• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիահանրակրթություն…Իսկ ինչու՞ մեդիա

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մեր 6-րդ հավաքի բովանդակությունը մեդիահանրակրթությունն է:Իսկ ինչո՞ւ մեդիա: «Media» բառի հայերեն թարգմանական համարժեքը ԶԼՄ է`զանգվածային լրատվական միջոցներ, որոնցից են ռադիոն, հեռուստատեսությունը, մամուլը: Այս երեքի առաջնային գործը միշտ էլ եղել է մեր և ամբողջ աշխարհի կյանքի լուսաբանումը:

Լուսաբանվում են հակամարտությունների թեժ կետեր, պաշտոնական պարտականությունների չարաշահումներ, նախընտրական քարոզարշավներ, ավտովթարներ, հարս ու սկեսուրի հարաբերություններ, սպանություններ և ինքնասպանությունների դրդապատճառներ, տարբեր կուսակցությունների քաղաքական հայացքներ, շոուբիզնեսի «աստղերի» արդեն վանող թոքշոուներ: Մեդիայի այս հաստաբուն ծառերով անտառի մի փոքրիկ բացատում` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ծիլ է տվել մի նոր շիվ`մեդիահանրակրթություն անունով:Այդ շիվն ունի իր նոր ձևավորվող ճյուղերը`մեդիագրադարան, հանրակրթական դպրոցի համացանցային կայք`www.mskh.am, մեդիաինքնակրթություն, մեդիաօլիմպիադա, մեդիափառատոն, էլեկտրոնային մանկավարժական պարբերական, «անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագիր: Տիգրան Հայրապետյանի անվան մեր գրադարանը մեդիա է, որովհետև այն արդեն միայն մերը չէ: Շնորհիվ www.gradaran.mskh.amկայքի այն հասանելի է ոչ միայն մեր մարզերի ուսումնատենչ երեխաների և ուսուցիչների համար, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերում սփռված մեր հայրենակիցների համար: Գրադարանը սկսել է գրքերի թվայնացման աշխատանքները: Քո ծնողների հետ ժամանակավորապես արտերկրում ապրող և այդ պատճառով էլ կրթությունդ ընդհատած մեր փոքրիկ հայ բարեկամ, այցելիր  www.gradaran.mskh.am կայքը ու այնտեղ կարող ես գտնել հայերեն թվայնացված  դասագրքեր: Երկու ամիս է, ինչ սկսվել են գրքերի թվայնացման աշխատանքները, և արդեն գրադարանի կայքում կարելի է գտնել 40 թվայնացված գիրք: Դասավանդողների պատվերով թվայնացվել են նաև տարբեր ուսումնական առարկաների դասավանդման մեթոդական ուղեցույցներ: Վերջին երկու տարիների ընթացքում կրթահամալիրում հարյուրավոր էլեկտրոնային ուսումնական նյութեր են ստեղծվել ուսումնական գրեթե բոլոր առարկաների տարբեր թեմաներով: Բնագետներն այստեղ կարող են գտնել կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի փորձերի տեսանյութերով նկարագրություններ: Պատմություն դասավանդողները կարող են ավելի հետաքրքիր ու  արդյունավետ դարձնել իրենց դասերը Ավարարայրի ճակատամարտի, կիլիկիայի հայկական թագավորության, Ղարսի և Սևրի պայմանագրերի, Սարդարապատի ճակատամարտի, Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Մխիթար Սեբաստացու և այլ պատմական կարևոր իրադարձությունների ու մշակույթային գործիչների մասին պատմող ուսումնական նյութերով: Հետաքրքրվում ես մաթեմատիկայո՞վ, ուրեմն քեզ են սպասում մաթեմատիկական ռեբուսներն ու երկրաչափական խնդիրները: Ձեզ համար առանձնապես թանկ են մեր պատմական ուշարձաննե՞րը: Ահա՛ տասնյակ ուսումնական նյութեր, որոնք ծնվել են հայրենագիտական ճամփորդությունների ժամանակ`Լոռիից մինչև Մեղրի: Իսկ «գծագրական հմտություններ» ուսումնական նյութը մի անգնահատելի նվեր է գծագրություն դասավանդողների համար: Ամենափոքրիկների դասվարներն այստեղ կարող են գտնել Թումանյանի, Անդերսենի հեքիաթները պատմող էլեկտրոնային շարժանկարները երեխաների ձայնագրություններով: Ամեն ինչ անսպասելի է ու թարմության շունչն ունի:

Մեր մեդիագրադարանում կարելի է նույնիսկ գտնել արհեստագործական առարկներին վերաբերող էլեկտրոնային ուսումնական նյութ օրինակ` «Ատաղձագործություն»:

Հանրակրթական դպրոցի համացանցային կայք` www.mskh.am։ Կայքն իր այցելուների թվով կրթական հաստատությունների մեջ երկրորդն է Հայաստանում, բայց վստահությամբ կարելի է ասել, որ եզակի է իր տեսակով: Այն եզակի է, նախ և առաջ նրանով, որ ամենաժողովրդավարականն է: Կայքում նյութ կարող է տեղադրել և՛երկրորդ դասարանցին, և՛տասներորդցին, և՛դասավանդողը, և՛ կրթահամալիրի տնօրենը: Կայքը շնչում է ամեն րոպե ու ամեն ժամ: Օրինակ` կայքի այսօրվա էջում «Գավառի զատիկ» վերնագրով դպրոց-պարտեզի երկրորդ դասարանցի Ազատուհի Հարությունյանն իր տատիկի պատմածով ու իր դասվարի օգնությամբ անցյալի հիշողություններով ու խորհրդավոր սպասումով լի մի ջերմ ու գունեղ նյութ է տեղադրել: Նյութը տեղադրվել է երեկոյան, իսկ վաղ առավոտյան այն արդեն ունեցել է 31ընթերցող: Այստեղ գրել են սովորում հիմնականում ոչ թե թելադրությամբ, երբ աշակերտը գրվող նյութի բովանդակությանը բացարձակապես անտարբեր, բայց և տառասխալ չանելու վախը սրտում գրում է, իսկ ավելի ճիշտ` կրկնում է ուրիշի գրածը, այլ` իրենը ստեղծելով: Երեխային հնարավորություն է տրվում ինքնաբացահայտվելու, որը մանկավարժության մեջ ամենակարևոր ու ամենադժվար իրագործելի խնդիրն է: Կրտսեր դպրոցի աշակերտները իրենց ուսուցիչների օգնությամբ, իսկ ավագ դպրոցի աշակերտները լիովին ինքնուրույն ու առանց վերահսկվելու կարող են կայքում նոր նյութ տեղադրել, կարծիք հայտնել, իրեն հուզող հարց բարձրացնել, որը հետո կարող է դառնալ համադպրոցական քննարկման նյութ: Յուրաքանչյուր օր մոտ 30 նոր նյութ է դրվում կայքում, իսկ կայք այցելողների ընդհանուր թիվը յուրաքանչյուր օր անցնում է1000-ի սահմանը: Փաստորեն կայքը ԶԼՄ-ների այն միակ տեսակն է, որն օգնում է երեխաներին իրենց հետաքրքրության սահմաններում տեքստեր ընթերցելու  և ստեղծագործելու: Իսկ ամենակարևորն այն է, որ կայքն օգնում է երեխաներին արժևորելու իրենց ամեն մի օրը ու զգալու, որ իրենք զբաղված ու հետաքրքիր կյանքով են ապրում:

Էլեկտրոնային մանկավարժական պարբերական www.dpir.mskh.am, որի 39-րդ համարն է այժմ օգնում մեր մանկավարժներին ինքնակրթվելու: «Դպիր»-ում հրապարակվում են հոդվածներ  մանկավարժության համաշխարհային առաջավոր փորձից, ինչպես նաև`տարբեր ուսումնական առարկաների դասավանդման մեր ուսուցիչների մեթոդներն ու դասարանական գործունեության ձևերը: Սովորում ենք սովորեցնելու համար և սովորեցնում ենք սովորել:

Հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության հանրակրթության մեջ ներգրավված բոլոր նորը գնահատող, առաջադեմ մանկավարժներին` մասնակցելու մայիսի 12-ին, 13-ին, 14-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում տեղի ունենալիք հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա 6-րդ հավաքին, որն ամբողջովին մեդիահանրակրթությանն է նվիրված: Եկե՛ք ուսումնասիրելու մեր փորձը, եկե՛ք Ձեր գաղափարներով, եկե՛ք համագործակցելու: Մեդիահանրակրթությունը 21-րդ դարինն է: