• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամփոփելով շաբաթը

Երկու շաբաթ, երկու հերթափոխով կազմակերպվեց «Հայաստանյան ասպետ» նախագիծը, որը կարելի է համարել Արցախի «Ասպետ» ճամբարի նախերգանք: Կրթահամալիրի 30 պատանիներ և նոր ընդունված սովորողներ մասնակցեցին այս փուլին:

Կարելի է ասել, որ հայաստանյան նախագիծը կատարեց իր առջև դրված հիմնական խնդիրները: Թերևս այն կաղաց մեկ ասպեկտում` շրջակա միջավայրի բարելավման աշխատանքների մասով: Հայաստանյան փուլի շրջանակում մասնակից սովորողներն ունեցան շարային նախապատրաստության դասընթացներ, վարժություններ վարժասարքերի վրա, մարզական խաղեր, բարձունքի հաղթահարում, իսկ այս ամենն ամփոփվեց գեղեցկուհի Սևանում: Իսկ Սևանը գեղեցկուհի էր ոչ միայն իր բնույթով, այլ նաև ափին հանգրվանած գեղեցկուհիներով:

Հայաստանյան փուլի աշխատանքում, կուզենայինք առանձնացնել զինղեկի պաշտոնի համար դիմած Արմենի աշխատանքը: Արմենը բավականին լավ և միանգամից ներառվեց աշխատանքներում, և կարելի է ասել՝ նրա շնորհիվ էր, որ ռազմամարզական մի շարք բաղադրիչներ կայացան: Առջևում մնացել են մի շարք տեխնիկական աշխատանքներ, որոնք կարծում եմ՝ կլուծվեն այս շաբաթվա ընթացքում: Կուզենայինք նաև անդրադառնալ մարզական կենտրոնի հետ համագործակցությանը: Իսկ մեր ճամփորդությունները բացառապես կազմակերպվեցին կրթահամալիրի միջոցներով ու հնարավորություն տվեցին ցանկացող սովորողներին ներառվել: Այսինքն` որևէ արհեստական խոչընդոտ չկար, որպեսզի ամեն ինչ անցներ հավուր պատշաճի: Ընդհանրապես, կարծում ենք, որ «Ասպետ» նախագիծը պետք է մասնակից սովորողների և նրանց ծնողների մոտ առաջացնի միայն երախտագիտության զգացողություն, քանի որ իր բոլոր դրական կողմերից բացի այն ազատում է մասնակիցներին բոլոր ֆինանասական պարտավորություններից: 21-րդ  դարի կապիտալիստական աշխարհում (ականջդ կանչի, լենին), սա բացառիկ երևույթ է:

Դե, ինչ, առջևում Արցախն է` իր հրաշք էությամբ, որն այնքան ապրելու ու ստեղծագործելու ձիրք է տալիս այնտեղ այցելողներին: