• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախցի սովորողների տպավորությունները

Մենք արդեն երկու օր է, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ենք:
Առաջին օրը շատ հագեցած էր. առավոտյան մասնակցեցինք մարմարյա սրահում կայացած Էկոտուր 2015 բացման արարողությանը  (երգում էինք, պարում...), այնուհետև մաքրեցինք Մայր դպրոցի բակը, ազատեցինք հողը ոչ պիտանի կանաչից, այցելեցինք Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու 1915թ. ապրիլի 24-ին դաժանաբար յաթաղանված անմեղ զոհերի հիշատակը: Օրը ավելի հագեցնելու համար, ղեկավարի խորհրդով գնացինք թատրոն՝ դիտելու «Մորգանի խնամին» կատակերգությունը: 
Այժմ մենք սեբաստացիների հետ միասին պատրաստվում ենք վաղվա մրցութային  ծրագրին: Քնելու մտադրություն դեռ չունենք: Քննարկումները շարունակվում են...
Անգելինա Թովմասյան
 
 
Ահա եկավ մեր սպասված օրը...
Ապրիլի 28-ին վաղ առավոտյան ճանապարհվեցինք Երևան՝ մասնակցելու էկոտուր 2015 մրցույթին:Մեդիակենտրոնում մեզ դիմավորեցին ընկեր Գայանեն, ընկեր Մարթան և տիար Բլեյանը:Մի փոքր հանգստանալուց հետո իրիկունը զբոսնեցինք հանրապետության հրապարակում,քայլեցինք Հյուսիսային պողոտայով,հաղթահարեցինք Կասկադի բարձունքները,վայելեցինք երեկոյան Երևանը և մեր հանգիստն առանք «Հաղթանակ» զբոսայգում:Աննկարագրելի են օրվա տպավորություները:
Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան հ.2 դպրոցի աշակերտուհի
Ռոմելլա Թամրազյան
 
Ապրիլի 29-ին...
Մարմարյա սրահում մեզ սպասում էին...
Առավոտյան ընդհանուր պարապմունքին մասնակցեցինք և ոգևորված աշխատեցինք բակի վարդանոցում:Այնուհետև լսեցինք մրցույթին մասնակից խմբերի ելույթները (հայտագրվածների մի մասը ելույթ ունեցավ հաջորդ օրը): Ինչպես նախօրոք ծրագրված էր, մեր հարգանքի տուրքը մատուցեցինք և ծաղիկներ խոնարհեցինք Ծիծեռնակաբերդում: Մեզանից շատերը եղել էին այստեղ,սակայն թանգարանում առաջին անգամ էինք լինում: ՈՒրիշ էին ապրումները... Քանի որ կարճ ժամանակով էինք եկել, ուզում էինք ամեն ինչ տեսնել և գովազդը տեսնելուց հետո անմիջապես որոշեցինք գնալ Հ.Պարոնյանի անվան թատրոն և դիտել Շիրվանզադեի «Մորգանի խնամին»: Բավականին դուր եկավ մեզ: Շատ գոհ ու շնորհակալ վերադարձանք Հիմնական դպրոց:
Ստեփանակերտի  Աշոտ Ղուլյանի անվան հ.2 դպրոցի աշակերտուհի  Մարիա Մուսայելյան
 
Ապրիլի 30...
Այս օրը ծառայեց իր նպատակին: Մենք կարողացանք հանձնաժողովի դատին ներկայացնել մեր 6 ամիսների ընթացքում կատարած աշխատանքը: Թեման՝ «Մաքուր,ծաղկաշատ,կանաչապատ Ստեփանակերտ»: Հիմնականում ներկայացրեցինք մայրաքաղաքի մաքրությունը: Բազում զբոսաշրջիկների և սփյուռքահայերի կարծիքն է դա: Տիար Բլեյանը պնդեց. «Այդ կարծիքին եմ նաև ես»: Մենք գոհ էինք մեր պատրաստած նյութից և ելույթից, անհամբեր սպասում ենք վաղվան՝ մրցույթի ամփոփման արդյունքներին:
Ստեփանակերտի հ.4  հիմնական դպրոցի  աշակերտուհի Վարդուհի  Մարգարյան
 
 
Մրցույթից հետո բարձր տրամադրությամբ մեր ավտոն սլացավ դեպի Գառնի-Գեղարդ:Մի տեսակ աղոթք էինք ուզում մրմնջալ առ Աստված,որ աշխարհում կան բարի մարդիկ, բարի գործեր և ուրախ ենք, որ մասնակիցն ենք...
Գառնիի տաճարից լսեցինք Ազատ գետի վշշոցը: Այն նման էր թախծոտ մեղեդու, որ հոգիդ տակնուվրա է անում: Գեղարդը կախարդական, վայրի գեղեցկություն ունի: Դդուկահարները, տեսնելով մեր շապիկների վրա գրված «Ստեփանակերտ»-ը, իրենց նվագով հրավիրեցին պարի.«Տեր Աստված,վեր-վերի պարեցինք,կարծես դղրդացին ժայռերը Գեղարդի»:
Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան հ.2 դպրոցի աշակերտուհի  Մարիա  Նազլուխանյան
 
ՈՒշագրավ է Երևանի քաղաքապետարանի պատմության թանգարանը:Բավականին հետաքրքիր էր հին Երևանի գծապատկերը,հին զարդերը,զենքերի տեսակները:Այս թանգարանը մի տեսակ տարբերվում էր մնացած թանգարաններից:Այնուհետև մեր քայլերը տարան «Եռաբլուր»: Հուզմունքը մեր կոկորդում՝ ոտքով հասանք Հիմնական դպրոց:
Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան հ.2 դպսարանի աշակերտ Դավիթ Պետրոսյան 
 
Ես Ստեփանակերտի հ.11 ավագ դպրոցի  էկոտուր  2015 թիմի անդամ           եմ  և   առաջին   անգամ  եմ   մասնակցում  այս հետաքրքիր և «կանաչ» ապագա ունեցող նախագծին : Աշոտ  Բլեյանի  նախաձեռնած այս միջոցառումները  կլինեն  շարունակական, և  դա ինձ  շատ է ուրախացնում: Մեր ընտրած  «Աղբի տեսակավորում  և վերամշակում» թեմայի ուսումնասիրության արդյունքում տեղեկացանք այն մասին, որ մի քանի  ամսից  մեր Արցախում  նույնպես  կսկսվի  աղբի  վերամշակումը: Այս նախագիծը ինձ հնարավորություն  տվեց ձեռք  բերել  նոր ընկերներ: Մի  խոսքով  ամեն ինչ  հրաշալի է, և շատ կուզեի հաջորդ  տարի էլ մասնակցել  էկոտուրին:
Արսեն Գրիգորյան
 
Հ.Գ. Մենք դեռ ճանապարհին ենք... Մենք դեռ կպատմենք...