• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2015-2016 ուստարվա առաջին գործի դատական քննությունը ավարտվեց

Խաղարկային դատարանի վճիռ

Մինչ դատարանի վճիռը հրապարակելը,  համառոտ ներկայացնեմ սույն գործով դատավարության  գործընթացը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարանը սույն գործը վարույթ է ընդունել 29.06.2015թ-ին:

Առաջին դատական նիստի ժամանակ հայցվոր կողմը ներկայացրեց հայցապահանջը, իսկ պատասխանողը՝ պատասխանը: Այս դատական նիստի ժամանակ անհրաժեշտություն առաջացավ լրացուցիչ  ժամանակի  որոշ փաստեր և հանգամանքեր արձանագրելու համար, ինչից ելնելով էլ դատարանը ,առաջնորդվելով  ՀՀ քաղաքացիական  դատավարության  119-րդ  հոդվածի 2-րդ  մասով  (Դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու  անհրաժեշտությամբ) ,կայացրեց  որոշում դատական   նիստը  հետաձգելու մասին:  Այս ընթացքում դատարանն ընդունեց պատասխանող Գևորգ Հակոբյանի միջնորդությունը, որը վերաբերում էր կրթահամալիրի մի շարք  դասավանդողներին գործով վկա ներգրավվելուն:

12.11.2015թ կայացած դատական նիստի ժամանակ դատարանը լսեց նաև գործով վկաներին, որոնց հարցեր հղեցին ինչպես հայցվոր կողմը, պատասխանող կողմը, այնպես էլ դատարանը: Այս դատական նիստի ավարտին կողմերը հանդես եկան համատեղ հաշտության համաձայնության տեքստ մշակելու միջնորդությամբ, որն էլ դատարանը բավարարեց:

19.11.2015թ-ին կայացած դատական նիստի ժամանակ պատասխանող կողմը ներկայացրեց իր կողմից առաջարկվող հաշտության համաձայնագիրը, որի հետ կապված հայցվորը ներկայացրեց իր առարկությունները  և առաջարկեց ներառել հավելյալ դրույթներ: Կողմերը համաձայնագրի ընդլայնման նպատակով մեկ անգամ ևս ներկայացրեցին միջնորդություն` դատական նիստը  հետաձգելու խնդրանքով, ինչը դատարանը կրկին անգամ ընդունեց՝ հույս ունենալով, որ կողմերի կառուցողական մոտեցումը կհանգեցնի խնդրի արդյունավետ լուծմանը, ինչին  ականատեսը  չդարձանք:

Քանի որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարանը հանդիսանում է նաև կրթական լաբորատորիա,օրենսդրության ևիր կանոնադրության սահմաններում արեց ամեն ինչ, որպեսզի դատավարության ընթացքը լինի առավել հագեցած՝օգտագործելով դատաքննության մի շարք գործիքակազմեր: Իրավական քննությունից զատ, այս դատաքննությունը հանդիսացավ նաև որպես ուսումնական գործընթացի մի մաս: Բոլոր դատաքննություններին ներկա են եղել ինչպես կրթահամալիրի տարբեր աշխատողներ, այնպես էլ աշակերտներ:

Խնդրի կարևորությունից ելնելով,  դատարանը կողմերին հնարավորություն ընձեռնեց  որոշակի շեղում կատարել բուն հայցի քննությունից և անդրադառնալ հայցի բովանդակային մասին` մեկ անգամ ևս օգտագործելով այս հարթակում հաշտության եզրեր փնտրելու կողմերի ցանկության փաստը: Սակայն կողմերի  ոչ կառուցողական մոտեցման պարագայում դատարանը վեճը քննեց  ըստ էության:

 Դատարաը վճռեց .

Վ. Թոքմաջյանի հայցն ընդդեմ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանի 2015 թվականի հունիսի 29-ի ծանուցումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին՝

բավարարել մասնակի, վճռի հետ մեկտեղ ներկայացնել նաև իրավական  մեկնաբանություն:

Դատարանը հիմք ընդունեց այն հանգամանքը, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը չի կարեղ լուծվել միայն սույն ծանուցման մեջ նշված հիմքերի առկայության պարագայում:

Ըստ ՀՀ իրավական ակտերի մասին օրենքի 3-րդ հոդվածի,  սույն ծանուցումը չի կարող դիտվել որպես իրավական ակտ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերոնշյալ ծանուցումը կողմերի համար կարող էր առաջացնել իրավական հետևանքներ, մասնավորապես, աշխատանքային պայմանագրի լուծում՝ գործատուի նախաձեռնությամբ:

Դատարանը գտնում է, որ տվյալ բովանդակությամբ ծանուցումը կարելի է դիտել նաև որպես իրավական ակտի տարրեր պարունակող փաստաթուղթ: Ելնելով վերոգրյալից, այն միանշանակ չի կարելի դիտել որպես իրավաչափ կամ ոչ իրավաչափ: Այդպիսի գնահատական տալու համար ծանուցումը նախ պետք է նախապես համապատասխաներ իրավական ակտերին ներկայացվող պահանջներին, ինչը չի պահպանվել:

Գործատուն՝ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի պահանջների, աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ պարտավոր է այդ մասին օրենքով սահմանված կարգով ծանուցել աշխատողին:

 Աշատանքային պայմանագրի լուծման հիմքերը ՝գործատուի նախաձեռնությամբ, սահմանված են աշխատանքային  օրենսգրքի 113-րդ հոդվածով: Վերոնշյալ ծանուցումը իր մեջ պարունակում է աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմք, սակայն այն նախատեսված չէ 113-րդ հոդվածով, ուստի գործատուն չի կարող աշխատանքային պայմանագիրը լուծել ծանուցման մեջ նշված հիմքով, եթե նրա մեջ չհստակեցնի աշխատանքից՝ գործատուի նախաձեռնությամբ ազատելու աշխատանքային օրենսգրքով սահմանված հիմքերը, նշի ծխելու հետ կապված սահմանափակումները՝ ղեկավարվելով Աշխատանքային օրենսգրքով և «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքով:

Ելնելով վերոգրյալից՝ դատարանը գտնում է, որ սույն ծանուցումը իր բովանդակային առումով հակասում է 113-րդ հոդվածին, ուստի ոչ իրավաչափ է:

Դատական նիստը հայտարարում եմ փակված:

26.11.2015թ.

Դատավոր՝ Վ. Գաբրիելյան