• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳ

  1. ՀՀ ԿԳ նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (այսուհետ` կրթահամալիր) մասնաճյուղի (կառուցվածքային ստորաբաժանման) գրասենյակի ղեկավարին (այսուհետ` գրասենյակի ղեկավար) աշխատանքի է նշանակում կրթահամալիրի տնօրենը (այսուհետ` տնօրեն)` խորհրդակցելով մասնաճյուղի ղեկավարի հետ:
  2. Գրասենյակի ղեկավարը պիտի ունենա բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, ազատ տիրապետի գրական հայերենին, համակարգչային MS Office ծրագրին, ինտերնետին, գործնական գրությունների կազմմանը: Օտար լեզուների իմացությունը ցանկալի է:
  3. Գրասենյակի ղեկավարը ապահովվում է աշխատանքային պատշաճ պայմաններով (առանձնասենյակ, համակարգիչ, տպիչ, ինտերնետ, չհրկիզվող պահարան, հեռախոս և այլն):
  4. Գրասենյակի ղեկավարը աշխատում է շաբաթական 6 օր: Աշխատանքի սկիզբը ամառային աշխատաժամանակով` ժ. 8:45, ավարտը` ժ. 16:45, ձմեռվա աշխատաժամանակով` ժ. 9:30, ավարտը` ժ. 16:30: Շաբաթ օրը աշխատանքային ժամանակը սահմանվում է ժ. 10:00 - 13:45:
  5. Աշխատանքային ժամերի սահմաններում սահմանված կարգով նախատեսվում է ընդմիջում` 45 րոպե տևողությամբ (բացառությամբ շաբաթ օրերի):
  6. Գրասենյակի ղեկավարը նյութական պատասխանատվություն է կրում մասնաճյուղի գրասենյակում պահպանվող գույքի, ուսուցման միջոցների, փաստաթղթերի, կրթական լրացուցիչ ծառայությունների դիմաց պայմանագրով որոշված` գրասենյակի միջոցով հավաքագրվող գումարների համար:
  7. Գրասենյակի ղեկավարի ժամանակավոր բացակայության դեպքում նրան փոխարինում է մասնաճյուղի ղեկավարը կամ մասնաճյուղի ղեկավարի լիազորած անձը:
  8. Գրասենյակի ղեկավարի աշխատանքները համակարգում է տնօրենի աշխատակազմի ղեկավարը:
  9. Գրասենյակի ղեկավարը ըստ սահմանված կարգի`
  • ծանոթացնում է մասնաճյուղերի աշխատողներին կրթահամալիրի ներքին իրավական ակտերին
  • կազմում է մասնաճյուղի աշխատողների և սովորողների (սաների) մասին տեղեկատվական բազան, օպերատիվ փոփոխություններ կատարում նրանում
  • կազմակերպում է մասնաճյուղերին առնչվող տեղեկատվության ստացումը, տարածումը և պահպանումը
  • լրացնում է դասավանդողների և այլ աշխատողների աշխատաժամանակի հաշվառման թերթիկը, տեղեկություններ ներկայացնում կրթահամալիրի հաշվապահություն
  • վարում է սովորողի (սանի) անձնական գործը, հատկացնում անհրաժեշտ տեղեկանքներ
  • կազմում է մասնաճյուղի դասացուցակը, ներկայացնում հաստատման և փոփոխություններ կատարում դասացուցակում
  • մասնաճյուղի ղեկավարի որոշմամբ ապահովում է բացակա դասավանդողին փոխարինումը
  • վարում է սովորողների շարժմտյանը, մատենավարությունը
  • ապահովում է, որ դասը սկսվելուց 15 րոպե առաջ բաց լինեն ուսումնական սենյակները
  • համակարգում է ընթերցասրահի, տեսասրահի և ուսումնական այլ սրահների զբաղվածությունը
  • պահպանում է ուսումնական այլ միջոցները և հատկացնում դրանք ուսումնական նպատակով
  • իրականացնում է սովորողների (սաների) հաճախումների հաշվառումը, օրվա ընթացքում` մինչև ժամը 11:00, բացակաների ցուցակը ներկայացնում տնօրենի գրասենյակ
  • անհրաժեշտության դեպքում մասնակցում է սովորողների գիտելիքների ստուգմանը, ստուգման արդյունքների մասին տեղեկացնում սովորողներին և ծնողներին
  • մասնակցում է պետական ամփոփիչ ստուգման հանձնաժողովի աշխատանքին` որպես հանձնաժողովի քարտուղար
  • պատասխանում է հեռախոսազանգերին, վարում մասնաճյուղի գրագրությունը և ապահովում էլեկտրոնային հաղորդակցությունը
  • հավաքում է ուսումնառության պայմանագրով (այդ թվում` պայմանագրի լրացումներով) որոշված լրավճարները և մուտք անում կրթահամալիրի գանձարկղ, հետևում է փոխանցումով կատարվող լրավճարներին` յուրաքանչյուր ամսվա վերջում տնօրենի գրասենյակին ներկայացնելով հավաքագրման արդյունքները
  • մասնակցում է ուսումնական ճամփորդությունների կազմակերպմանը, հավաքում կրթահամալիրի փոխադրամիջոցներից օգտվողների ուղեվարձը, մասնակցում սովորողների տեղափոխման կազմակերպմանը: