• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային օրը կենդանաբանական այգում

 

Այս առավոտ Անգլախոսների ակումբի ջոկատը եկավ դպրոց՝ չիմանալով, թե որն է լինելու մեր այսօրվա ճամբարային կարևոր իրադարձությունը, քանի որ հետաձգվել էր մեր ճամփորդությունը դեպի Սևան: Այսպիսով մենք պետք է որոշեինք, թե ինչպես կարող ենք մեր ճամբարային նախավերջին օրը դարձնել ավելի հագեցած և հետաքրքիր: Միսթր Յուրան առաջարկեց գնալ Կենդանաբանական այգի, և քանի որ մենք շատ վաղուց չէինք եղել այնտեղ, և գիտեինք, որ Կենդանաբանական այգին վերակառուցվել է այս տարի, մենք հաճույքով համաձայնվեցինք: Փոքրիկ ու ծույլ կրիաները առաջինը մեզ ողջունեցին, երբ հասանք այնտեղ: Կենդանաբանական այգին իրապես դեպի լավն է փոխվել: Այն դարձել է շատ ավելի մաքուր: Տարբեր կենդանիներին և թռչուններին հատկացված տարածքները վերակառուցված են այնպես, որ նրանք կարողանան ապրել իրենց հարազատ բնությանը նմանվող միջավայրում: Մենք տեսանք տարբեր կենդանիներ, որոնք զարմացած մեզ էին նայում, կամ էլ՝ արևից էին պատսպարվել ստվերում: Քանի որ հիմա տարածքներն ավելի մեծ են, նրանք կարողանում են ազատ քայլել և խաղալ իրար հետ: Մի քանի երիտասարդ նկարիչներ տարբեր տեղեր նստած նկարում էին կենդանիներին: Յուրաքանչյուր կենդանի եզակի էր իր գեղեցկությամբ և ոչ ոք չէր կարող անտարբեր անցնել նրանց կողքով: Մենք վերջացրեցինք մեր կարճ բայց անմոռանալի ուսումնական ճամփորդությունը Կենդանաբանական այգու ամենավերին մասից դանդաղ իջնելով ու միմյանց հետ կիսելով մեր դրական տպավորությունները: Հաշվի առնելով նաև մեր անցյալ շաբաթվա ձիավարությունը Ուշի գյուղում ես կարող եմ ասել, որ բնությունը և կենդանիները մեր այս տարվա ամառային ուսումնական ճամբարի անբաժանելի մասը դարձան:      

 Սուսաննա Ավետիսյան, 11-րդ դասարան, Անգլախոսների ակումբ