• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորյա հարցազրույց Հռիփսիմե Առաքելյանի հետ

2015 թվականը Ձեր կյանքում. ինչ ձեռքբերումներ ու հաջողություններ ունեցաք անցած տարում Ձեր աշխատանքային գործունեության մեջ ու նաև անձնական կյանքում:
Հագեցած, հետաքրքիր և շրջադարձերով լեցուն տարի էր 2015-ը։ Կրթական փոխանակման ծրագրերը, որոնցով սկսել էի զբաղվել հենց տարեսկզբից, ինձ հնարավորություն տվեցին անվերջ թափառել Հայսատանում ու Հայաստանից դուրս։ Երևա՜ր- երկա՜ր ճամփաներ, նոր մարդիկ, նոր հարաբերություններ, այնքան բան ես տեսնում, ճանաչում ու դեռ պիտի ճանաչես։
Տարին նշանավոր էր նաև մասնագիտական ձեռքբերումներով։ Երկու տարի առաջ ինձ նախակրթարանից, որտեղ գրեթե յոթ տարի աշխատում էի, տեղափոխեցին կրտսեր դպրոց, և ինձ համար նշանակալից էր դասվարական աշխատանքում հաջողելը։ Նախագծեր, ուսումնական բուռն ու հետաքրքիր աշխատանք, ճամբարներ, ճամփորդություններ, ծնողական միահամուռ ու լավ թիմ, մրցանակներ, որոնք շա՜տ կարևոր էին ինքնահաստատման այն ճանապարհին, որով քայլում էի։ Շնորհակալ եմ ճակատագրից, որն ինձ ինքնադրևորվելու հնարավորություն ընձեռեց, և իմ համառ ջանքերը աննկատ չմնացին։ Գնահատված լինելու ոգևորությամբ ապրելու տարի էր 2015-ը. շնորհակալ եմ։
Անվերջ սովորեցի, բացահայտեցի, հասկացա, զարմացա ու զարգացրի։ Շնորհակալ եմ։
Վերջերս ինձ այն մտքի վրա եմ բռնել, որ առանց դժվարությունների աշխարհի գույները մի տեսակ խամրում են։ Տարօրինակ է, բայց իմ հաջողության բանալին այն բոլոր դժվարություններն են, որ առաջանում են իմ ճանապարհին։ Ես դրանք մեծ սիրով եմ հաղթահարում։ Բոլոր դժվարությունների համար շնորհակալ եմ։
Կոմիտասյան երգով ապրեցի այս տարի էլ ինձ շատ սիրելի երգչախմով ու երգչախմում աշխարհը նոր գույներով տեսնելու կարողությամբ օժտվեցի։ Շնորհակալ եմ։ 
Ինձ ամեն քայլափոխի ընկերակցեց սերը։ Սիրով ապրելու, սիրված լինելու համար շնորհակալ եմ։
Առաջին անգամ վարչական աշխատանքում ինքս ինձ փորձելու հնարավորություն ունեցա. կյանքս վերաիմաստավորելու հնարավորություն էր։ Ամեն ինչ իր ժամանակն ունի, հասկացա, որ դեռ երկա՜ր - երկա՜ր պիտի աշխատեմ, կայանամ, ամեն ինչ առջևում է։ Մինչև ծրագրի ղեկավար չդարձա, չհասկացա, թե ինչքան սիրելի է ինձ երեխայի հետ աշխատանքը։ Նորից իմ աշխարհ վերադառնալու համար շնորհակալ եմ։
Ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու 2016  թվականին,  Ձեր ցանկություններն ու ակնկալիքները Նոր տարում: 
Չգիտեմ՝ ինչ կլինի վաղը, այսօր  ապրելու համար շնորհակալ եմ…
 
Հարցազրույցը վարեցին Դավիթ Մուրադյանը, և Ստելլա Բարեղամյանը, Ավագ դպրոց, 12-րդ դասարան