ հանձնել այդ  քննությունը:

Աշխատանքային այս հաջողություններից զատ՝ ինձ համար 2015-ի ամենահետաքրքիր հատվածը մեր ճամբարներն էին, մեր կրթական ծրագրում ամենաշատը դրանք են ինձ հեգեհարազատ, երբ սովորողների հետ հնարավորություն եմ ունենում տարբեր վայրերում լինելու, ճամփորդելու:  Տարվա հիշարժան ճամբարը Ծխնեթիում՝ Վրաստանում, կազմակերպածն էր, որը մեծ հաջողություն ունեցավ, և որին սիրով արձագանքեցին մեր վրաց գործընկերները: Սիրով եմ հիշում նաև արդեն ավանդական դարձած զիկատարյան մեր ճամբարը: 

Չպիտի  թաքցնեմ՝ ինձ համար անչափ հետաքրքիր էր իմ ամառային ճամփորդությունը, որը իմ աշխատանքային գործունեության հետ այդքան էլ կապ չուներ: Ես եղա հեքիաթային Հունաստանում՝ Հռոդոս կղզում, որն  իրավամբ աստվածների կղզի է համարվում: Այս ճամփորդությունը ես երկար կհիշեմ, Ճամփորդելիս ինձ համար կարևորն այն է, որ մի նոր բան եմ սովորում, նոր բան տեսնում ու բացահայտում,  և այս ճամփորդությունը դրանցից մեկն էր:

Ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու 2016 թվականին,  Ձեր ցանկություններն ու ակնկալիքները Նոր տարում:

Էսպիսի մի կարծիք կա. եթե ուզում ես ցանկությունդ կատարվի, դրա մասին պետք է ոչ ոքի չասես: Դրա համար էլ հիմա չեմ ասի: Խոստանում եմ՝  երբ կատարվի,  2016 թվականն ամփոփելիս անպայման  կասեմ:

Հարցազրույցը վարեցին Դավիթ Մուրադյանը և Ժենյա Դավթյանը, Ավագ դպրոց, 12-րդ դասարան