• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

2009թ. աշխատանքների հաշվետվություն

ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև 2009թ. հունվարի 30-ին կնքված պետական աջակցության Ա-6/22 պայմանագրի հավելվածով որոշված է ծրագրի տարվա աշխատանքների բովանդակությունը:
Կրթահամալիրի զարգացման նոր (2-րդ փուլի) ծրագրում ամփոփվել է նախորդ տարիների փորձը և ծրագրվել է 2009-2012թթ աշխատանքի բովանդակությունը։ 2009-2010 ուստարվա համար հստակեցվել են կրթահամալիրում իրականացվող ուսուցողական ծրագրերը, կազմվել են «Օտար լեզուների ու համակարգչային ծրագրերի խորացված ուսուցման 1-6-րդ դասարաններ», «Նախասիրությունների զարգացման և մասնագիտական կողմնորոշման 7-9-րդ դասարաններ», ավագ դպրոցի` էլեկտրոնիկայի և ծրագրավորման, բժիշկ-կենսաբանի, մաթեմատիկոս-տնտեսագետի, մանկավարժական-սոցիալական աշխատանքի, իրավագետ-քաղաքագետի, օտար լեզու-թարգմանչի, հայագիտության, արևելագիտության, գործավար-օպերատորական, մարզչական, կերպարվեստի և համակարգչային գրաֆիկայի, գեղարվեստական նախագծման և դիզայնի, կինո-ֆոտոգործի և օպերատորության, երաժշտության և համակարգչային ծրագերի, դերասանական վարպետության և ռեժիսուրայի, լրագրության, պոլիգրաֆիայի խորացված ուսուցման, բուսաբուծության և պարտեզապուրակային գործի, զարդակիրառական արվեստի, վարսավիրական արվեստի և դիմահարդարման, սննդի կազմակերպման, հացաթխման և հրուշակեղենի արտադրության, առևտրական գործի, կենդանաբուծության, բուսաբուծության և պարտեզապուրակային գործի, ատաղձագործական աշխատանքների, հարդարման շինարարական աշխատանքների, շենքերի սանիտարատեխնիկական սարքավորումների, կարի և կաշվե իրերի արտադրության ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնիկական սպասարկման և նորոգման մասնագիտական ուսուցման 10-րդ դասարանների, ավագ դպրոցի վարժարանային ուսուցման 11-րդ դասարանների, արհեստագործական ուսուցման 11-րդ դասարանների, արհեստագործական մեկամյա ուսուցման` համակագիչների շահագործում, զարդակիրառական արվեստ և ժողովրդակւան արհեստներ, ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում, վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում, լուսանկարչություն, հասարակական սնունդ, կարի արտադրության տեխնոլոգիա մասնագիտական խմբերի (մոտավորապես քառասուն) ուսումնական պլանները, որոնցում հաշվի են առնված կրթահամալիրի նախորդ տարիների փորձը, միջնակարգ և արհեստագործական ուսուցման պետական չափորոշիչներում կատարված փոփոխությունները, ՀՀ օրենքը հանրակրթության մասին։ Սովորողի նախասիրությունների զարգացման և մասնագիտական կողմնորոշման 7-9-րդ դասարանների ուսումնական պլանում կայանում է «Արվեստ» առարկան, որը 2008-2009 ուսումնական տարում մտել է 7-րդ, իսկ 2009-2010 ուսումնական տարում` նաև 8-րդ դասարանի բովանդակության մեջ։ Ուսումնական պլանի պարզաբանումներում որոշակիացվել է արվեստի բաղկացուցիչը` որպես առանձին դասընթաց 6-10-րդ դասարաններում։ Լրամշակվել են 5-6-րդ դասարանների բնագիտության և 5-9-րդ դասարանների տեխնոլոգիայի բովանդակությունը և դրանց բաղկացուցիչ դասընթացները։ Կրթահամալիրի երեք ավագ դպրոցներում ընդհանուր հանրակրթությունը` որպես ավագ դպրոցի ծրագրի բաղկացուցիչ, նույնն է բոլոր սովորողների համար, կարևորում է սովորողի քաղաքացիական կրթությունը` ապահովելով առարկայական չափորոշիչներով որոշված նվազագույնի կատարումը, քաղաքացիական հասարակության անդամի, նրա արժեհամակարգի ձևավորումը: Եվ հունվարյան ստուգատեսը ցույց տվեց (ինչպես նաև 2009թ. հունիսի «Ժանգոտ դդում» փառատոնը, նոյեմբերին «Ստվեր» հակակոռուպցիոն փառատունը), որ կրթության նման մոտեցումը հանգեցնում է նրան, որ սովորողները քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեն, գործնականում կարևորում են հումանիստական և քրիստոնեական բարձր արժեքները։ Կազմվել և կրթահամալիրի մասնաժողովում քննարկվել են ուսումնական պլաններով նախատեսված առարկաների և դասընթացների ծրագրերը, սովորողի նախասիրության զարգացմանը և մասնագիտական կողմնորոշմանն ուղղված գործունեությունների ծրագրերը։ Որպես լրացուցիչ կրթություն` կրթահամալիրի նախորդ տարիների փորձին ավելացել է իսպաներենի, ֆրանսերենի, վրացերենի, գերմաներենի, իտալերենի, արաբերենի ուսուցումը, լրամշակվել են լողուսուցման, մարմնամարզության և պարի` որպես լրացուցիչ կրթություն, ծրագրերը։ 2010թ. հունվարի 20-23-ի «Թվային տեխնիկական միջոցները արդյունավետ կրթության գործիքներ» ստուգատեսում (այսուհետ` ստուգատես) ոչ միայն ակտիվ մասնակցություն ունեին, այլև ստուգատեսը սպասարկում էին խորացված ուսուցման դասարանների սովորողները (տեխնիկական սպասարկում, թարգանություն, լրատվություն, վիճակագրություն և վերլուծություն, սննդի սպասարկում և այլն)։ «Պետական այլընտրանքային մանկավարժության ծրագրերի իրականացում» ծրագրով նախատեսված հավաքներին ներկայացվել են, «Դպիր» էլեկտրոնային ամսագրում հրապարկվել են, առանձին պրակներով բազմացվել են նոր ուսումնական նյութերի ժողովածուներ, դրանց կիրառման մեթոդական մշակումներ հանրակրթական առարկաների և խորացված ուսուցման համար։
Կրտսեր դպրոց-պարտեզում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի և պարտեզից դպրոց անցման գիտափորձի արդյունքները ներկայացվել են հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքին և խնդիրները քննարկվել են հոկտեմբերյան բաց փորձաքննության ժամանակ։ Ծրագրի նախապատրաստական դասարաններն առաջին դասարանի ծրագիրն սկսել են ապրիլի 1-ին, և 2009թ. դեկտեմբերին սովորողներն արդեն յուրացրել էին նախատեսված բովանդակությունը։ Դա փաստեց նաև ստուգատեսը, որտեղ գիտափորձի բոլոր դասարանների սովորողները ակտիվ մասնակցություն ունեցան։ Ծրագրի ղեկավարների և փորձագետների եզրակացությունը նույնն է` գիտափորձի դասարաններում սովորողների գիտելիքների և ուսումնական հմտությունների ծավալը և որակը պայմանավորվում են ոչ միայն սովորողների ընդունակություններով կամ ծնողների վերաբերմունքով, այլև ծրագրված շարունակական ուսումնական գործունեությամբ, նախապատրաստական փուլում ուսումնական նախնական հմտությունների ձևավորմամբ, ուսումնական գործունեությամբ զբաղվելու սովորության մշակմամբ (արդեն յուրացրած գիտելիքների, ձեռք բերած կարողությունների և հմտությունների հետևանքով «պարապ մնալու» վտանգն այս դեպքում չի լինում)։ Դրա արդյունքում գիտափորձի դասարաններում կրտսեր դպրոցի պետական չափորոշիչների քառամյա բովանդակության կատարումը հնարավոր է դարձել երեք տարում։
Մայիսյան հավաքին ներկայացվել է 1-ին դասարանում ամենօրյա անգլերենի և ռուսերենի ուսուցման համար անհրաժեշտ նյութերի փաթեթները, իսկ մանկավարժական ծրագրերի հոկտեմբերյան փորձաքննությանը` այդ ծրագրի զարգացումը։ Այդ աշխատանքը շարունակվել է 2009թ. ընթացքում. մշակվում, փորձարկվում և ներդրվում են կրտսեր դպրոցում անգլերեն և ռուսերեն ուսումնական նյութերի նոր փաթեթներ։ Ծրագրի հեղինակները ոչ միայն իրենք են այդ փաթեթներն ստեղծելու համար կիրառում ՏՀՏ-ները, այլև այդ նյութերով ուսուցումը կազմակերպվում է համակարգչային ծրագրերի և մեդիա միջոցների անընդհատ գործածման միջոցով, որը և° ավելի գրավիչ, և° արդյունավետ է դարձնում ուսուցումը։ Ստուգատեսն ավելի տեսանելի դարձրեց այդ ծրագրի արդյունքը. ստուգատեսի շրջանակում կազմակերպված դասերը, օտար լեզուների ուսուցման համար կամ օտար լեզուների կիրառմամբ ստեղծված ցուցադրված բազմազան ու գրավիչ նյութերը բարձր գնահատվեցին ստուգատեսի հյուրերի կողմից։ Լրամշակվել է մարզական հանրակրթական համակարգ ծրագիրը, այդ թվում` լողուսուցումը և մարմնամարզությունը 1-6-րդ դասարաններում հանրակրթության բաղադրիչ։ «Իմացումի հրճվանք» ծրագրում ֆիզկուլտուրան ամենօրյա գործունեություն է, ինչպես մյուսները։ 2009թ. ավատվեց կրթահամալիրի փակ լողավազանի կառուցումը, և այն, ինչպես նաև կրթահամալիրի բոլոր մասնաշենքերում գործող ամառային բաց լողավազանները, դարձան ծրագրի իրականացման հիմքը, կրթահամալիրի սովորողների առողջության պահպանման և մարզական զարգացման ամենագրավիչ միջավայր։
2009թ. ծրագրային երգերի, ունկնդրման երաժշտության, հանրակրթական պարի համար կազմվել են նոր խտասկավառակներ։ Կրտսեր դպրոցում իրականացող առավոտյան համադպրոցական (բոլոր սովորողների և դասավանդողների մասնակցությամբ) երգեցողության` «առավոտյան ժամերգության» ծրագիրը իր մեջ հոգևոր երգի հետ ներառել է օրվա, ժողովրդական տոնի և ծեսի համապատասխան երգ ու պարը, կրթահամալիրային միջոցառումների ծրագրային երաժշտությունը։ Ծրագրի հետևողական իրականացումը հանգեցրել է նրան, որ կրթահամալիրի սովորողներն ու դասավանդողները (հատկապես բոլոր կրտսեր դպրոցները) կարողանում են մեծ հանդիսությունների ժամանակ միասին երգել ու պարել։ Իսկ ստուգատեսին ներկայացված ֆիլմերում սովորողների ընտրած երաժշտությունը արդեն խոսում էր երաժշտական այդ միջավայրի դրական ազդեցության, երաժշտական նոր ճաշակի մասին։ 2009թ. շարունակվել է կրթահամալիրի դասավանդողների վերապատրաստումը երաժշտության ծրագրով, գործել է դասավանդողների եռաձայն երգչախումբը։ Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում սովորողի ընտրությամբ երաժիշտի գործունեության մեջ ներառվել է շվիի ուսուցումը։
Կրթահամալիրի` ՀՀ կառավարության 664 - Ն որոշմամբ (11 հունիսի 2009) ստեղծված երեք ինքնուրույն ավագ դպրոցները, հեղինակային մանկավարժության ծրագրի շրջանակում 2006-2008թթ իրականացված «Հանրակրթության և մասնագիտական կրթության ներառում» գիտափորձի արդյունքները ներդնելով, իրենց ծրագրում ներառում են ՀՀ կառավարության հաստատած` նախամասնագիտական (արհեստագործական) ուսուցման ցանկից մասնագիտական ուսուցման ծրագրեր և բուհական մասնագիտությունների նախամասնագիտական ուսուցման ծրագրեր` կարևորելով, որ ուսումնական գործի կազմակերպումն ապահովի, որ երեք տարվա ընթացքում շրջանավարտն իր նախասիրություններին և կարողություններին համապատասխան կրթություն ստանա, պատրաստ լինի հաջորդ կրթական աստիճանում սովորելու կամ աշխատանքային շուկայում իր գործը գտնելու։ Կրթահամալիրի կազմում գործող քոլեջը հնարավորություն է տալիս մշակելու և փորձարկելու մասնագիտական և նախամասնագիտական կրթություն տվող ինքնուրույն ավագ դպրոց – միջին մասնագիտական կրթություն մեխանիզմը։ Դա ավելի արդյունավետ է դարձնում մասնագիտական կրթության համար սովորողների ներդրած ջանքերն ու ժամանակը։ Ավագ դպրոցն ավարտողը քոլեջում կարող է իր ուսումը շարունակել արդեն երկրորդ կուրսում: Առաջացել է քոլեջում նոր մասնագիտությունների ներդրման անհրաժեշտությունը։
Կրթահամալիրի զարգացման ծրագրով կարևորված պարազիտիկ՝ ոչ ստեղծական, ոչ արտադրական (արտադրողական) ուսումնական աշխատանքից վերջնական և ամբողջական ձերբազատման խնդիրը սովորողների և դասավանդողների համար պարտադիր է դարձնում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների և ուսուցման նոր միջոցների յուրացումը։ Դա ապահովելու համար կրթահամալիրը ներդրել և փորձարկում է մի համակարգ, որը ուսումնական պլանով, ուսումնական առարկայի կամ դասընթացի ծրագրին ներկայացվող պահանջներով, սովորողի, դասավանդողի ամենամսյա հաշվետվության, ուսումնական կենտրոնի և ուսուցողական ծրագրի ղեկավարի կիսամյակային հաշվետվության պահանջներով, ամենամյա ստուգատեսներով` «Թվային տեխնիկական միջոցները արդյունավետ կրթության գործիքներ», «Ժանգոտ դդում», կրթահամալիրի զարգացող և նորանոր շահառուների սպասարկող կայքով, Մայքրոսոֆթի երևանյան գրասենյակի հետ մշակված Live&Edu փոստային նոր համակարգով անընդհատ ուշադրության կենտրոնում է պահում խնդիրը։ Կրթահամալիրի դասավանդողների մասնագիտական զարգացման ծրագրում ներառված է նաև թվային միջոցների, համակարգչային ծրագրերի ուսուցում։ Բոլոր առարկաների դասավանդողները դասերի ընթացքում օգտագործում են էլեկտրոնային ուսումնական նյութեր, SMART էլեկտրոնային գրատախտակ: Փորձարկվել է էլեկտրոնային գրատախտակը դասարանում մոդելը: Ծնողների հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում արդեն երկու դասարաններում տեղադրված էլեկտրոնային գրատախտակներ։ Իսկ ամեն ուրբաթ սովորողների ներկայացումները, հունվարյան ստուգատեսում ներկայացված 400-ից ավելի էլեկտրոնային ուսումնական նյութերն ու ֆիլմերը, ուսումնական TV, բազմալեզու լրատվական գործակալություն, ուսումնական ռադիո (այդ թվում ռադիոթատրոն) ստեղծելու նոր նախագծերը ցույց են տալիս, որ այդ ուղղությամբ ջանքերն արդյունավետ են և պիտի ավելի կարևորվեն, քանի որ ՏՀՏ հմտությունների յուրացումն ավելի գրավիչ և արդյունավետ է դարձնում ուսուցումը, ավելի ազատ և ստեղծական է դարձնում սովորողին` նրան ոչ միայն ուսումնառության համար անհրաժեշտ, այլ նաև ինքնուրույն արտադրական աշխատանքով զբաղվելու հմտություններ տալով։
2009թ. ծրագրով կարևորված է տեխնոլոգիական հմտությունների յուրացումը մի կողմից` որպես սովորողին անձնական կյանքում անհրաժեշտ, անվտանգ և առողջ ապրելուն ուղղված հմտություններ, մյուս կողմից` որպես մասնագիտական կողմնորոշմանն ուղղված, նաև սովորողի արժեքային համակարգի ձևավորման միջոց։ Ոչ միայն «Տեխնոլոգիա» առարկայի բովանդակության մեջ, այլ նաև սովորողների ընտրությամբ գործունեությունների ցանկում ի թիվս մյուսների ներառված են կենդանիների, բույսերի խնամք և բուծումը, ռադիոտեխնիկայի և տեխնիկական այլ ստեղծագործական, դիզայներական-գրաֆիկական, մոդելավորման աշխատանքները, խոհարարական աշխատանքը և այլ արհեստները։ Տեխնոլոգիական հմտությունների յուրացումը խթանվում է դրա արդյունքը կյանքում` ծեսերի, տոների, կրթահամալիրային այլ միջոցառումների ժամանակ կիրառելու միջոցով։ Տարվա մեջ մի քանի անգամ` համապատասխան տոնական ցուցադրությունների, ցուցահանդեսների, նոր ոճի ցուցադրությունների, կրպթահամալիրային միջոցառումների ժամանակ ամփոփվում են այս ուղղությամբ աշխատանքի արդյունքները։ Տեխնոլոգիայի և արվեստի ուսուցման միջոցով և դրա արդյունքում սովորողի արտադրողական հմտություների զարգացումը ներառված է նաև մասնագիտական զարգացման ծրագրում։

Կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժական ծրագրերը և պետական աջակցությամբ իրականացվող փորձարարական մանկավարժական ծրագրերը, ուսումնական միջավայրը և ուսուցման կենտրոնները, շուրջօրյա ինտերնետ կապը լայն հնարավորություններ են ստեղծում առաջին դասարանից սկսած` ուսումնական գործունեության միջոցով սովորողների ուսումնական նախասիրությունների դրսևորման, ստեղծական և այլ ունակությունների դրսևորման ու զարգացման համար: Սովորողների ընտրությամբ գործունեության ցանկի ճշտումը, նրանցում սովորողների նախասիրությամբ նոր գործունեությունների ընդգրկումը և կազմակերպումը, 10-րդ դասարանում խորացված ուսուցման կազմակերպումը, սովորողների նախասիրությունների զարգացման ստուգատեսները, «Թվային տեխնիկական միջոցները արդյունավետ կրթության գործիք», «Ժանգոտ դդում», Տեխնիկական ստեղծագործության և ծրագրավորման, «Կենգուրու» միջազգային ստուգատեսները, սովորողների դիզայներական և տեխնոլոգիական հմտությունների արդյունքների, նորաձևության (ոճի և պարի) ցուցադրությունները կրթահամալիրում կազմակերպվող տոներին, սովորողների նախասիրությամբ ակումբները (մաթեմատիկոսների, հասարակագետների-իրավագետների, գիտակների և այլ), Ծամածռիկների թատրոնը, գրական թատրոնը, ձևավորվող ռադիոթատրոնը, կինոպոեզիան, ձևավորվող mskh.am լրատվական գործակալությունը, այդ թվում հեռուստա- և ռադիոլուրի թողարկում, համակարգում և ուղղորդում են արտակարգ ընդունակություններ դրսևորած սովորողների ուսման կազմակերպումը։ Հունվարյան ստուգատեսին 5 տարեկանից սկսած մասնակցում էր մոտ 200 սովորող, մոտ 5 տասնյակ սովորողներ, որոնք իրենց ընտրած բնագավառում ցուցաբերում են արտակարգ ընդունակություն, արժանացան ստուգատեսի սահմանված մրցանակներին և այլ հատուկ մրցանակների։ Կրթահամալիրի դասավանդողները համապատասխան բնագավառում հետաքրքրություն ցուցաբերող սովորողների համար կազմում են լրացուցիչ առաջադրանքներ, տալիս են լրացուցիչ գրականություն, հետևում են առաջադրանքների կատարմանը, և այդ աշխատանքը կրթահամալիրում հիմնականում կատարվում է հեռավար։ Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում տարվա ընթացքում ցուցադրվել է ավելի քան 300 ուսումնական նոր նյութ և նախորդ տարիների աշխատանքի մշակման արդյունք նյութեր։
2009թ. ընթացքում ըստ կարգի կազմակերպվել են սովորողների նախասիրությունների զարգացման հունվարյան ստուգատեսները և հունիսյան ստուգատեսները, ամառային ուսումնահետազոտական ճամբարը, «Հայրենյաց ճտեր» արտագնա ճամբարը։ 2009թ. կրթահամալիրի սովորողների և դասավանդողների խմբերը որոշակի նախագծերով և փոխանակման ծրագրով մասնակցել են 1-5 օր տևող 15 արշավի, եղել են հանրապետության մարզերում, այդ թվում` «Թումանյանական օրեր» հանրապետական ծրագրի շրջանակում եղել են Դսեղում, Թիֆլիսի Սայաթ-Նովայի անվան թ. 98 դպրոցի հրավերով «Թիֆլիսյան օրեր» միջոցառման շրջանակում սովորողների և դասավանդողների մի խումբ 4 օր եղել է Վրաստանում։ Բազմօրյա արշավների ժամանակ գիշերակացը կազմակերպվել է բացառապես հյուրընկալողների կողմից։ Այդ արշավների նախագծման համար և դրանց իրականացման արդյունքում ստեղծված ուսումնական նյութերը տրամադրվել են հյուրընկալող դպրոցներին և սովորողներին։ Հանրապետության մարզերի սովորողները և դասավանդողները կրթահամալիր եկել են ստուգատեսների և փառատոների, այդ թվում` «Նռան հատիկ» հանրապետական փառատոնի ժամանակ։ Հայրենագիտական արշավների և ճամփորդությունների արդյունք են տասնյակ ֆիլմ-ճամփորդությունները։
Կրթահամալիրի սովորողների մեծ մասը և բոլոր դասավանդողները տանը համացանցին միացված համակարգիչ ունեն, դա առաջացած հարցով անհապաղ դիմելու և պատասխան ստանալու հնարավորություն է տալիս սովորողներին։ Դասավանդողները հեռավար դիմում են դասարանում չքննարկված (կամ չհասցրած) նյութի, դասարանում կատարված առաջադրանքին առնչվող այլ առաջադրանքի անդրադառնալու, յուրացված նյութը ամրակայելու, լրացուցիչ գրականություն նշելու նպատակով։ Կրթահամալիրի` բաց թողած պարապմունքների լրացման կարգի համաձայն հիվանդության կամ որևէ այլ հարգելի պատճառով բացակայության դեպքում սովորողներն առաջադրանք ստանում և դրան պատասխանում են հեռավար։ Հեռավար խորհրդատվություն և ուսուցում կազմակերպվում է նաև սովորողների արձակուրդի ժամանակ։ Սովորողները հունվարյան ստուգատեսին պայմանի համաձայն մասնակցել են նախկինում չցուցադրված կամ լրամշակված նյութով և ստուգատեսին պատրաստվել են հիմնականում հեռավար առաջադրանքներ և խորհուրդներ ստանալով։
Հանրապետության հանրակրթական դպրոցի դասավանդողներին առաջարկվել է կրթահամալիրում վերապատրաստման ծրագիր, որը ներառում էր 21 դասընթաց, որոնց մոդուլներն ստեղծվել են համապատասխան ուսումնական կենտրոնների կողմից։ Ամռան ընթացքում կրթահամալիրում իրենց ընտրությամբ դասընթացներին մասնակցել է ավելի քան 80 դասավանդող։ Բոլոր մասնակիցներին դասընթացի ավարտին տրվել են կրթահամալիրում ստեղծված գրքեր, էլեկտրոնային ուսումնական նյութեր, մեթոդական նյութեր։
Տարվա ընթացքում կրթահամալիրի կայքը շարունակ բարեփոխվել է` դառնալով գրավիչ հանրապետության և արտերկրի ավելի մեծ թվով շահառուների համար։ Հայաստանի կրթական կայքերի մեջ այսօր mskh.am-ը առաջատարներից է, նրա օրական մուտքերը երբեմն գերազանցում են 400-ը։ Կրթահամալիրի մաթեմատիկայի-ծրագրավորման խորացված ուսուցման սովորողները դպրոցների, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ենթակայքերն են փոփոխել և զարգացրել, երկու տասնյակից ավելի սովորողներ ստեղծել են նոր կայքեր։ Կայքի հետ աշխատանքի շնորհիվ սովորողները մշակում են իրենց խոսքը, ձևավորում և զարգացնում լրագրողական հմտություններ, թարգմանում օտար լեզուներից, փոխադրում, սովորում են որոնել-գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, ուսումնական այլ հմտություններ ձևավորում։ Ստուգատեսին ներկայացված նոր լրատվական գործակալություն ստեղծելու նախագիծը սովորողների ակտիվ աշխատանքի արդյունքն է։ Կայքը, նրանում տեղադրված սովորողների և մանկավարժական էլեկտրոնային ամսագրերը կրթահամալիրի սովորողների ամենօրյա քննարկման առարկան են. արաջացել է կայքի կառուցվածքը փոխելու, ըստ ուսումնական բնագավառների ենթակայքեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Կայքում, այդ թվում` նախակրթարանի ենթակայքում) տեղադրված շատ նյութեր` տեղեկատվություն, թարգմանություններ, տարբեր առաջադրանքներ, երեխաների ստեղծագործություններն ու բլբլոցները ուղղված են ծնողին:
Պետական այլընտրանքային-հեղինակային մանկավարժությունն արդյունավետ իրանացնելու համար տարվա սկզբին հաստատվել է կրթահամալիրի 2009թ. կառուցվածքը, որում ներառվել է նաև նոր մեդիակենտրոնը` իր գործառույթներով, որը կարող է սպասարկել նաև այլ դպրոցների և համայնքի բնակիչներին։ Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարան ծառայությունից բացի կրթահամալիրի համայնքից (աշխատողներ, սովորողներ և նրանց ծնողներ) օգտվում են ուսուցիչներ ուրիշ դպրոցներից և հարավարևմտյան թաղամասի և քաղաքի այլ հատվածների բնակիչներ։ Գրադարանի նորացված կայքը հնավորություն է տալիս ծանոթանալու գրապահոցի բովանդակությանը (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն գրանության ցանկը, այդ թվում էլեկտրոնային, դրված է կայքում), համացանցով պատվիրել անհրաժեշտ գիրքը։ Տարվա ընթացքում արդիականացվեց գրապահոցը` որպես ուսումնական միջավայր, գրադարանը ձեռք բերեց (գնեց և նվեր ստացավ) ավելի քան 300 նոր արժեքավոր գիրք։ Կրթահամալիրի հրատարակչությունը հրատարակել է 2009թ. օրացույցը, կրթահամալիրի և ուսուցողական ծրագրերի տեղեկատվական թերթիկներ, «Ուսուցումը կրթահամալիրում 2009-2010 ուսումնական տարում» գրքույկը և նրա հավելվածը` «Ուսուցումը 10-րդ դասարանում», ուսումնական նյութերի խտասկավառակներ։ Առաջացել է փոքր տպարան, այդ թվում` էլեկտրոնային, ունենալու պահանջը։ Բացի նախատեսված մայիսյան և հոկտեմբերյան հավաքներից, «Ուսուցման թվային միջոցները` որպես արդյունավետ կրթության գործիքներ» հանրապետական բաց ստուգատեսից, կրթահամալիրը ԿԳՆ կառույցների հետ 2009թ. հուլիս-օգոստոս ամիսներին կազմակերպեց և անցկացրեց ինքնուրույն ավագ դպրոցների, հիմնական դպրոցների խնդիրներին նվիրված հանրապետական երկու կլոր սեղան, հունիսին անցկացվեց «Ժանգոտ դդում» ամենամյա առաջին փառատոնը, նոյեմբերին` «Ստվեր» հակակոռուպցիոն ցուցահանդեսը։
Լրամշակվել են կրթահամալիրում մանկավարժական, հատկապես դաստիարակների և կրտսեր դպրոցի ուսուցչի (դասվարի) թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթների կազմակերպման մոդուլները (մրցույթի անցկացման կարգ, ստուգման առաջադրանքների փաթեթ, մրցույթի մասնակիցների վերապատրաստում)։

Աշնանը կրթահամալիրը ուսուցման կազմակերպումը և արդյունքները Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացրել է հանրապետական 3 էքսպո ցուցադրության` «Դիջիտեք», «Կրթության և կարիերա», «Պան Արմենիա», կրթահամալիրի «Ծամածռիկ» թատրոնը մասնակցել է «Նռան հատիկ» հանրապետական փառատոնին, հարյուրից ավելի սովորողներ մասնակցել են «Թումանյան 140» հանրապետական միջոցառմանը, կրթահամալիրի տնօրենը, մասնագետները մեր փորձը ներկայացրել են կրթության արդիականացման և ուսուցման մեջ ՏՀՏ ներդրման հետ կապվող գիտաժողովներին և քննարկումներին։ 2009թ. կրթահամալիրը մասնակցել է «Մայքրոսոֆթի» «Նորարար դպրոց» մրցույթին և դարձել աշխարհի` ծրագրով նորարար համարվող 30 դպրոցներից մեկը և հոկտեմբերին Բրազիլիայում մասնակցել նորարար դպրոցների հավաքին։ Կնքվել է համաձայնագիր «Մայքրոսոֆթի» և կրթահամալիրի միջև։ Ծրագրով կրթահամալիրը պարբերաբար մասնակցում է նաև նորարար դպրոցների «վիրտուալ համալսարանի» պարապմունքներին։ Կրթահամալիրն ուսուցչների նորարարության փորձը ծավալուն ներկայացվել է նորարար ուսուցիչների հանրապետական ֆորումին։ Այդ մասին բոլոր տեղեկությունները կան կրթահամալիրի կայքի նորարար դպրոցների էջում։ ՀՀ ԿԳ և սփյուռքի նախարությունների գիտությամբ կնքվել է համաձայնագիր կրթահամալիրի և Վրաստանի Թիֆլիս քաղաքի թ. 98 դպրոցի հետ. դասավանդողների-սովորողների խմբերը ակտիվ համագործակցում են, կազմակերպվում են փոխայլցելություններ։ Կրթահամալիրի կազմակերպած բոլոր հանրապետական հավաքների և ստուգատեսների, «Դպիր» էլեկտրոնային ամսագրի, վերապատրաստվող մանկավարժների միջոցով փոխանցվող էլեկտրոնային գրականության, կրթահամալիրի` այլոց կազմակերպած միջոցառումների (ցուցահանդես, ցուցադրություն, գիտաժողով և այլն) մասնակցության միջոցով պետական այլընտրանքային-հեղինակային մանկավարժությունն ավելի բաց, հասկանալի և հետաքրքիր է դառնում բոլորի համար։ 2009թ. ընթացքում ավելի շատ մարդ է մասնակել մեր հրավիրած քննարկումներին և հավաքներին, հանրապետական և միջազգային ստուգատեսներին։ Հոկտեմբերյան բաց փորձաքննության ժամանակ կրթահամալիրում իրականացվող ծրագրերի փորձաքննությանը մասնակցել են փոձագետներ ԿԳ նախարարության առանձնացված ստորաբաժանումներից (ԿԱԻ, ԿՏԱԿ, ՄԿՈԱԱԿ, ՄԿՈՒԶԱԿ), բուհերի (մանկավարժական համալսարան, ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտ), նախադպրոցական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների աշխատողներ, ծնողներ, լրագրողներ, մանկավարժական մասնագիտական ուսուցման հաստատության ուսանողներ։ Ծրագրի գնահատումն է նաև այն հանգամանքը, որ կրթահամալիրը համատեղ ծրագրեր է նախաձեռնել և իրականացնում է Մայքրոսոֆթի, Ֆիրմա Ալֆա-ի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, «Նեյշնըլ ինստրումենտ քորփորեյշն»-ի, «Փուլ» ՍՊԸ-ի, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, հանրային ռադիոյի հետ։ Կրթահամալիրի հետ համագործակցում և ծրագրի իրականացմանն աջակցում են հասարակական կազմակերպություններ (Հավատ, Վորլդ Վիժըն Հայաստան, Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոն և այլ)։
Կրթահամալիրում իրականացվող նախադպրոցական այլընտրանքային կրթության հանրապետական ծրագիրը մշակել, իրականացրել, լրամշակել և հրատարակել է նախադպրոցական կրթության համալիր ծրագիր, ծրագրի զարգացնող նյութերի ժողովածուներ (տպագիր և էլեկտրոնային), տարբեր վերապատրաստումների մոդուլներ, իրականացրել է նախադպրոցական կրթությանը վերաբերող մի շարք նոր նախագծեր: Գործել է Ծրագրի կայքը, հրատարակվել է «Նախակրթարան» էլեկտրոնային պարբերականը: Կրթահամալիրի 4 կրտսեր դպրոցների կազմում Ծրագրով իրականացվում է 2-6 տարեկանների խնամք և զարգացում: Գործող 4 նախակրթարաները ծառայում են որպես Ծրագրի իրականացման, անընդհատ զարգացման, մասնագետների վերապատրաստումների մոդել-միջավայր: Գործում են 5 տարեկանների նախապատրաստական 3 մոդել խմբեր, որոնց պահպանման ծախսերը կատարվել են կրթահամալիրում իրականացվող ուսուցողական ծրագրերով։ Այս խմբերը իրական միջավայր են եղել հանրապետության նախադպրոցական հաստատությունների մասնագետների, ղեկավարների, կրտսեր դպրոցների դասվարների և ղեկավարների 2009թ վերապատրաստումների, 5 տարեկանների մեկամյա ուսուցման ենթածրագրի ստեղծման և մշակման համար: Սաների համար ստեղծված է հիգիենիկ, զարգացնող, անվտանգ միջավայր: Ըստ Ծրագրի մշակած նախագծերի նախակրթարանային միջավայրն անընդհատ զարգացվում և հարստացվում է` դառնալով ավելի ամբողջական և գրավիչ: Շարունակվել է խմբասենյակների, խաղահրապարակների կահավորումը: Բոլոր նախակրթարաններն ունեն իրենց ամառային լողափերը, որտեղ կազմակերպվում է սաների ամառայի գործունեությունը, որի մեջ մտնում է սաների պարտադիր լոցուսուցումը: Բ-4 դպրոց պարտեզում գործում է փակ լողավազան, որի ծառայություններից օգվում են նաև նախակրթարանների սաները: Հայաստանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտի մասնագետների աջակցությամբ կրթահամալիրի նախակրթարանների նախապատրաստական խմբերում լողուսուցումը և մարմնամարզությունը փորձարկվել են որպես սաների զարգացման կազմակերպման բաղադրիչ: Ստեղծվել են խաղեր, պիտույքներ, այլ միջոցներ` սաների գործունեությունը ավելի բազմազան և արդյունավետ դարձնելու համար:
Հանրապետության նախադպրոցական հաստատությունների մանկավարժական և ղեկավար աշխատողների վերապատրաստումներն իրականացնելու նպատակով ստեղծվել է հետազոտական ինքնուրույն, ամբողջական կառույց` իր հաստատություններով, մասնագետներով, վերապատրաստող դաստիարակներով, ծառայություններով, միջավայրով, տպագիր և էլեկտրոնային ծրագրային նյութերով: Վերապատրաստվող յուրաքանչյուր խմբի համար կազմվել է համապատասխան մոդուլ և աշխատակարգ: Վերապատրաստումների մոդուլներում մեծ տեղ է հատկացվել ՏՀՏ հմտությունների զարգացմանը, վերապատրաստումների ժամանակ կայքի նյութերը օգտագործվել են որպես ուսուցողական, դիդակտիկ, մեթոդական նյութեր: Իրենք` վերապատրաստվողները մասնակցել են կայքի նյութերի ստեղծման աշխատանքներին, կայքում տեղադրվել են նրանց ստեղծած նյութերը` նկարներ, ռոդարիական ստեղծագործություններ, տպավորություններ, ակնարկներ: Դա թույլ է տվել մեծացնել նաև կրթահամալիրում ստեղծված էլեկտրոնային նյութերից (այդ թվում` կայքից) օգտվողների թիվը:Կատարված բոլոր աշխատանքների հաշվետվությունները սահմանված կարգով ներկայացվել են ԿԳ նախարարություն: Վերապատրաստումների, դրանց հաշվետու ամփոփումների մասին տեղեկություններ են տրվել Ծրագրի կայքի, ԶԼՄ-ների միջոցով` Հ-1, Հ-2, «Կենտրոն», «Մշակույթ», «Հայրենիք» հեռուստաընկերություններ, «Առավոտ», «Կրթություն», «Կանչ» թերթեր: Ստեղծվել են վերապատրաստումները լուսաբանող ֆոտոֆիլմեր և տեսաֆիլմեր: Երաժշտության դաստիարակների վերապատրաստումների արդյունքում ստեղծվել են հանրապետության մանկապարտեզների երաժիշտ-դաստիարակների երգչախմբեր:
2009թ. Ծրագիրն իրականացրել է 11 վերապատրաստում, որին մասնակցել է 15 խումբ: Վերապատրաստումները կազմակերպվել են ըստ Ծրագրի ժամանակացույցի, խմբերը ձևավորվել են կրթության բաժինների և հաստատությունների ղեկավարների հայտերի համաձայն` Շիրակի մարզի դպրոցների տնօրեններ, նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, երաժշտության մասնագետներ, դաստիարակներ, 5 տարեկանների նախապատրաստական խմբերի մասնագետներ և դասվարներ: Վերապատրաստումներին մասնակցել են Ծրագրին դիմած 37 գործազուրկ մանկավարժներ, ծնողներ, ուսանողներ, այլ մասնագետներ (կամավորներ): Վերապատրաստումներից հետո գործազուրկների մի խումբ Ծրագրի աջակցությամբ աշխատանքի է տեղավորվել: Վերապատրաստումներին մասնակցել են Երևան քաղաքի, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերի նախադպրոցական և կրտսեր դպրոցական հաստատությունների 393 մասնագետներ: Համագործակցությունը Երևանի վարչական կենտրոնների և ՀՀ մարզերի կրթության բաժինների հետ շարունակվում է:
Իրականացվել են հետևյալ վերապատրաստումները` 2-5 տարեկանների մանկավարժ-մասնագետների, նախակրթարանների երաժշտության դաստիարակների, նախադպրոցական հաստատությունների ղեկավարների, «Նախնական ուսուցումը` որպես 5 տարեկանների ծրագրված զարգացման արդյունք», նախակրթարանների նախապատրաստական խմբերի դաստիարակների, 5 տարեկանների մեկամյա ուսուցման խմբերի գործունեությունը կրտսեր դպրոցների կազմում։
Ստեղծվել, փորձարկվել, լրամշակվել են վերապատրաստումների ամբողջական մոդուլներ և դրանցում նեղ մասնագիտական բաղկացուցիչների մոդուլներ` ՏՀՏ հմտությունների կիրառում և փոխանցում, «Երևակայության քերականություն», տեխնոլոգիական հմտությունների ձևավորման ևզարգացման հմտությունների, «Երեխայի զարգացման կենտրոն», «Երգն ու պարը նախակրթարանում», երաժշտական, ասերգային, ազգային, մարզական և այլ խաղերի։
Ամեն շաբաթ օր կազմակերպվում են դաստիարակի մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքներ, որոնց բացի կրթահամալիրի աշխատողներից մասնակցում են նաև այլ մանկապարտեզների մասնագետներ, կամավորներ: Վերապատրաստումներից բացի Ծրագիրը կազմակերպել է նախադպրոցական կրթության տարբեր մասնագետների մասնագիտական զարգացման ընթացիկ աշխատանքներ, նախադպրոցական հաստատություններն ապահովել է անհրաժեշտ ծրագրերով, ուսումնական ժողովածուներով, ձայնագրություններով և տեսագրություններքով, մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերել, ապահովել է կապը նախադպրոցական տարբեր հաստատությունների միջև, համատեղ նախագծեր է իրականացրել մի շարք հաստատություններում, կազմակերպել է նախադպրոցական հաստատությունների մասնագետների ՏՀՏ ուսուցում:

Ծրագրի նախակրթարանների դաստիարակներն ու մասնագետները Ծրագրի պատվերով հետազոտական աշխատանքներ են կատարել, աշխատել են Ծրագրի ամբողջացման, զարգացման նյութերի, սաների գործունեության կազմակերպման տարբեր նախագծերի ստեղծման, ծնողի իրազեկման և ընտանեկան կրթության նյութերի վրա: Լրամշակվել և վերահրատարակվել է «Նախադպրոցականի զարգացումը նախակրթարանում» 2-6 տարեկանների զարգացման ծրագիրը:
Փորձարկվել, լրամշակվել և ամբողջացվել են նախադպրոցական հաստատությունների մասնագետների տարաբնույթ վերապատրաստումների մոդուլները, մշակվել են նեղ մասնագիտական (երաժշտություն, տեխնոլոգիա, բանավոր խոսքի և ստեղծագործական երևակայության զարգացում) վերապատրաստումների մոդուլներ: Ստեղծվել, փորձարկվել և լրամշակվում է երաժշտական, ծիսական, ասերգային, տարաբնույթ այլ մանկական խաղերի հավաքանի: Առանձին CD-ով ձայնագրվել են ծրագրային–ծիսական երգերի մեծ խումբ: Ազգային ծեսերի, մանկական տոների իրականացման արդյունքում լրամշակվել, ավելի ամբողջական ու հետաքրքիր է դարձել «Մանկան տոնացույցը»: Ստեղծվել և լրամշակվում-ամբողջացվում է «Հին իրերին` նոր կյանք» գրքույկը, որը վերաբերում է տեխնոլոգիայի կիրառմանը նախակրթարանում և կրտսեր դպրոցում: Ստեղծվել են ամառային լողափերի հետ կապված աշխատանքային նախագծեր:
Ստեղծվել են նյութեր երեխաների և ծնողների ընտանեկան կրթությունը կազմակերպելու համար, որոնք հրատարակվել են Ծրագրի կայքում և «Նախակրթարան» պարբերականում:
«Նախնական ուսուցումը` որպես 5 տարեկանների ծրագրված զարգացման արդյունք» ենթածրագրի իրագործման ընթացքում մշակվել, փորձարկվել և լրամշակվում է 5 տարեկանների մեկամյա ուսուցման փաթեթը` աշխատանքային նախագծերով, անհրաժեշտ նյութերով, աշխատանքային նմուշներով: Կրթահամալիրի կրտսեր դպրոցների կայքերում 5 տարեկանների մեկամյա ուսուցման խմբերն իրենց առանձին էջերն ունեն: Ծրագիրը ակտիվորեն մասնակցել է ՀՀ մանկավարժական քոլեջների ուսուցման չափորոշիչների, գնահատման միջոցների ստեղծման աշխատանքներին:
Շարունակվել է ընտանեկան կրթության նախագծի փորձարկումն ու լրամշակումը, այդ ուղղությամբ ստեղծված նյութերը հրատարակվել են Ծրագրի կայքում, «Նախակրթարան» ամսագրում:
Բոլոր դաստիարակները պարբերաբար կազմակերպել են ծնողական սեմինարներ, որոնց մասնակցել են նաև «Երեխայի զարգացման կենտրոնի», Ծրագրի մասնագետները: Սեմինարների մասին տեղեկատվություն է տրվել կրթահամալիրի կամ Ծրագրի կայքում:
Ծնողները մասնակցել են նաև Ծրագրի վերապատրաստումներին, ոչ միայն որպես վերապատրաստվողներ. նրանք մասնակցել են երեխաների գործունեության կազմակերպումը ներկայացնելուն, մանկավարժական քննարկումներին: Տարբեր խմբերում ծնողները ՏՀՏ կիրառմամբ հատուկ նախագծեր են իրականացրել, մասնակցել են իրենց երեխաների գործունեության կազմակերպմանը` տոներ, ծեսեր, ծառատունկեր, բակերի խնամք, կանաչապատում, ճամփորդություններ, ՏՀՏ միջոցների ձեռքբերում, կիրառում: Առանձին CD-ով ձայանագրվել և ծնողներին է տրամադրվել ծրագրային երգերի մի շարք: Դաստիարակների ստեղծած էլեկտրոնային նյութերը և ֆիլմերը ևս տրամադրվել են ընտանիքներին: Նախակրթարանների ծնողները ունեն «Ծուղրուղու» ժողովածուն, որի նյութերը նրանք յուրացնում են իրենց երեխաների հետ, դա էլ իր հերթին հեշտացնում, ավելի արդյունավետ է դարձնում դաստիարակի և ծնողի համագործակցությունը Ծրագրի շրջանակներում: «Երեխայի զարգացման ծառայությունների կենտրոնը» ներառական կրթություն է իրականացրել նախակրթարաններում: Կենտրոնի մասնագետները (հոգեբան, արատաբան, հատուկ մանկավարժ, սոցիոլոգ) մասնագիտական սեմինարներ են վարել վերապատրաստումների մասնակիցների, նախակրթարանների և կրտսեր դպրոցի ծնողների, ուսուցիչների համար: Մասնակցել են «Ծնողի իրազեկման դպրոց» նախագծի իրականացմանը, կազմակերպել է Ծնողի իրազեկման դպրոցի պարապմունքներ: Խորհրդատվություն և մասնագիտական օգնություն են իրականցրել ոչ միայն կրթահամալիրի, այլև Երևան քաղաքի այլ նախակրթարանների և անհատ անձանց համար: Մասնագետները կրթահամալիրի նախակրթարաններում աշխատել են երեխաների, այդ թվում` հատուկ կարիքով, նրանց ծնողների և դաստիարակների հետ: Հետազոտական աշխատանքներ են կատարել Ծրագրի կայքի և «Նախակրթարան» պարբերականի համար: Ծրագրի պատվերով մի շարք հետազոտություններ է իրականացվել:
2009թ. «Դպիր» և «Նախակրթարան» պարբերականները շարունակել են թարգմանաբար ներկայացնել աշխարհի դպրոցները, նախակրթարանները, սովորողների օժտվածության բացահայտման և զարգացման վերաբերյալ և այլ մեթոդական հոդվածներ, ուսումնական նյութեր գրականությունից` Վոլտերի «Բաբելոնի արքայադուստրը», հարավկովկասյան գրողների պատմվածքներ և այլն, հրատարակվում են Դ. Լիխաչյովի «Նամակներ երիտասարդ ընթերցողներին», Ա. Խինչինի «Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին», Ֆրենեի «Մանկավարժական ինվարիանտներ», Մոնտեսորիի «Մանկան տուն», Հեգելի «Գիմնազիայի տնօրենի ճառերը» գրքերը։ «Նախակրթարան»-ում հրատարակվել են Դ. Սոկոլովի «Հեքիաթներ և հեքիաթաթերապիա», Վ. Լևիի «Ինչպես դաստիարակել ծնողներին» գրքերը: 2009թ. հրատարակվել են կրթահամալիրում դասավանդողների ստեղծած «Իմ բառարանը» (Մ. Նիկողոսյան), «Ավարտական և միասնական քննությունների թեստեր մաթեմատիկայից», 2-րդ մաս, (Նիկիտա Պողոսյան), «Ֆիզիկայից գիտելիքների ստուգման առաջադրանքներ», 2-րդ մաս (Գայանե Մխիթարյան) գրքերը։ «Նախակրթարան»-ում նաև ընտանեկան կրթության կազմակերպմանն ու ծնողի ինքնակրթությանն ուղղված հատուկ շարք է հրատարակվում:
2009թ. որպես պետական աջակցություն հատկացված բյուջետային միջոցները (94,340 մլն) ուղղվել են Ծրագրի իրագործմանը։ Ծրագրի ֆինանսական հաշվետվությունը սահմանված կարգով ներկայացվել է։ Ծրագրի խնդիրների իրագործմանն ուղղվել են նաև սովորողի թվով պետական ֆինանսավորման 10%-ը (մասնագիտական զարգացման ծախսերի համար), ինչպես նաև հեղինակային մանկավարժության այլ շահառուների ներդրումները (ոչ բյուջետային միջոցներ)։ Ուսումնառության պայմանագրերով պետական ֆինանսավորմամբ չնախատեսված (լրացուցիչ) ծառայությունների համար ծնողական լրավճարները 2009թ. կազմել են 80,240 մլն դրամ` 2008թ.-ի 70,8-ի համեմատ։ Նախադպրոցական ծառայությունների համար 2009թ. ծնողական լրավճարները կազմել են 13,970 մլն դրամ (2008թ համեմատ աճել են 23%-ով)։ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրով դասավանդողների վերապատրաստման համար Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի միջոցով ստացվել է 4,135 մլն դրամ։ «ՌՈՒՍԱԼ»-ի դրամաշնորհային ներդրումը «Մաքուր համայնք» ծրագրի իրականացման համար 1 մլն դրամ: «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ներդրումը սովորողների տեխնիկական ստեղծագործական հմտությունների զարգացման համար եղել է 667,762 հազար դրամ։ Ծրագրի իրականացման համար և դրա արդյունքում այլ ներդրումները կազմել են 2,587 մլն դրամ։ 2009թ. կրթահամալիրի ոչ բյուջետային եկամուտների (տարածքների վարձակալություն, գույքի վաճառք և այլն) մի մասը նույնպես ուղղվել է ծրագրի խնդիրների լուծմանը։

2009թ. ծրագրի իրականացման ցուցանիշներ
1. Ծրագրի փորձարկման և վերապատրաստման նախակրթարանային 2-5 տարեկանների խմբերի պահպանում կրթահամալիրի կրտսեր դպրոցների կազմում ծրագրի միջոցներով - 8 խումբ, 170 սան, և 5-6 տարեկանների պատեզից դպրոց անցման գիտափորձի խմբերի պահպանում ուսուցողական ծրագրերի պետական ֆինանսավորմամբ - 3 խումբ, 68 սովորող
2. Հանրապետության նախադպրոցական հաստատությունների մանկավարժական և այլ աշխատողների վերապատրաստում - 16 խումբ, 393 մարդ, այդ թվում`
Դպրոցների տնօրեններ -1 խումբ, 23 մարդ
Նախադպրոցական հաստատությունների ղեկավար աշխատողներ - 3 խումբ, 63 մարդ
Երաժշտության դաստիարակներ - 2 խումբ, 59 մարդ
դաստիարակներ - 10 խումբ, 211 մարդ
կամավորներ (գործազուրկ մանկավարժներ, ծնողներ, ուսանողներ, այլ մասնագետներ) -37 մարդ
3. Հանրակրթական դպրոցների դասավանդողների վերապատրաստում հեղինակային մանկավարժության ծրագրերով – 80 ուսուցիչ
4. Մասնագիտական զարգացման դասընթացների ծրագրեր (մոդուլներ) – 31 դասընթաց
5. Թարգմանված և հրապարակված
Ֆրենե «Մանկավարժական ինվարիանտներ»
Մոնտեսորիի «Մանկան տուն»
Հեգելի «Գիմնազիայի տնօրենի ճառերը»
Դ. Սոկոլով «Հեքիաթներ և հեքիաթաթերապիա»
Վ. Լևի «Ինչպես դաստիարակել ծնողներին»
Վոլտեր «Բաբելոնի արքայադուստրը»
Դ. Լիխաչյով «Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
Ա. Խինչին «Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»
պատմվածքներ, այլ հեքիաթներ (ավելի քան 10)
մեթոդական մշակումներ և այլ երկրների մանկավարժական փորձը ներկայացնող հոդվածներ (ավելի քան 20)
6. Կրթահամալիրի աշխատողների հրապարակած մեթոդական մշակումներ և ուսումնական նյութեր - ավելի քան 100
7. Հանրապետական ԶԼՄ-ներում կրթահամալիրի մասին հրապարակումներ և կրթահամալիրի աշխատողների հոդվածներ, հարցազրույցներ – մոտ 50
8. Կրթահամալիրի կայքի հրապարակված էջերի քանակը` մոտ 3200
ենթակայքերի էջերի քանակը` ավելի քան 2000
9. Մանկավարժական էլեկտրոնային պարբերականներ (Դպիր, Նախակրթարան) – 2
10. Սովորողների էլեկտրոնային պարբերականներ - 6
11. Ցուցադրված մեդիանյութեր - ավելի քան 700
12. Հրապարակված խտասկավառակներ - ավելի քան 10 անուն
13. Հրապարակված գրքեր և ուղեցույցներ – 4 անուն
14. Հայրենագիտական բազմօրյա արշավներ – 15
15. Ուսումնական ճամփորդություններ – ավելի քան 200
16. Ոչ բյուջետային ներդրումներ հեղինակային մանկավարժության զարգացման համար – 101,602 մլն. դրամ, այդ թվում`
Պայմանագրային վճարներ լրացուցիչ հանրակրթական կրթական ծառայությունների – 80,242 մլն դրամ
Պայմանագրային վճարներ լրացուցիչ նախադպրոցական ծառայությունների համար – 13,970 մլն դրամ
Այլ ծրագրերի ներդրումներ – 4,803 մլն դրամ
Նպատակային այլ ներդրումներ - 2,587 մլն դրամ
17. Հանրապետական ստուգատեսներին մասնակցած մեծահասակներ – 3 ստուգատես, 450 մարդ
18. Հանրապետական ստուգատեսներին մասնակցած սովորողներ – 3 ստուգատես, 3200 սովորող

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հեղինակային մանկավարժության կենտրոնի ղեկավար ` Ս. Մարկոսյան