• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիաուրբաթի ծրագիր

1.Որպես մուտք՝ հատված «Նավզիկե» պոեմից, կարդում են Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները
2.Աբովյան նախագծի մասին, հատված տեսանյութից, հայտարարություն ապրիլի 2-ին Խ. Աբովյանի տուն-թանգարանում ամփոփելու մասին-ներկայացնում է Էլիզա Բաղդիյանը
3.«Աղասու երգը»-ներկայացնում են Լուսինե Գալստյանը, Աստղիկ Մամիկոնյանը
4.Հայտարարություններ-կենսամշակութային արշավ՝ տեսանյութ, ներկայացնում է Սյուզի Մարգարյանը, «Տիգրան Հայրապետյան-2015» ստուգատեսի ամփոփում՝ տեսանյութ, ներկայացնում է Աշոտ Տիգրանյանը
5.Կարդում ենք Տերյան՝ «Գարնանամուտ»
6.Ներկայացնում է երաժշտական լաբորատորիան-երգ՝ Տերյանի խոսքերով՝ «Անծանոթ աղջկան»
7.Գեղարվեստի կրտսեր դպրոցի երկարօրյա խմբի պարը, ղեկ՝ Անժելա Մանուկյան
8.Կարդում ենք Թումանյանի քառյակներից: Էկրանից աջ գտնվող հանդիսատեսը կարդում է 1-ին քառյակը, էկրանից ձախ գտնվողները՝ 2-րդ քառյակը, էկրանի դիմաց գտնվողները՝ 3-րդ քառյակը, ամբողջ սրահը՝ 4-րդ քառյակը:
9.Ներկայացնում է երաժշտական լաբորատորիան- երգ՝ Թումանյանի խոսքերով-«Կիկոսի մահը»
10.Միասնական երգ՝ «Կենաց երգ», Սեյրան Ավագյան և սովորողներ, նվագակցում է Մերի Առաքելյանը
11.«Տերն ու ծառան» տեսանյութը անգլերեն թարգմանությամբ, ղեկ՝. Իրինա Ապոյան, ներկայացնում է Դավիթ Խալաթյանը
12.Կարդում ենք Չարենց՝ «Կուզեմ հիմի փչե զուռնեն….»
13.Երաժշտական լաբորատորիայի կատարումը-երգ՝ Չարենցի խոսքերով-«Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար...»
14.Գեղարվեստի դպրոցի դասավանդողների միասնական պարը
15.Միասնական երգ՝ «Բրոյի-բրոյի», Սեյրան Ավագյան և սովորողներ, նվագակցում է Մերի Առաքելյանը
16.Միասնական պար՝ «Շամ քելեցի, դամ քելեցի»

Համակարգչային օպերատորներ՝ Կարեն Խաչատրյան, Դավիթ Խալաթյան 
Ֆոտոլուսաբանումը՝ Մարինա Մկրտչյան, նկարահանումը՝ Սուսան Ամուջանյան, կինո-ֆոտո ակումբի սովորողներ
Վարումը՝ մեդիատարբերակով

Եղ. Չարենց
Նայադների՜ նման, նայադների նման,          
Կարոտներիս ձայնով կանչեց նա ինձ,
–Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք
 Եվ ինձ թողեց միայն մահո’ւ կսկիծ…

Նաժիշտներով իր յոթ շրջապատված`
Նաժիշտներով սիրո և ցավի կե’զ,
Իբրև հոժա՜ր կամքով մահապարտված`
Ընդունեց սերն իմ սև – իմ Նավզիկեն…

Կարոտներիս ծովի կղզիներում անցած
Դու իմ կղզին եղար միակ ոսկե,
–Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք
Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե…

Եվ վարդագույն, ինչպես մի վարդագույն մարջան,
Կարոտներիս կարմիր ավազի մեջ –
Դու ժպտացի՜ր, անցար, աներևույթ դարձար,
Օ, մահացու իմ սեր, իմ Նավզիկե…

Վ. Տերյան
ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով:

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարու՜ն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր:

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել:

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարու՛մ, անտառու՛մ, արտու՛մ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում-
Ողջու՛յն քեզ արև, ողջու՛յն քեզ գարուն...

Հովհ. Թումանյան-քառյակներ

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում ,տանջվում, որոնում  է ու դժբախտ է նա կրկին,
Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:

Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան. միտք եմ անում` է՞ս, թե՞ էն.
Մեջտեղ կանգնած` միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե՞ էն.
Աստված ինքն էլ տարակուսած չի հասկանում` ինչ անի,
Տանի՜, թողնի՜, ո՞րն է բարին, որ սահմանում, է՞ս, թե՞ էն:

-Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր:
Էս էլ կերթա` հանց երազում, թասդ բե՛ր:
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր:

Չարենց

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
ընկերների սուփրին գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

Կենաց երգ

 Խմենք հայրենիք, կենացդ երգով
 Լինես երջանիկ, քաջ լինես միշտ հոգով:

 Կրկներգ. Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
 Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,

Կրծքիդ բյուր գարնան ծաղիկներ բուրեն,
Ու հովերը գան դեմքը քո համբուրեն:

Կրկներգ. Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա…..

Խաղաղ, բազմաբերք լինի քո տարին,
Խնդություն ու երգ փռես միշտ աշխարհին:

Կրկներգ. Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա…..

Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի-բրոյի,
Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի-բրոյի,
Յա'ր, չիմ տա, չիմ հիռացնի քեզ քու յարեմեն,
քեզ քու յարեմեն, բարեբարեմեն:

Չիմ քաշվի էկած մահեմեն,
Րաղիփի տըված ահեմեն բրոյի-բրոյի.
Թեգուզ րաղամ գա Շահեմեն,
Յա'ր, չիմ տա, չիմ հիռացնի քեզ քու յարեմեն,
քեզ քու յարեմեն, բարեբարեմեն:
 
Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի-բրոյի,
Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի-բրոյի,
Յա'ր, չիմ տա, չիմ հիռացնի քեզ քու յարեմեն,
քեզ քու յարեմեն, բարեբարեմեն: